Ֆինլանդիայում Ամանորը ձմեռային լավագույն տոնն է համարվում: Ֆինն ընտանիքները Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 25-ին` համախմբվելով սեղանի շուրջ: Ամանորի գիշերը նրանք նաեւ զբաղվում են գուշակություններով: Իսկ, օրինակ, Շոտլանդիայում Ամանորի գիշերը բնակիչները տակառներ են վառում եւ գլորում փողոցներում: Այդպիսով, նրանք «վառում» են հին տարին եւ լուսավորություն ապահովում գալիք տարվա համար: Շոտլանդիայում ամենապատասխանատու պահը Ամանորին հաջորդող առավոտն է: Ըստ շոտլանդացիների` հենց առաջին հյուրից է կախված տարվա հաջողակ կամ անհաջողակ լինելը: Տարին հաջողակ է լինում, երբ առաջին հյուրը լինում է սեւ մազերով տղամարդ, որն իր հետ նաեւ Ամանորյա նվեր է բերում: Իսկ ահա Ճապոնիայում Ամանորը դիմավորում են նոր հագուստով: Ճապոնացիների կարծիքով` դա առողջություն եւ հաջողություններ է բերում: Ճապոնիայում Ձմեռ պապիկին անվանում են Սեգացու-սան, այսինքն` պարոն Ձմեռ պապ: Ի դեպ, Ճապոնիայում Ամանորը դիմավորում են ժամացույցի 108 ղողանջներով: Ըստ ճապոնական հին ավանդապատումների` յուրաքանչյուր ղողանջը «սպանում» է մարդու մեղքերից մեկը: Իսկ առաջին ղողանջների ժամանակ ճապոնացիները պարտադիր ծիծաղում են: Վիետնամում Ամանորի գիշերը մարդիկ մոռանում են բոլոր վեճերն ու կռիվները: Հին Չինաստանում Ամանորը աղքատների տոն էր համարվում, ովքեր կարող էին մտնել այս կամ այն տուն` վերցնելով այն, ինչ ուզում են: Նրանց մերժելու դեպքում հարեւանները «երես էին դարձնում» մերժող անձից: Մոնղոլիայում Ամանորի գիշերը որքան շատ են լինում հյուրերը, այնքան հաջողակ է լինում տարին: Կուբայում Նոր տարին դիմավորում են 1 բաժակ ջրով, որը ժամացույցի զարկերից հետո նետում են փողոց: Դա նշան է այն բանի, որ հին տարին հաջող գնաց, նորն էլ նույն հաջողությամբ եկավ: Իսկ ինչպես ենք նշում մենք` հայերս: Մեզ համար Ամանորը տարվա լավագույն տոնն է, որին պատրաստվում են մեր տանտիրուհիները: Մեզ մոտ, սակայն, գերխնդիր է համարվում սեղանի լիությունը, որը հաճախ մրցակցության է մղում հայ տանտիրուհիներին: Պարտքո՞վ, թե՞ առանց պարտքի` սա չէ խնդիրը, այլ այն, թե ով` քանի տեսակ խմորեղեն կթխի, որքան աղցաններ կպատրաստի, էկզոտիկ ճաշատեսակներով կծանրաբեռնի սեղանը: Իսկապես, սա միակ տոնն է, որի պատճառով հայ ընտանիքները պատրաստ են ամբողջ տարին ապրել Ամանորի պարտքի «տակից» դուրս գալով, ու իրենք իրենց խոստանալով, որ հաջորդ տարի այդպիսի ճոխություն թույլ չեն տա իրենց:
Հին Ամանորը` Հայաստանում
Խոզի ազդրը վաղուց արդեն հայաստանցիներիս Ամանորի սեղանի հիմնաքարն է: Եթե նախորդ տարի խոզի ազդրի 1 կգ-ն արժեր 2500-3000 դրամ, ապա այս տարի` 3000-3500 դրամ է: Ամանորից 10 օր առաջ արդեն հնդկական ընկույզի գինը թանկացավ. 1կգ-ն այժմ արժե 5500-6000 դրամ, (հայկական) ընկույզը` 1կգ` 3000-7000դրամ, ծիրանի չիրը` 2000-4000 դրամ: Օրինակ, Երեւանի Փակ շուկայի վաճառող պարոն Սերոժի համար գնային այս կտրուկ թանկացումները ընդհանրապես զարմանալի չեն: Իր 17 տարվա վաճառողական «պրակտիկայում» միշտ էլ այսպես է եղել` Նոր տարվա նախօրեին գները բարձրանում են: Այս տարի, սակայն, պարոն Սերոժի հավաստմամբ, «չարազաչրեղենի» գների բարձրացումը պայմանավորված է ներկրման բարձր գներով: «Նախորդ տարի ներկրում էին 1 կգ-ը 10 դոլարով, հիմա էլ` 15 դոլարով: Բնական ա, որ մենք էլ մեր գինը պիտի վրան դնեինք»,- ասաց նա` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են մարդիկ հատկապես այս օրերին բողոքում գների թանկացումից, եթե ամեն տարի գնային նույն «ռազմավարությունն» է կիրառվում: «Ասում են` տնտեսական ճգնաժամ ա, ազդել ա մեզ վրա: Բայց տենց բան չկա: Մարդիկ շարունակում են լա՜վ առեւտուր անել: Ճիշտ ա, ես չեմ համեմատի էսօրվա վիճակը խորհրդային տարիների հետ, բայց առեւտուր անողն անում ա, գնողն էլ` գնում ա: Նախորդ տարվա համեմատ չարազն ու չիրը մի 300-400 դրամով ա թանկացել»,- նշեց պարոն Սերոժը` ափսոսելով միայն այն հանգամանքի համար, որ մեր կյանքից շուկան աստիճանաբար դուրս է մղվում սուպերմարկետների գործունեության պատճառով: Եվ իրականում այդպես է` շուկայում գնումներ կատարողներին կարելի է պարզապես հաշվել մատների վրա: Վերջիններս էլ շուկա գնում են, որպեսզի չխախտեն տարիների բարի սովորույթը: «Մեր սեղանին ոչ մի ապրանք չի թանկացել` նույն գներն են, ոնց որ նախկինում: Բայց գնորդ չկա: Բաստուրման նույնը` 3800դրամ, սուջուխը` 3500-4500 դրամ: Մեկ ա` չի վաճառվում»,- ասաց Փակ շուկայի մեկ այլ վաճառող: Այցելեցինք երեւանյան մի քանի սուպերմարկետներ: Գրեթե բոլոր սուպերմարկետներում ամանորյա տարբեր ակցիաներ են կազմակերպվում: Սակայն երեւանցիներն այդ ակցիաներին թերահավատորեն են վերաբերվում` մտածելով, որ նման միջոցառումների ժամանակ վաճառվող ապրանքները հին են, ժամկետանց: «Մեր հասարակությունը պարզապես սուպերմարկետից օգտվելու կուլտուրա չունի: Իսկ այդ մտավախությունը, թե ապրանքը հին ա, դրա համար են ակցիաներ կազմակերպում, հաստատ սխալ մտայնություն է: Իրականում, ապրանք ներկրող ընկերությունն է խանութներին առաջարկում ակցիաներ կազմակերպել, ինչն ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ է»,- նշեց «Սթար» սուպերմարկետի փոխտնօրեն Արմեն Պետրոսյանը: Ի դեպ, եթե շուկաներում եւ սուպերմարկետներում գների թանկացում է նկատվում, ապա այլ է պատկերը ռեստորանների պարագայում:
Եթե 2 տարի առաջ որոշ ռեստորաններում Ամանորի գիշերը դիմավորելու համար մեկ անձը պետք է վճարեր առավելագույնը 120.000 դրամ, նախորդ տարի` ուղիղ դրա կեսը` շուրջ 60.000 դրամ, ապա այս տարի պատկերը կտրուկ փոխվել է. 1 անձի համար մուտքի արժեքը հասել է 40.000 դրամի: Օրինակ` «Արքայաձոր» ռեստորանի մուտքի արժեքը 8000 դրամ է, իսկ պատվիրված սննդի համար պետք է առանձին վճարել: Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ռեստորանում 1 անձի մուտքի եւ սնունդի արժեքը միասին կազմում էր 60.000 դրամ: «Փարվանա» եւ «Օջախ» ռեստորաններում 1 անձի մուտքի արժեքը 25.000 դրամ է, «Եվրոպա»-ում` 20.000 դրամ: Ի դեպ, պարզվեց, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Շարմ» ընկերության կողմից նախատեսված տոնական միջոցառումը հետաձգվել է: Պատճառն, ըստ հյուրանոցի աշխատակիցների, իրենց հայտնի չէ: Ինչեւէ, գների որոշակի իջեցում է նկատվում նաեւ ավիատոմսերի վաճառքում: Այս օրերին ամենամեծ պահանջարկն ունեն Մոսկվա, Եգիպտոս եւ Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղությունները: Երեւան-Մոսկվա չվերթերի ավիատոմսերի զեղչերն, ըստ ավիաընկերությունների, սկսվում են 14.000 դրամից: Այսինքն` այս օրերին Երեւան-Մոսկվա-Երեւան տոմս կարելի է ձեռք բերել 155.000 դրամով: Միայն դեպի Մոսկվա ավիափոխադրումների դեպքում են զեղչեր կիրառվել: Այլ ուղղություններով ոչ միայն չկան զեղչեր, այլեւ նկատվում է գների բարձրացում: Երեւան-Դուբայ-Երեւան տոմսի արժեքը 364.000 դրամ է, իսկ Եգիպտոս մեկնելու համար հայաստանցիներն օգտվում են տուր-փաթեթներից` 2500 դոլար արժողությամբ: Փաստորեն, մեր երկրում Ամանորյա տոներ անցկացնելն ավելի թանկ հաճույք է: «Մուլտի ռեստ հաուս»-ում բոլոր սենյակներն արդեն զբաղված են: Այստեղ առաջարկվել են 5-օրյա տոնական փաթեթներ: Մեկ անձի համար Ամանորյա հանգիստն այստեղ արժե 250.000 դրամ, 2 անձի համար` 500.000 դրամ, 4 անձի համար` 800.000 դրամ, եւ վերջապես 6 անձի համար` 1.100.000 դրամ: «Կեչառիս» հյուրանոցային համալիրում եւս մինչ հունվարի 6-ը բոլոր տեղերն արդեն զբաղեցված են: Այստեղ 2 անձի համար 1 օրը` 3-անգամյա սննդով, արժե 80.000 դրամ, իսկ ավելի շքեղ սենյակների դեպքում` 100.000 դրամ: Նշենք նաեւ, որ Ձմեռ պապիկների եւ Ձյունանուշների ծառայությունների միջին արժեքն այս տարի 20.000 դրամ է: «Դրանից էժան ու որակով, հաստատ չեք գտնի»,- հավատացնում են գրեթե բոլոր Ձմեռ պապերը: