– Պարոն Նավասարդյան, ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է հայ հասարակությունն ընկալում եվրոպական արժեքները: Համամի՞տ եք այն տեսակետի հետ, որ մենք ավելի շատ ասիացի ենք, քան եվրոպացի:
– Մենք Եվրոպան շատ սահմանափակ ձեւով ենք պատկերացնում եւ հաշվի չենք առնում, որ այն բավականին բազմազան է: Եթե մենք մի քիչ լայն պատկերացնենք Եվրոպան, ապա մեզ համար մի քիչ ավելի վախենալու չի լինի եվրոպացի համարվելը: Իսկ ինչ վերաբերում է ասիացի թե եվրոպացի լինելու մասին բանավեճին, ապա ես դրանում որեւէ իմաստ չեմ տեսնում, որովհետեւ ասիական որեւէ երկրի հետ մենք ավելի նմանություններ չունենք, քան Եվրոպայի արեւելյան կամ հարավային մասերի հետ: Բացի մեր կարծրատիպերից, մենք որեւէ խոչընդոտ կամ արգելք չունենք եվրոպացի համարվելու կամ դառնալու համար:
– Չե՞ք կարծում, որ հենց այդ կարծրատիպերն են շատ խորը արմատավորված մեր հասարակության մեջ, եւ դրանք էլ խանգարում են այդ գործընթացին:
– Ասելով կարծրատիպեր, ես առաջին հերթին նկատի ունեմ այն, որ մեզ մոտ կա եվրոպացիների մասին: Եթե խոսքը սոցիալական, քաղաքական կամ որեւէ կարծրատիպերի մասին է, ապա եվրոպացին էլ կարող է իր կարծրատիպերն ունենալ: Այսինքն` դա երբեւէ չի կարող խոչընդոտ լինել Եվրոպայի մաս կազմելու համար: Բայց եվրոպացի հասկացության մասին մեր կարծրատիպերն իրոք լուրջ արգելքներ են ստեղծում, եւ հենց դա է, որ պետք է հաղթահարվի: Ինձ թվում է, այդ կարծրատիպերն առաջին հերթին մեր մեկուսացված լինելու հետեւանքն են: Մեր բնակչության մեծ մասն ընդհանրապես երկրից դուրս չի եկել: Եթե դու չես շփվում, եթե ընդհանրություններ չես գտնում այլ հասարակությունների ներկայացուցիչների հետ, քեզ թվում է` դու այնպիսի տարբերություններ ունես ուրիշների նկատմամբ եւ այնքան յուրահատուկ ես, որ որեւէ այլ մեծ հանրության, համայնքի մեջ չես կարողանում քեզ պատկերացնել: Մենք ուղղակի չհասկանալով, չպատկերացնելով, թե ինչ է Եվրոպան, մեզ համար ստեղծել ենք մի ընդհանուր կարծրատիպ Եվրոպայի մասին: Բայց իրականում Եվրոպան շատ բազմազան է, եւ Եվրոպայի` որպես ազգերի միավորման արժեքներից մեկը, հենց այդ բազմազանությունը պահպանելն է: Այդ կարծրատիպերը հաղթահարելու համար առաջին հերթին պետք է ծանոթանալ Եվրոպայի հետ: Այստեղ, իհարկե, մեծ դեր կարող են ունենալ ԶԼՄ-ները եւ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որի մեջ մենք նոր ենք մտնում: «Արեւելյան գործընկերության» չորս հիմնական ուղղություններից մեկը հենց մարդկային շփումներն են, որոնք պիտի օգնեն մեզ հասկանալու` ինչ է Եվրոպան:
– Ո՞րն է եվրոպական արժեքների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառը` իշխանությունների գործելաո՞ճը, եվրոպական կառույցների աշխատա՞նքը, թե՞,,,
– Բնականաբար, այստեղ իշխանության խնդիրը կա, քանի որ երբ ներքաղաքական խնդիրների պատճառով բազմաթիվ անգամներ մեզ քննադատության էին ենթարկում եվրոպական եւ միջազգային տարբեր կառույցներում` որպես պաշտպանվելու միջոց կամ փաստարկ հայտարարվում էր, թե` մենք այլ մենթալիտետ ունենք, մենք ուրիշ ենք..: Դա զուտ պաշտպանվողական բնազդի արտահայտում էր մեր իշխանությունների կողմից, եւ քարոզչության ձեւով դա մտնում էր նաեւ ցանկացած մարդու գիտակցության մեջ: Բայց ես դրա համար միայն իշխանությանը չէի ցանկանա մեղադրել. նույնն անում են նաեւ քաղաքական շատ այլ ուժեր: Ասենք, երբ իշխանությունը եվրոպական կառույցների հետ համագործակցության հերթական ինչ-որ փաստաթուղթն է ստորագրում, քաղաքական տարբեր ուժեր` քննադատելով իշխանությանը, սկսում են քննադատել նաեւ այդ փաստաթուղթը կամ համաձայնագիրը` միաժամանակ վարկաբեկելով Եվրոպան, եվրոպական կառույցները: Մեր պատկերացմամբ` հենց դառնում ենք ԵՄ անդամ, անմիջապես մեր ընտանեկան բոլոր կապերը, ավանդույթները քանդվում են: Բոլորովին այդպես չէ:
– Նոյեմբերի 16-17-ին Դուք մասնակցել եք ԵՄ-ի` «Արեւելյան գործընկերության ծրագրի»` Բրյուսելում կայացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքին: Այդ եւ այլ ծրագրերը կարո՞ղ են ազդել հասարակական ընկալման վրա:
– Այդ ֆորումը մի քիչ հատուկ միջոցառում էր եւ ճանաչողական նշանակություն ուներ: Շատ օգտակար էր այն: Օգտակար են նաեւ լրագրողների համար կազմակերպվող ծրագրերը: Լրագրողների եվրոպական ցանց ծրագիր կար, որտեղ ներգրավված էին նաեւ լրագրողներ ՀՀ-ից, ովքեր մի քանի ճանաչողական այցելություններ կատարեցին եվրոպական երկրներ, կառույցներ, որպեսզի ավելի լավ ճանաչեն Եվրոպան եւ ԵՄ-ն, եւ, իհարկե, իրենց միջոցով էլ` հասարակությունը: Ինչ վերաբերում է ֆորումին, ապա նշեմ, որ դրան հրավիրվել էին մասնակցելու այն մարդիկ, ովքեր համոզված են, որ ՀՀ-ն Եվրոպայի մաս է: Փաստորեն, «Արեւելյան գործընկերությունը» առաջին եվրոպական ծրագիրն է, որն իրականացվում է որեւէ երկրում, եւ առաջին անգամ ԵՄ-ն ինստիտուցիոնալիզացնում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը որեւէ ծրագրում: Եթե նախորդ բոլոր ծրագրերում քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկալի էր, ապա այստեղ պարտադիր է: Բրյուսելում կայացած առաջին քաղաքացիական ֆորումը հստակ փաստաթղթեր մշակեց: Չորս առաջարկություններ մշակվեցին, որոնք համապատասխանում են չորս պլատֆորմների, որոնց շրջանակներում համագործակցելու են Հայաստանը եւ ԵՄ-ն: Դրանք առաջին առաջարկություններն էին, որոնք կանխորոշում են` համագործակցության ինչպիսի բովանդակություն պետք է ունենան «Արեւելյան գործընկերության ծրագրի» շրջանակներում ԵՄ-ն եւ վեց գործընկեր երկրները: Այլ փաստաթուղթ պետական մակարդակով դեռեւս չկա: Այսինքն` քաղաքացիական հասարակությունն ավելի շուտ է սկսում աշխատել այդ ուղղությամբ, քան պաշտոնական կառույցները, ինչը Եվրահանձնաժողովի ցանկությունն է: Եվ եթե այդ ֆորումը կարողանա արդյունավետ աշխատել, ապա իր ազդեցությունն օրակարգի ձեւավորման եւ մշակման մեջ հսկայական կարող է լինել: Որովհետեւ, եթե այսօր խորհրդարանում հավաքվում են մարդիկ, գալիս է կառավարությունը, ասում են` այս կարգի գործունեություն պետք է ծավալեք ԵՄ-ի հետ, բոլորը քվեարկում են, իսկ եթե դուք պատկերացնեք, թե ինչպիսի լուրջ քննարկումներ են տեղի ունենում այդ ֆորումում, եւ թե ինչպիսի լուրջ փաստաթղթեր են այս չորս առաջարկները, կհամոզվեք, որ այն բացառելու է մակերեսային եւ ոչ պատասխանատու վերաբերմունքը այդ համագործակցության նկատմամբ: