Հարսանիք` Համալիրում

22/12/2009

Դեկտեմբերի 19-ին` շաբաթ օրը, Մարզահամերգային համալիրում տոնական տրամադրություն էր. նշում էին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի սեփականատերերից մեկի` Բորիս Մուրադյանի (ԲԱՄՕ ընկերության համանախագահ Մուրադ Մուրադյանի եղբայրը) որդու` Արման Մուրադյանի, հարսանյաց հանդեսը: Ի դեպ, Արման Մուրադյանը Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է: Հարսանիքի քավորը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: Մինչ Համալիրում միջոցառման սկսվելը` իրարանցում էր Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում. «8» սուպերմարկետի եւ բնակելի շենքի աստիճաններին կարմիր ուղեգորգ էր փռված, շքամուտքը զարդարված էր ծաղիկներով, իսկ շենքի դիմաց խմբված էին ամրակազմ, թիկնեղ տղաներ` ռացիաներով, որոնք արգելում էին ավտոմեքենաներին «8» սուպերմարկետի առջեւ կայանել: Այդ շենքում է բնակվում Մարզահամերգային համալիրի տնօրեն, ԲԱՄՕ ընկերության համանախագահ Բորիս Մուրադյանի ընտանիքը: Հարսանյաց արարողությունը սկսվել է Մուրադյանի բնակարանում եւ շարունակվել Մարզահամերգային համալիրում, որին մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ եւ գործարարներ: Ի դեպ, վերջերս կրկին ամուսնացել էր նաեւ ԲԱՄՕ-ի նախագահ, գործարար Մուրադ Մուրադյանը:

«Ա1+»-ը ՀՀ Մշակույթի նախարարությանը հարց էր ուղղել, թե ինչպե՞ս են վերաբերվում այն իրողությանը, որ մշակութային հաստատությունում անցկացվում է անձնական, ընտանեկան միջոցառում, մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանն ասել է. «Մարզահամերգային համալիրը նախարարության հետ առնչություն չունի, եթե դա լիներ Մշակույթի նախարարությանը, բնականաբար, նախարարությունը կունենար իր դիրքորոշումը: Իհարկե, գեղեցիկ բան չի, երբ մշակութային կազմակերպությունում նման բան է տեղի ունենում, բայց դա մեր լիազորությունների մեջ չի մտնում, որ կարողանանք լծակներ օգտագործել, արգելել, կամ, ասենք, աչք փակել»: