– Նարինե՛, երբ Թիֆլիսում քանդվեց Մուղնեցոց ս. Գրիգոր եկեղեցին, հայերս հերթական անգամ վրդովված հիշեցինք, որ «այդ» վրացիները մեր եկեղեցուն պետական կարգավիճակ չեն տալիս, Վրաստանի տարածքում գտնվող մեր եկեղեցիները, պատմամշակութային արժեք ունեցող կառույցները մեր աչքի առաջ կործանվում են: Նման ձեւով արձագանքեցինք նաեւ նախորդ տարի, երբ Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի վերջին բնակարանը վրաց գործարարին հանձնվեց գրոշներով:
– Այո, եւ մեր արձագանքը, ինչպես միշտ, եղավ ուշացած: Ենթադրում եմ, որ մեր ուշացած արձագանքները դիտավորյա՛լ ուշացած են լինում, որպեսզի պատասխանատվության բեռը մեզնից թոթափենք: Շատ սիրում ենք վանդալիզմ անվանել այն, ինչ կատարվեց Ջուղայում, խաչքարերի հետ: Դա իրո՛ք վանդալիզմ էր: Հիշենք, թե ինչ կատարվեց Թիֆլիսում Խոջիվանքի հայոց մեծերի գերեզմանատանը: Ո՞վ ինչ արեց: Ճիշտ է, Ջուղայի դեպքում աղմուկ բարձրացավ, բայց ի՞նչ օգուտ ուներ այդ աղմուկը:
– Աղմուկն այդ դեպքում մեծ էր եւ երկարատեւ, քանի որ վանդալիզմի հեղինակներն ադրբեջանցիներ էին, եւ այդ փաստին կարելի էր քաղաքական աստառ տալ:
– Բայց դա էլ չկարողացան, չէ՞, անել: Կարծում եմ, այն, ինչ մենք մեր ձեռքով անում ենք մեր հայրենիքի մեջ, եռակի, քառակի վանդալիզմ է: Որովհետեւ մենք մե՛ր ձեռքերով ենք անում: Գնացեք Քոբայր, տեսեք՝ այդ բացառիկ հրաշք որմնանկարներն ի՞նչ վիճակում են: Ես երկու տարի անընդմեջ գնում եմ այնտեղ: Նախորդ տարի շատ վատ վիճակ էր: Այս տարի գնացինք, ավելի վատ էր, որովհետեւ բաց երկնքի տակ գլուխգործոցներ ենք կորցնում: Իբր վերանորոգումներ են սկսել, բայց կրիայի քայլերով: Սա վանդալիզմ չէ՞: Ես ցավալիորեն համոզվում եմ, որ մենք ոչ մի կապ չունենք ո՛չ Թումանյանի, ո՛չ Կոմիտասի, ո՛չ Թամանյանի հետ: Նրանք ուրիշ են, մենք` ուրիշ: Ես ենթադրում եմ, որ շատ բան հենց մեր դպրոցից պիտի գա: Այդ հարցերի հիմքը մեր դպրոցներում պիտի դրվի: Բացեք դասագրքերը: Տեսեք` ինչպես են ներկայացված Թումանյանը, մյուսները:
– Իսկ ինչպե՞ս են ներկայացված:
– Շատ վատ, մեխանիկորեն: Ստեղծագործությունների ընտրության հարցում կամայական են, հնաոճ, ոչ մտածված: Մեր դասագրքերը ոչ մի կերպ սիրել չեն տալիս առարկան կամ նյութը: Եթե ուսուցիչն էլ բարեխիղճ չեղավ, դա կատաստրոֆա է:
– Մեր կենտրոնական դպրոցներից մեկի տնօրենը ծնողների մոտ ասել էր, որ Թումանյանը գյուղացի մեկն է եւ նրան չարժե անգամ ընդգրկել դպրոցական դասագրքերում: Ի դեպ, նա այժմ էլ տնօրեն է:
– Կեցցե՛ ժամանակակից հայ դպրոցը:
– Անցնող տարին պիտի որ հետաքրքիր լիներ գոնե մշակութային առումով, քանի որ լրանում էր Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 140-ամյակը: Ձեր կարծիքով, այն նշեցի՞նք այնպես, ինչպես, օրինակ, ռուսները նշեցին Պուշկինի հոբելյանը։
– Կամ Գոգոլի: Ո՛չ, իհարկե: Եվ ես սա ասում եմ մեծագույն ցավով: Թումանյանի, ինչպես նաեւ Կոմիտասի, Վարուժանի եւ մյուս մեծերի հոբելյանները ազգային, պետական տոնի չվերածվեցին: Հայաստանը եւ ժողովուրդը իր ընդհանրության մեջ չվերափոխվեց, չպայծառացավ, չվերագտավ ինքն իրեն Թումանյանով կամ Կոմիտասով, մինչդեռ ուներ հրաշալի առիթ դրա համար: Եվ դա անելու մեծագույն պարտավորությունը պիտի զգային հատկապես հեռուստատեսությունները՝ որպես լուսավորություն տարածելու եւ պրոպագանդայի անփոխարինելի միջոց:
– Ակնկալել, որ մեր հեռուստաընկերությունները կանդրադառնան նման իրադարձություններին` մեծեր, հոբելյաններ, միամիտ է: Բոլորը զբաղված են ինչ-որ գեւո-հովոներով, տեսահոլովակների մասին անհասկանալի հաղորդումներով:
– Եթե պետությունը որոշել էր, որ այս տարին Թումանյանի տարին է, ուրեմն պետք է լիներ մի ընդհանուր տրամաբանություն, դրամատուրգիա, Հայաստանի ամեն մի անկյունը պիտի ցնծար Թումանյանով:
– Հոբելյանը գրագետ կազմակերպելու համար նախ` պետք է սիրել Թումանյանին: Ձեր գործի բերումով առնչվում եք պետական ատյանների հետ: Որքանո՞վ, Ձեր տպավորությամբ, մեր չինովնիկները գիտեն Թումանյան:
– Թումանյանն այն մարդն է, ում գիտեն բոլորը, սակայն նայած` ինչպես գիտեն: (Թումանյանն ասում էր` «կարեւորը ինչպեսն է»): Գիտեն հանրահայտ ստեղծագործություններով, ակնհայտ է, որ կա կաղապարված տեղեկություն, բայց ոչ գիտելիք Թումանյանի մասին: Մնացած շերտերը, որոնք շատ դեպքերում առավել հզոր են եւ շատ կարեւոր այսօր մեզ համար` Թումանյանն` իբրեւ հրապարակագիր, իբրեւ հումանիստ, փիլիսոփա, իբրեւ հայր, իբրեւ մարդ, իբրեւ մեծագույն էսթետ, դեռ հիմնականում անծանոթ են:
– Մեր մեծերի թանգարաններն ու տուն-թանգարանները, որպես կանոն, վատ վիճակում են: Եթե չեմ սխալվում, Չարենցի տուն-թանգարանի տնօրենը տարին առնվազն մեկ-երկու անգամ հիշատակում է, որ վերեւի հարկերից պարբերաբար ջուր է լցվում թանգարան: Այս կոնտեքստում ի՞նչ վիճակում է Թումանյանի թանգարանը:
– Վատ վիճակում չէ:
– Պարզապես վերեւի հարեւան չունեք:
– Հարեւան չունենք: Ունենք տանիքի խնդիր: 49 թ.-ից փայտաշեն եւ հրդեհի բռնկման համար խիստ վտանգավոր տանիք է, որը փոխելու կամ նորոգելու համար միջոց չունենք:
– Որքանո՞վ է հետաքրքիր Թումանյանի տունը հասարակության համար: Վերջերս մեկը վերադարձել էր Դոստոեւսկու տուն-թանգարանից եւ իր հետ բուկլետներ էր բերել, որոնք ահավոր հետաքրքիր էին: Եվ նա, ով չի եղել նրա տուն-թանգարանում, ցանկություն է ունենում առաջին իսկ հնարավորության դեպքում գնալ: Դուք այդ ուղղությամբ աշխատո՞ւմ եք:
– Այո, ունենք ուղեցույցներ, բուկլետներ: Գիտե՞ք, թանգարանը պետք է միշտ նոր ծրագիր առաջարկի այցելուին: Որպեսզի մեկ անգամ թանգարան այցելած մարդը երկրորդ անգամ եւս այստեղ գալու անհրաժեշտություն տեսնի: Մենք փորձում ենք դա անել:
– Թումանյանի անունը շատերին հայտնի է որպես վայր, ուր շաուրմա են ուտում: Տակավին վերջերս Արգավանդի ճանապարհին տեսա մի նորակառույց խաղատուն: Անվանումը, միայն չընկնեք, «Դոստոեւսկի»: Այսինքն` եթե իր կյանքի մի փուլում խաղամոլ է եղել Դոստոեւսկու պես հանճարը, դո՞ւք ինչու չպիտի խաղաք` համեցեք:
– Մեր ուղեղը գնալով հարթանում է: Ողբալի բան է: Անբացատրելի է, ինչպես կարելի է չպահպանել այն, ինչ այդքան խնամքով մեզ է հասել: Դսեղի մոտ են «40 մանուկ» եկեղեցին, նաեւ Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին: Ընդ որում, Թումանյանի սիրած վայրերն են: Դրանք տարեցտարի քանդվում են: Դա թուրքերը չեն անում: Ինչպես եւ թուրքերը կամ վրացիները չեն փչացնում Քոբայրը: Հիմա չես հասկանում` մենք Քոբայր կառուցած ժողովո՞ւրդն ենք, թե՞ Քոբայրի հարեւանությամբ աղբակույտ նետողը կամ պարզապես սեփական գանձերի նպատմամբ այդքան անտարբեր ժողովուրդն ենք: Ո՞վ ենք մենք: Այս հարցն անձամբ ինձ տանջում է: Ո՞վ եմ ես: Դարերի խորքում մի՛ բան եմ տեսնում, այսօր` այլ բան: Նույն վիճակում Թիֆլիսի՝ Հավլաբարում գտնվող ս. Էջմիածնի վանքն է: Նույնը` Նորաշենի եկեղեցին: Խոջիվանքի հայոց գերեզմանատան տեղում, հռչակավոր հայերի ոսկորների վրա վրացիները իրենց գեղեցիկ եկեղեցին կառուցեցին: Դա կարող էր համաշխարհային սկանդալ դառնալ, բայց չդարձավ: Ի՞նչ է նշանակում գերեզմանի, այն էլ` պանթեոնի վրա շինարարություն անել, թեկուզ եկեղեցի կառուցել: Բայց հետո մտածում ես` եկեք մեր Պանթեոն մտնենք, տեսնենք` Կոմիտասի շուրջ ի՞նչ է կատարվում: Ի՞նչ դարձավ Պանթեոնը, որը պիտի անթեղեր միայն Կոմիտասի պես մարդկանց:
– Այժմ փորձում են մեծերի կազմը «համալրել»: Ընդ որում, բավական անհասկանալի ձեւով: Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը ցանկանում են տեղափոխել Պանթեոն: Օպերայի թատրոնի շենքին կից գտնվող մեծ կոմպոզիտորի գերեզմանը ցանկանում են տեղափոխել, որպեսզի չխանգարի սրճարանի կառուցմանը:
– Անցած տարի Սպենդիարյանի ծննդյան օրը նոր սրճարանի հիմքեր էին դրվում, այս տարի այդ սրճարանը կար: Կողքին դժոխային գետնափոր մի բան կա. օդափոխության ագրեգատներ հենց Սպենդիարյանի տապանաքարի մոտ: Եվ Լեւոն Իգիթյանը պնդում է, որ գերեզմանը տեղափոխվի Պանթեոն: Բայց ինչո՞ւ: Սրճարաննե՛րը էստեղ չպիտի լինեն: Հասկանո՞ւմ եք, հակառակ տրամաբանությունն է: Եվ այն Սպենդիարյանը, ով 20-ականներին իր գեղեցիկ ընտանիքը թողեց դրսում, եկավ Հայաստան, որ երաժշտական կյանքը ոտքի կանգնեցնի, ուսումնարաններ հիմնի, արեց: Եվ հիվանդության, մենակության մեջ մեռավ: Երբ ես Դանիել Երաժիշտին տվեցի այդ հարցը` ի՞նչ է լինելու, նա ասաց` հրաշք պետք է լինի: Բայց արդյո՞ք մենք արժանի ենք այդ հրաշքին: Հրաշքը հենց էնպես չի տրվում Աստծո կողմից: Այն պետք է վաստակել: