Զսպողական մեխանիզմներ՝ դեղորայքի բիզնեսով զբաղվողների համար

25/12/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

– Թերեւս սկսենք հենց այն հարցից, որն այսօր ամենից շատ է անհանգստացնում ազգաբնակչությանը։ Ինչպիսի՞ն է իրավիճակը՝ կապված խոզի գրիպի հետ, ի՞նչ քայլեր են կատարվում դրա տարածումը կանխարգելելու համար։

– Լրջագույն կազմակերպչական միջոցառումներ ենք իրականացնում։ Լայնածավալ իրազեկման աշխատանք է արված, ապահովված է անհրաժեշտ քանակությամբ դեղորայք, մասնավորապես՝ «Տամիֆլյու», որը պատվիրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Հունվարի վերջին կապահովվենք պատվաստանյութերով։ Ներկայումս հավաքում ենք բժշկական ինֆորմացիա՝ դրանց արդյունավետության եւ անվտանգության վերաբերյալ, որպեսզի կարողանանք այնպիսի պատվաստանյութ ներկրել Հայաստան, որ լինի անվտանգ մեր ազգաբնակչության՝ հատկապես մայրերի, հղի կանանց համար եւ երեխաների համար։

– Որտեղի՞ց է ներկրվելու պատվաստանյութը։

– Եվրոպայից։ Հիմնականում ֆրանսիական դեղորայք է, որը գրեթե կողմնակի ազդեցություն չունի՝ ինչպես նշում են համապատասխան երկրների բուժհաստատությունները։ Օրինակ՝ Շվեդիայում երկու միլիոնից ավելի մարդ պատվաստվել է, Ֆինլանդիայում՝ հինգ միլիոն։ Նրանց տրամադրած տվյալներով՝ լուրջ բարդություններ գրեթե չեն եղել։ Երբեմն եղել է ջերմության բարձրացում, թեթեւ տեղային ռեակցիա, որը յուրաքանչյուր պատվաստանյութի օգտագործման ժամանակ կարող է լինել։ Նշեմ նաեւ, որ հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների գործունեությունը դադարեցնելուց հետո դեպքերի բավականին նվազում կա։ Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ բուհերում նույնպես դասերը չդադարեցվեցին։ Որովհետեւ ուսանողները չափահաս մարդիկ են, գիտակցում են, որ չի կարելի հիվանդի հետ շփվել։ Իսկ երեխաներին դժվար է վերահսկել։ Երեխա են՝ խաղում են, շփվում են… Կամ գնում-նստում են փակ դասարանում, ինչն արդեն ռիսկի գործոն է պարունակում։ Ցավոք, ունենք տվյալներ, որ կան դպրոցներ, որտեղ ջերմաստիճանը ցածր է։ Ամեն դեպքում՝ հույս ունեմ, որ մեր քայլերը իրենց դրական արդյունքը կտան։ Լայնածավալ միջոցառումներ ենք տարել։ Օրինակ՝ կանանց կոնսուլտացիաների հետ կապված հրահանգել ենք ոչ միայն հեռախոսով խոսել, այլ այցելել բոլոր հղի կանանց, մի թեթեւ հիվանդության դեպքում միանգամից հոսպիտալացնել, կամ բերել հիվանդանոցներ, որ բարդություններից հեռու լինենք։

– Խոզի գրիպի հետ կապված անհանգստությունը որոշ տնտեսվարողներ օգտագործեցին գերշահույթներ ստանալու համար՝ բարձրացնելով դեղորայքի գները։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, իհարկե, տուգանեց նրանց, սակայն փորձը ցույց է տալիս, որ տուգանքները ամենեւին չեն ազդում այդ գործելաոճի վրա։ Ի՞նչ քայլեր եք նախատեսում այս ուղղությամբ։

– Առաջիններից մեկը, ով ահազանգել է եւ բարձրացրել է այդ հարցը, ես եմ եղել։ ԱԺ բարձր ամբիոնից էլ եմ հնչեցրել, զգուշացրել տնտեսվարողներին։ Գուցե իրավունք էլ չունեի, որովհետեւ նրանք իմ ենթակաները չեն, բայց ես որպես քաղաքացի եմ զգուշացրել, որ դադարեցնեն գների այդ անհիմն բարձրացումը՝ զուտ գերշահույթների համար։ Հորդորել եմ, որ նրանք այս պահին մեր կողքին լինեն, օգնեն մեզ եւ մեր ազգաբնակչությանը։ Եվ նշել եմ՝ եթե նրանք շարունակեն նույն գործելաոճը, մենք ստիպված կլինենք կիրառել զսպողական մեխանիզմներ։

– Օրինակ՝ ի՞նչ մեխանիզմներ։

– Մեկը հենց տուգանքներն են, որոնք նշանակեց ՏՄՊՊՀ-ն։ Մյուսը վերաբերում է գների վերին սանդղակին։ Ներկայումս մենք հստակեցնում ենք հիմնական դեղորայքի ցանկը. դա կարող է լինել 350 անուն դեղորայք, որը հիմնականում օգտագործում է ազգաբնակչությունը։ Այդ դեղորայքի վրա կառավարության որոշմամբ իրավունք կունենանք նմանատիպ դեպքերում սահմանել գնի վերին սանդղակ, որ տնտեսվարողները չկարողանան գինը դրանից ավելի բարձրացնել։ Դա շատ լավ միջոց է եւ արդեն կիրառվել է եւ՛ Ռուսաստանում, եւ՛ այլ երկրներում։

– Իսկ այդ գաղափարին իրենք՝ դեղորայք ներմուծողներն, ինչպե՞ս են վերաբերվում։

– Ես նրանց կարծիքը չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ։ Ես ունեմ ժողովրդի կարծիքը, մեր կարծիքը, ձեր կարծիքը, որ դա քաղաքակիրթ ձեւ է՝ բնակչության շահերը պաշտպանելու համար։

– Ֆինանսական ճգնաժամն ինչպե՞ս ազդեց նախարարության՝ 2009թ. նախատեսված ծրագրերի վրա։

– Որոշ ծրագրեր մենք վերանայեցինք եւ հետաձգեցինք, որովհետեւ այն, ինչ պլանավորել էինք մինչեւ ճգնաժամը, երբ ակնկալվում էր բյուջեի զգալի աճ, ճգնաժամային պայմաններում անհնար կլիներ իրագործել։ Բյուջեն մնաց նույն չափով, ինչ 2008-ին։ Դրա հետ մեկտեղ՝ պահպանման ծախսերն ավելացան, դեղորայքի գներն աճեցին, նվազագույն աշխատավարձը բարձրացավ։ Մենք պետք է կարողանայինք համակարգը պահել եղած բյուջեի սահմաններում, այսինքն՝ առավել ծրագրեր կատարել հնարավոր չէր։ Բայց մենք այդ ծրագրերից չենք հրաժարվել։ Ֆինանսական մշտադիտարկման հանձնաժողովի գործունեության շնորհիվ կարողացանք հիմնականում հիմնարկները զերծ պահել շեղումներից, ֆինանսական չարաշահումներից, աննպատակ ծախսերից։ Վերլուծել ենք նպատակային գործունեությունը, ուսումնասիրել ենք բոլոր բուժհաստատությունների ֆինանսատնտեսական վիճակը, խորհրդատվություն ենք իրականացրել եւ տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել բուժհիմնարկներին։ Եվ այսօր կարող եմ հպարտությամբ նշել, որ եթե 2007թ. առողջապահական համակարգը ընդհանուր առմամբ 2 միլիարդ 600 միլիոն դրամի պարտք ուներ (ինչը վտանգավոր ցուցանիշ է), ապա վերը նշված գործողությունների արդյունքում այդ պարտքը նվազել է մինչեւ 5-6 հարյուր միլիոն, որը համարվում է ընթացիկ աշխատանքային պարտք։

– Իսկ ի՞նչ կարեւոր ծրագրեր են նախատեսվում հաջորդ տարի։

– Ամենասպասված եւ անհրաժեշտ բարեփոխումը՝ ծննդօգնությունից հետո, ըստ մեր պլանավորածի՝ 03 ծառայության արդիականացումն է, դրա լիարժեք վերակառուցումը, վերափոխումը։ Այդ բարեփոխման ծրագրի շրջանակներում կստեղծվի կենտրոնական դիսպետչերական ծառայություն, մեքենաների պարկը կթարմացվի։ Հիմնականում մարզերում, ցավոք, մեր շտապօգնության մեքենաների միջին տարիքը 18-20 տարեկան է. մեքենաները լիովին մաշված են, հազիվ են ծառայում։ Այնպես որ, նոր մեքենաների ձեռքբերումը անհրաժեշտություն է։ Բացի այդ՝ որակյալ մասնագետներ, նոր մասնագիտություններ պետք է ընդգրկվեն, որը մեզ հնարավորություն կտա ունենալ ժամանակակից եւ շատ որակյալ շտապօգնության ծառայություն։ Իսկ դա հանդիսանում է առողջապահության համակարգի հիմքերից մեկը։ Հույս ունեմ, որ 2010թ. կկարողանանք իրականացնել այդ կարեւորագույն բարեփոխումը։

– Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարո՞ւմ ինչ փոփոխություններ կլինեն։

– Մենք ունենք տարիների ընթացքում ծառացած խնդիրներ՝ կապված բուժսպասարկման, բժշկական օգնության որակի բարձրացման, մատչելիության հետ, եւ մեծ ակտիվությամբ փորձում ենք այդ ամենը որքան հնարավոր է իրականացնել։ Խնդիրներ ունեինք մայրաքաղաքից դուրս։ Տարիներ շարունակ, եթե մայրաքաղաքում շատ ուղղություններով ինչ-որ զարգացումներ են տեղի ունեցել, մարզերը մի տեսակ ուշադրությունից դուրս էին մնացել։ Մենք մարզերի համար հայեցակարգ մշակեցինք՝ առողջապահական համակարգը հավասարաչափ զարգացնելու համար։ Համաշխարհային բանկի հետ միասին մինչեւ Նոր տարի կբացենք Հրազդանի բժշկական կենտրոնը, որից հետո՝ Իջեւանինը, եւ շարունակաբար եւս վեց կենտրոն։ Դրանց թվում է Գյումրու բժշկական կենտրոնը, որի կառուցումը զրոյից կսկսվի 2010 թվականին։ Այսինքն՝ մենք քայլ առ քայլ, ոլորտային փոփոխություններով, հին բժշկական հաստատությունների վերակառուցումով կամ նորերը ստեղծելով՝ փոխելու ենք համակարգը։

Կարեւոր ռազմավարական ուղղություններից է նաեւ մեր մասնագետների վերապատրաստման, որակավորումը բարձրացնելուն ուղղված միջոցառումները։ Օրինակ՝ մի շարք մասնագետների գործուղելու ենք եվրոպական բարձրակարգ բուժհաստատություններ՝ նորագույն գիտելիքներ ձեռք բերելու։

– Պրն Քուշկյան, քանի որ սա մեր թերթի այս տարվա վերջին համարն է, ամանորյա հարցով եզրափակենք։ Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ամանորը։

– Ես ընդհանրապես ընտանիքիս հետ, տանն եմ դիմավորում Նոր տարին՝ ուրախ մթնոլորտում, լավ տրամադրությամբ, ընկերներիս հետ։ Ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդի գալիք Նոր տարին, ցանկանալ նրանց առաջին հերթին առողջություն, մեծ առաջընթաց, երկրին էլ՝ տնտեսական զարգացում։ Բոլոր տիպի դժվարությունները թող մնան երկու հազար իննին, եւ հաջորդ տարին թող մեծագույն հաջողություններ բերի մեր երկրին։