Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ժողովրդական բժշկությունն արյան շրջանառության խանգարման դեպքում
Հենց արյան շրջանառության խանգարման պատճառով է, որ առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը: Նման հիվանդությունների առաջին իսկ ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:
Բոլորին է հայտնի, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ եւ նպաստում են, որպեսզի օրգանիզմը մաքրվի տոքսիններից:
Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ առկա է փորլուծություն, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով ընդունել գազարի հյութ: Որպես կանոն, գազարի հյութն ընդունում են առաջին եւ երկրորդ կարգի երակների լայնացում ունեցողներին բուժելու նպատակով` ընդունելով օրը 200մլ, ուտելուց 30 րոպե առաջ: Բազուկի հյութը լավացնում է արյան բաղադրությունը: Այս հյութը համարվում է արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար պրոֆիլակտիկ միջոց: Այս դեպքում բազուկի հյութն ընդունում են մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ: Երակների լայնացման դեպքում արդյունավետ միջոց է հանդիսանում գազարի եւ շպինատի հյութերի խառնուրդը: Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը` ոչ միայն սննդի տեսքով:
1 ճաշի գդալ կալենդուլայի ծաղիկները լցնել 1 բաժակ եռջրի մեջ եւ թրմել 20 րոպե: Այնուհետեւ քամել, խառնել 1 ճաշի գդալ մեղր եւ ընդունել` 2 ճաշի գդալից, օրը 3 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ: Նման հիվանդությունների դեպքում պետք է հետեւել սննդակարգին` սահմանափակել շաքարի, կենդանական յուղերի, ճարպերի եւ նման այլ մթերքների օգտագործումը:
Խնձորը, ծովաբողկը, սխտորը, ծովակաղամբը, մասուրի հյութը մաքրում են անոթները աթերոսկլերոտիկ վահանակներից:
Թրոմբոֆլեբիտի դեպքում 1 ճաշի գդալ ալոէի աղացած տերեւը խառնել 1 ճաշի գդալ հալած մեղրի հետ, ստացված խառնուրդը հավասար շերտով դնել թանզիֆի վրա եւ դնել ցավող հատվածին եւ պահել 10 րոպե: Այս պրոցեդուրան կատարել օրը
1 անգամ, 10 օր շարունակ: Նման հիվանդներին շատ օգտակար է լողը, հեծանվասպորտը եւ ոտքով զբոսանքը:
Ժողովրդական միջոցներ` քրտնարտադրության դեմ
Առավոտյան մաշկի առատ քրտնող հատվածները պետք է լվանալ օճառով, հետո սրբել կերակրի սոդայի լուծույթով: Կարելի է նաեւ մարմնի շատ քրտնող հատվածները մի քանի օր շարունակ լվանալ կանթեղախոտի լուծույթով: Հոտի բացակայությունը երաշխավորվում է ամբողջ օրվա ընթացքում: Իսկ եթե այս միջոցները չեն օգնում, անպայման անհրաժեշտ է դիմել բժիշկ նյարդաբանի, քանի որ դա կարող է կապված լինել նյարդային համակարգի լարվածության հետ:
Ժողովրդական միջոցներ` աչքերի տակ գոյացած պարկերի դեմ
Դրա համար անհրաժեշտ է մաղադանոսի թեւերը մանր կտրատել եւ դնել կոպերի վրա, վրայից ծածկելով թանզիֆով:
Կարելի է նաեւ 1 թեյի գդալ եղեսպակի վրա լցնել կես բաժակ եռջուր եւ թրմել 10 րոպե, քամել եւ բաժանել 2 մասի` տաք եւ սառը, եւ հաջորդականությամբ թրջոցներ դնել` տաք եւ սառը, շարունակել 10 րոպե քնից առաջ: Ընդհանրապես այտուցների ժամանակ խորհուրդ չի տրվում խմել միզամուղ հեղուկներ: