Նունե ԱՅԼԱՆՋՅԱՆ
Հանրային գործերի կովկասյան ինստիտուտի ուսանողուհի, Հայաստան
«Հիշում եմ, մենք նման մի ավանդույթ ունեինք, երբ փոքր էինք, մեզ տանում էին գյուղ, տատիկիս մոտ, որպեսզի նրա հետ շփվեինք, խոսեինք ու չմոռանայինք մեր մայրենի լեզուն ու սովորույթները, հիմա նման բաներ այլեւս չկան»,- պատմում է ազգությամբ ասորուհի 49-ամյա Իրինա Գասպարյանը, ով ծնվել է Հայաստանում եւ ամուսնացել հայ տղամարդու հետ: Իրինան ասում է, որ ինքը ցավով նկատել է, որ ասորի երիտասարդները դադարել են գործածել իրենց մայրենի ասորերենը:
Մայրենի լեզվի գործածության, ուսուցման ու պահպանության խնդիր ունեն ոչ միայն ասորիները, այլ նաեւ Հայաստանում բնակվող այլ ազգային փոքրամասնություններ: Միջազգային կառույցները վերջերս առանձնացրել էին նրանցից 3-ին` եզդիներին, քրդերին ու ասորիներին: Հայաստանի վավերացրած` «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական Խարտիայի» համաձայն` Հայաստանում փոքրամասնությունների լեզուներ են համարվում ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը, քրդերենը: Ավելի քան մի ամիս առաջ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հրապարակած «Հայաստանում փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասին» երկրորդ զեկույցում Նախարարների կոմիտեն Հայաստանին կոչ է անում մշակել համակարգված քաղաքականություն՝ ասորերեն, եզդիերեն եւ քրդերեն լեզուներով ուսուցիչների վերապատրաստումը եւ ժամանակակից ուսումնական անհրաժեշտ նյութերը կրթության բոլոր մակարդակներում մատչելի դարձնելու համար: Թեպետ իշխանության ներկայացուցիչները համաձայնում են, որ փոքրամասնությունների լեզվական որոշ խնդիրներ առկա են, դրա մեջ նաեւ փոքրամասնությունների մեղքն են տեսնում:
Հանրային խորհրդում Ազգային փոքրամասնությունների եւ ռեգիոնալ լեզուների գծով պատասխանատու Սուրեն Զոլյանն ասում է, որ իրենք քաջատեղյակ են Եվրոպական կոնվենցիայի հրապարակած երկրորդ զեկույցին ու դրա կետերին, բայց դեռեւս հատուկ հանձնաժողով չեն կազմել այդ խնդրով զբաղվելու համար:
ՀՀ նախագահի խորհրդականի օգնական Նարինե Գուլյանն ասում է, որ հանրապետության որոշ դպրոցներում դասավանդում են թե՛ ասորերեն, թե՛ եզդիերեն, չհաշված` ռուսերենը. «Վերջերս էլ տպագրվեց 6-րդ դասարանի եզդիերեն մայրենի լեզվի ու գրականության դասագիրք, եւ հիմա աշխատում ենք 7-րդ դասարանի դասագրքի վրա, ինչպես նաեւ` տարրական դասարանների դասագրքերի»: Ըստ Գուլյանի` թե Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում, թե գործող կիրակնօրյա դպրոցներում Հայաստանում ապրող այլազգիները հնարավորություն ունեն իրենց մայրենին սովորելու, ազգային լեզվով միջոցառումներ կազմակերպելու: «Մենք անում ենք այն, ինչ մեզանից պահանջվում է, իսկ եթե ասորի կամ եզդի երիտասարդը գերադասում է խոսել հայերեն, ոչ թե իր մայրենի լեզվով, ապա այս հարցում մենք ոչինչ անել չենք կարող»,- ասում է Գուլյանը:
Ազգությամբ եզդի Հասան Թամոյանը, ով Հանրային ռադիոյում եզդիերենով լրատվական ծրագիր է վարում, ասում է, որ եզդիներն էլ ասորիների նման ունեն գրեթե նույն խնդիրները մայրենի լեզվի հետ: Նա հենց իրենց` եզդիներին է մեղադրում մայրենի լեզվի մոռացության համար: «Հիմա հազվադեպ կարելի է գտնել եզդի մի ընտանիք, որտեղ մարդիկ խոսում են եզդիերենով` էզդիկիով: Ես բազմիցս նկատել եմ, որ երիտասարդ եզդիները խուսափում կամ ամաչում են խոսել իրենց մայրենի լեզվով»,- նշում է Թամոյանը:
Այս խնդրին քաջատեղյակ է նաեւ Կառավարությանը կից Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը: «Մենք էլ նկատել ենք, որ եզդի երիտասարդները այդքան էլ չեն ձգտում սովորել, մյուս կողմից էլ մասնագիտությամբ մանկավարժ եզդիները չեն ցանկանում դասավանդել գյուղերում: Մենք ամեն տարի վերապատրաստում ենք եզդի մանկավարժների, բայց շահագրգռվածություն չի նկատվում»,- ասում է կառավարության ներկայացուցիչը: Խնդրին ինչ-որ կերպ լուծում տալու համար կառավարությունը մտադիր է շրջանառության մեջ դնել մի նոր փաթեթ, որով եզդի մանկավարժներին առաջարկվելու է, բացի եզդիերենից, դասավանդել նաեւ այլ առարկաներ, ինչի շնորհիվ նրանց աշխատավարձը սովորականից բարձր կլինի:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների եւ փախստականների գծով պատասխանատու Էդուարդ Պալատովի խոսքերով` իրենք շատ հազվադեպ են բողոքներ ստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից: «Եթե նույնիսկ ոմանք մեզ դիմում են, ապա միայն սեփական իրավունքները ճանաչելու համար, մենք էլ հրավիրում ենք համայնքների նախագահներին ու նրանց հետ անցկացնում բացատրական աշխատանքներ, որպեսզի վերջիններս տեղյակ լինեն իրենց իրավունքներին»,- նշում է նա: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ըստ Պալատովի, երբեւէ լեզվի հետ կապված խնդիրներով չեն դիմել: