Պահպանված միակ կոլտնտեսությունը մոլոկաններինն է

25/12/2009

Վաֆա ՄԱՄԵԴՈՎԱ
IWPR-ի ադրբեջանական գրասենյակի աշխատակցուհի, Ադրբեջան

Կիշլիում (Բաքվի արվարձան) մեկհարկանի տան վարձու բնակարանի փոքրիկ սենյակում ապրում է չորս հոգուց բաղկացած ռուսական ընտանիքը` բոլորը կանայք, երկու քույր եւ նրանցից մեկի երկու դուստրերը: Կացարանի մոլոկան բնակիչների դավանանքի մասին են վկայում «քույրիկ, եղբայր» հարգալից դիմելաձեւը, բարեհամբույր վերաբերմունքի մթնոլորտը, սրբապատկերներից ու խաչերից զուրկ սպիտակ պատերը: 48-ամյա մոլոկանուհի Նադեժդա Ալատիրցեւան քրոջ եւ երկու դուստրերի հետ հայրենի Իվանովկա գյուղից երեք ամիս առաջ է հեռացել: Նա եկել է Բաքու, որ փորձի բավարարել երկու դուստրերի` բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունը:

Մոլոկաններն առանձին էթնիկ խումբ չեն համարվում, նրանք իրենց ապրելակերպով, մշակույթով, կրոնով եւ աշխարհայացքով առանձնանում են ոչ միայն բնակչության հիմնական զանգվածներից, այլեւ հենց ռուսներից, այն ազգից, որին եւ պատկանում են: Ադրբեջանում մոլոկանների ամենամեծ եւ ամենակոմպակտ բնակավայրը Իսմայիլի շրջանի Իվանովկա գյուղն է: Ամեն ինչից զատ, գյուղը հատկանշական է նրանով, որ այստեղ մինչ այժմ պահպանվել է ամբողջ Ադրբեջանում միակ կոլտնտեսությունը, թեպետ իրականում Իվանովկա գյուղը ղեկավարվում է Ադրբեջանի գործադիր իշխանության մարմինների կողմից: Կոլտնտեսությունում, ռուս մոլոկանների հետ մեկտեղ, աշխատում են թե ադրբեջանցիներ, թե լեզգիններ: «Իվանովկայում բոլորը համերաշխ են ապրում, ազգային խտրականություն գոյություն չունի,- ասում է Նադեժդա Ալատիրցեւան,- օրինակ` Իվանովկայի հանրահայտ դիսկոտեկում լեզգին երիտասարդները եռանդով պաշտպանում են տեղացի աղջիկներին քաղաքից եկածներից»:

Ադրբեջանում մոլոկանները հայտնվել են մոտ երկու հարյուր տարի առաջ, արտաքսվելով Եկատերինա Երկրորդի հրամանով` «ուղղափառ հավատի հանդեպ հանդգնության» մեղադրանքով: Մոլոկանները չեն ընդունում քրիստոնեական ատրիբուտները, մասնավորապես` խաչ չեն կրում, չեն խաչակնքվում, տանը սրբապատկերներ չեն պահում: Հոգեւոր հայր Իլյա Զենչենկոյի խոսքերով` մոլոկանությունը ոչ միայն կրոնական ուղղություն է, այլ` ապրելակերպ: Հնարավոր է` հենց սրա շնորհիվ է, որ մոլոկանները բոլորից տարբերվող եւ ինքնատիպ խումբ են կազմում: «Մոլոկաններ» բառի ծագման վերաբերյալ երեք տեսություն գոյություն ունի,- բացատրում է հայր Իլյան,- որոնցից մեկը կապված է Եկատերինա Երկրորդի հետ: Մի խումբ այլադավանների եւ պետական կրոն հանդիսացող ուղղափառության տարաձայնությունների պատճառով կայսրուհին հրամայել էր արտաքսել նրանց` ուղարկելով վարար գետով անցնելու: Ավելի ուշ նրանց ետեւից սուրհանդակ էր ուղարկել: Վերադառնալով` սուրհանդակը պատմել էր, որ հրաշքով այլակրոններից «քչերն են խեղդվել» (ՎՈսՏ ՍՈվցսՌ), եւ նրանց մեծ մասը կենդանի է մնացել: Այսպիսին է «մոլոկան» բառի ծագման առաջին վարկածը»:

Մյուսը կապված է Ռուսաստանում Մոլոկա գետի վրա բնակավայրի ստեղծման հետ:

Իրենք` մոլոկանները, իրենց այդպես են անվանում այն բանի համար, որ համտեսել են ամեն տեսակ արհեստական նյութերից ազատված «մաքուր հոգեւոր կաթ»: Այդ պատճառով, ի տարբերություն կրոնական այլ դավանանքների, մոլոկանությունը բավական մեկուսացված է եւ յուրօրինակ:

«Մոլոկան լինելու համար բավական չէ նրանց կրոնի առանձին կանոնների դավանորդ լինել,- ասում է հայր Իլյան: -Անհրաժեշտ է բավական երկար ժամանակ ապրել նրանց միջավայրում, նրանց կենցաղի ոգով համակվել, որովհետեւ նրանց աշխարհընկալումը եւ ողջ կյանքը կապված են մոլոկանության հիմնական հասկացությունների հետ»:

Ի տարբերություն Ալատիրցեւաների ընտանիքի, բնիկ բաքվեցի 40-ամյա Յուրի Գորբաչովը 10 տարի առաջ տեղափոխվել է Իվանովկա, քանի որ տեղի կրոնական կանխադրույթները ավելի հարազատ են նրան: Յուրին աշխատում է կոլտնտեսությունում, թեպետ դժգոհ է ցածր աշխատավարձից` ամսական 40-50 մանաթ (60-70 դոլար): «Կոլտնտեսության կողմից տրվող նպաստները չեն ծածկում մեր ծախսերը,- ասում է Յուրին: -Բացի այդ, մեզ` «եկվորներիս», փոքր-ինչ քամահրանքով են վերաբերվում` չընդունելով որպես յուրային: Օրինակ` եթե ես խնդրում եմ կոլտնտեսության ղեկավարությանը բարձրացնել աշխատավարձը, ապա կարող եմ ստանալ հետեւյալ պատասխանը. «Դու եկվոր ես, չես հավանում՝ կարող ես վերադառնալ»: Սակայն Յուրին չի պատրաստվում հեռանալ: Տասը տարվա ընթացքում նա հարմարվել է կենցաղին ու ապրելակերպին:

Կոլտնտեսության ղեկավարությունը պնդում է, որ իրենք աշխատավարձերը եւ նյութական բարիքները բաշխում են առանց խտրականության` կիթի, հունձի պլանը կատարելու դեպքում գյուղացին ստանում է արտադրանքի իրեն հասանելիք բաժինը, ոչ աշխատունակ թոշակառուները նույնպես գտնվում են կոլտնտեսության հովանավորության տակ: