Թաթարներին համախմբում է ազգային մշակութային միությունը

25/12/2009

Նիգյար ՄՈՒՍԱԵՎԱ
անկախ լրագրող, Ադրբեջան

Բաքվում Սաբանտույ թաթարական տոնը նշելու համար` հավաքվում են ոչ միայն իրենք` թաթարները, այլեւ ադրբեջանցիները, լեզգինները, հրեաները, ռուսները… Այն մեծ շուքով նշվում է ամռանը, բնության գրկում` ուղեկցվելով երաժշտությամբ, պարերով, ձիարշավով եւ այլ զվարճանքներով: Ամեն տարի այդ տոնը կազմակերպում է «Տուգանտել» թաթարական մշակույթի հանրապետական միությունը:

Ադրբեջանում մոտ 30 հազար թաթար է բնակվում, որոնց թվում կան ինչպես Ղրիմի, այնպես էլ Կազանի, Նոգայսկի եւ Աստրախանի ճյուղերի ներկայացուցիչներ: «Տուգանտել» միությունն իր ուժերի ներածի չափով ձգտում է համախմբել, օգնել եւ զորավիգ լինել նրանց ազգային ոգուն: «Հստակ վիճակագրություն չկա, սակայն մեր միություն շատ մարդիկ են այցելում: Կարելի է ասել` Ադրբեջանում ապրող թաթարների մեծամասնությունը»,- պատմում է միության ղեկավար Գյուլջան Մյասոուտովան: «Մեր միության անդամների մեջ քիչ չեն նաեւ երիտասարդները: Նրանք թե մաքուր թաթարական, թե խառն ընտանիքների ծնունդներ են: Ընդհանրապես, չնայած մեր գործունեությունն ուղղված է ազգային մշակույթի պահպանմանը եւ մասսայականացմանը` միեւնույն ժամանակ մենք շատ ենք գնահատում ինտերնացիոնալիզմը եւ մյուս ազգերի մշակույթը, մշտապես համագործակցում ենք Ադրբեջանի մյուս բոլոր համայնքների ներկայացուցիչների հետ»:

«Տուգանտել» միությունը ստեղծվել է դեռեւս ԽՍՀՄ-ի մայրամուտին` 1989 թվականին: Գործնականում այն ոչ մի ֆինանսավորում չի ստանում, գոյատեւում է սեփական միջոցների հաշվին: Միայն վերջերս է, որ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը սկսել է որոշակի օգնություն տրամադրել, երբեմն էլ տոներին Կազանից դերասանների խմբեր են գալիս: Այս միությունում կարելի է իրավաբանական խորհրդատվություն ստանալ, երիտասարդության համար կազմակերպված են թաթարական լեզվի ուսուցմանը եւ իսլամին նվիրված դասընթացներ, նշվում են բոլոր թաթարական եւ մահմեդական տոները, կազմակերպվում թաթար բանաստեղծների ստեղծագործական երեկոներ եւ նույնիսկ թաթարական ազգային կերակրատեսակներին նվիրված երեկույթներ, օրինակ` «Չակ-չակ party»: Կան նաեւ երեք նվագախմբեր` մանկական, երիտասարդական եւ պատերազմի ու աշխատանքի վետերանների, որոնք կանոնավոր կերպով մասնակցում են տարբեր միջազգային փառատոների:

19-ամյա Նաիլյա Իմանգուլովան հանդիսանում է «Տուգանտելի» ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Դեռ վաղ մանկության տարիներին նրան այստեղ բերել են ծնողները: «Ես թաթարուհի եմ եւ ձգտում եմ սատարել մեր ազգային մշակույթին եւ հաղորդակից դարձնել նրան ուրիշներին: Մենք ամբողջովին նվիրվում ենք յուրաքանչյուր միջոցառմանը,- ասում է Նաիլյան,- միեւնույն ժամանակ «Տուգանտելը» իմ կյանքին հետաքրքրություն ու բազմազանություն է հաղորդում, թույլ տալիս շփվել տարբեր մարդկանց հետ…»:

Սակայն Ադրբեջանի թաթար երիտասարդության շրջանում ոչ բոլորն են կիսում այս հայացքները: Այսպես, չնայած 25-ամյա Նատալյա Եֆիսովայի հայրը թաթար է` նա երբեք իր ազգության հարցի նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել, իսկ «Տուգանտել» միության գոյության մասին չգիտեր: «Երբեք առանձնապես չեմ էլ մտածել իմ ազգության մասին… Մեր տանը երբեք չեն նշում թաթարական տոները, եւ ընդհանրապես, բացի իմ հայրիկից, ես ուրիշ թաթարի կարծես չեմ էլ ճանաչում»,- խոստովանում է Նատալյան:

Ադրբեջանում շատ են նաեւ երկրից գաղթելու ցանկություն ունեցող թաթարական ընտանիքները, ովքեր օգնության ակնկալիքով հաճախ դիմում են հենց այստեղ` «Տուգանտել» միություն: Առավել մեծ արտահոսքը եղավ 90-ականների սկզբներին, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո երկրում լիակատար խառնաշփոթ էր տիրում: Իսկ վերջին ժամանակաշրջանում գաղթողների թիվը զգալիորեն նվազել է: Ավելին, Գյուլջան Մյասոուտովայի խոսքերով` հաճախ այն թաթարները, ովքեր հեռացել էին Ադրբեջանից, որոշ ժամանակ անց հետ են վերադառնում, քանի որ չեն կարողանում ընտելանալ ոչ Ռուսաստանի, ոչ Թաթարստանի, ոչ էլ այլ վայրերի պայմաններին: «Մենք յուրահատուկ մտածելակերպ ունենք, չէ՞ որ ծնվել ու մեծացել ենք այստեղ` Ադրբեջանում: Այնպես որ, անհարմարավետ ենք զգում մեզ այլ երկրներում»,- այսպես է բացատրում դա Մյասոուտովան: Չնայած այս ամենին, միություն հաճախող 19 երիտասարդներ այս տարի դարձան Ռուսաստանի եւ Թաթարստանի բուհերի ուսանողներ:

Այժմ «Տուգանտելում» պատրաստվում են Ամանորի տոնակատարությանը, իսկ փետրվարին նախատեսված է նշել թաթարական ազգային կերակուր Էչպաչկակի տոնը: