Նվարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Հայաստան
Հայաստանում բնակվող ասորական համայնքը բավարար տեղեկություններ չի ստանում համայնքի նորություններից, քանի որ միակ ռադիոհաղորդումը չի լուսաբանում դրանք, իսկ ստեղծվելիք կայքը հասանելի չի լինի համայնքի բնակիչներին: Հայաստանում բնակվող տասնմեկ ազգային փոքրամասնությունները կազմում են երկրի բնակչության 2,2 տոկոսը: Նրանց թվում ապրում է 3500 ասորի, ովքեր հիմնականում տեղակայված են Դիմիտրով, Վերին Դվին, Արզնի, Նոր Արտագերս գյուղերում եւ Երեւանում: Ազգային փոքրամասնությունների մեծ մասը մայրենի լեզվով տպագիր մամուլ ունեն: Ովքեր չունեն պարբերականներ, ունեն Հայաստանի հանրային ռադիոյով հաղորդումներ պատրաստելու հնարավորություն: Միայն ռադիոհաղորդումով են բավարարվում նաեւ ասորիները:
Հանրային ռադիոյով յուրաքանչյուր օր եթեր է հեռարձակվում Հայաստանի ասորական համայնքի ռադիոհաղորդումը: Ասորական համայնքը երկուշաբթիից ուրբաթ, օրական 15 րոպե մայրենի լեզվով տեղեկանում է Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձություններին: Երկու տարի հեռարձակվող ասորիների միակ լրատվամիջոցը, սակայն, նրանցից ոմանց պնդմամբ, չի լուսաբանում համայնքի խնդիրները: Ասորի խմբագիր եւ թարգմանիչ Լուիզա Միխայելովայի խոսքով` 15 րոպեանոց հաղորդման 5 րոպեն հատկացվում է Հայաստանի քաղաքական, պաշտոնական լուրերին, մյուս 5 րոպեն խոսում են Հայաստանի ասորական համայնքից, մնացած ժամանակը բաշխվում է հաղորդման բացման եւ փակման վրա: Հաղորդվող տեղեկատվությունը մեծ մասամբ հայկական լրատվամիջոցներից վերցրած եւ ասորերեն թարգմանված լուրեր են:
«Խաթաթա» (ասորերեն` միություն) ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանին, սակայն, չի գոհացնում հաղորդման մակարդակը: «Ռադիոհաղորդումը չի բարձրաձայնում եւ լուսաբանում այն խնդիրները, որոնք առկա են ասորական համայնքում, այլ պարզապես թարգմանում ու հաղորդում է լուրեր, որոնք ասորիները կարող են նաեւ հայերեն կամ ռուսերեն լեզուներով ստանալ»,- նշում է նա: Հաղորդման բովանդակությունից գոհ չէ նաեւ ասորական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ` Էլզա Յակուբովան. «Կուզեի, որ հաղորդումն ավելի լայնածավալ լիներ, չսահմանափակվեին միայն լուրերով, խոսեին մեր մշակույթից: Հայաստանի լուրերին մենք, այսպես թե այնպես, տեղեկանում ենք: Ցանկալի է, որ լիներ սոսկ ասորական համայնքին առնչվող լուրեր»: «Շատ քիչ ենք լսում ռադիոհաղորդումը, մեծ մասամբ հեռուստացույց ենք նայում»,- նշում է հիմնականում ասորաբնակ Դիմիտրով գյուղում ապրող Թաիսա Մուրադովան:
Ռադիոհաղորդման խմբագիր Միխայելովայի խոսքերով` քանի որ 15 րոպեն չէր բավականացնում ասորիների մշակութային ու հասարակական կյանքին, պատմությանը առնչվող թեմաները լուսաբանելու համար, նրանք խնդրել են Հանրային ռադիոյի տնօրինությանը ժամաքանակն ավելացնել: Իսկ ժամանակավոր բացը լրացնում են կիրակնօրյա 15 րոպեները, որոնք ասորերենով բացառապես մշակութային եւ հասարակական կյանքի մասին են պատմում:
Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնական հարցերի վարչության ռեֆերենտ Շուշանիկ Սարատիկյանի խոսքով` ՀՀ-ն պետական բյուջեից տարեկան 10 մլն դրամ (մոտ 25.000 դոլար) գումար է հատկացնում փոքրամասնությունների մշակութային կյանքը պահպանելու եւ զարգացնելու համար: Նա հավելում է, որ մայրենի լեզվով պարբերական տպագրելու համար յուրաքանչյուր համայնք, եթե ունի համապատասխան մարդկային ռեսուրսներ, կարող է դիմել կառավարությանը կամ Մշակույթի նախարարությանը` լրացուցիչ գումար ստանալու. «Ասորական համայնքը դեռեւս այդ նախաձեռնությամբ հանդես չի եկել»:
Իրինա Գասպարյանի ասելով` ասորական համայնքի տպագիր մամուլ չունենալու հիմնական պատճառը մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների բացակայությունն է: Այնուամենայնիվ, Ասորական ֆեդերացիան շուտով ասորերենով ինտերնետային պարբերական է հրատարակելու, որտեղ լուսաբանվելու են համայնքի խնդիրները, ասորական մշակույթը, ներկայացվելու են հայտնի ասորիները: Իհարկե, Հայաստանում բնակվող ասորիներից շատերին կայքը գուցե հասանելի չլինի, խոստովանում է Իրինա Գասպարյանը, սակայն տպագիր թերթի փոխարեն՝ ինտերնետային պարբերական հրատարակելու որոշում է կայացվել, քանի որ, ըստ Իրինա Գասպարյանի, թերթ հրատարակելու համար գումար է պետք, որը չունեն, իսկ պարբերականը սեփական ուժերով են պատրաստելու: