2008թ. Հայաստանի երկաթգիծը կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնվեց ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Համաձայն կառավարության եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի` երկաթգիծը կոնցեսիոն կառավարման հանձնելու սկզբունքներից մեկն էլ երկաթգծի գույքը` ակտիվները, ընկերությանը հանձնելն է` «առանց ծանրաբեռնման երրորդ անձի կողմից»: Այլ կերպ ասած` ՀՀ կառավարություն եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմերից բացի` չպետք է լինի երրորդ անձի մասնակցություն: Մինչդեռ տվյալ դեպքում երրորդ կողմ են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիներն, ովքեր տարիներ շարունակ բնակություն են հաստատել երկաթգծին, օրինակ, կայարաններին պատկանող տարածքներում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մեզ էին դիմել Արցախի 32 հասցեում գտնվող Երեւանի վագոնային դեպոյի վարչական շենքում բնակվող մարդիկ: Վերջիններս պատմում էին, որ տարածքում Երեւանի քաղաքապետարանի մասնագետներն ուսումնասիրություններ են կատարել եւ բնակարան տրամադրելու նպատակով անօթեւանների, այսինքն` վագոնային դեպոյի վարչական շենքերում եւ հանրակացարաններում ժամանակավոր բնակեցված մարդկանց տվյալների ցանկ են կազմել: Նրանք պնդում էին, որ ցանկում ընդգրկված են երկաթգծի նախկին աշխատակիցներ, որոնք, սակայն, վաղուց ի վեր Հայաստանում չեն ապրում, իսկ ոմանք էլ` թեեւ շարունակում են ապրել վագոնային դեպոյի հանրակացարաններում, այդուհանդերձ, ապահովված են բնակարանով: Հրապարակումից անմիջապես հետո մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը ուսումնասիրությունը կատարել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հանձնարարականի համաձայն ձեռնարկվող միջոցառումների շրջանակում: Թեմայի շուրջ մենք պարզաբանում խնդրեցինք ՀՀ Տարածքային կառավարման նախարարի (ՏԿՆ) տեղակալ Արտաշես Բախշյանից: «Մեզ մոտ կան բնակարանային պրոբլեմներ ունեցող քաղաքացիներ, որոնք հիմնականում երկաթգծի աշխատողներ են եւ զբաղեցնում են երկաթգծի շենք-շինությունները, այսինքն` մեր քաղաքացիներն այսօր զբաղեցնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնված ակտիվները: Ընկերությունը ներկայումս պահանջում է ազատել իրեն պատկանող գույքը, քանի որ իրենց ասելով` արդեն տարի ու կես է՝ հանդուրժում են: Ի վերջո, մենք նոր պահանջներ ենք դնում ընկերության առաջ, բայց իրենք դա չեն կարող իրականացնել եւ պատշաճ սպասարկել մեզ: Այսինքն` այս հարցին անդրադառնալն անխուսափելի էր»,- ասում է Ա. Բախշյանը, հստակեցնելով այն ցանկը, որի մասին աղմուկ էին բարձրացրել վագոնային դեպոյի վարչական շենքերի բնակիչները: Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՏԿՆ-ն երկաթգծին պատկանող տարածքներում հաշվառել է 127 ընտանիք: Ըստ ՏԿ նախարարի տեղակալի` բնակիչների տվյալներն, ըստ որի՝ միայն Արցախի 32 հասցեում հաշվառվել է 140 անձ` չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հաշվառումը կատարվել է հանրապետության ամբողջ վարչական տարածքով մեկ սփռված երկաթգծին պատկանող կայարաններում: «Այն, ինչը թերթում գրել էիք, մեր գործունեության ընդամենը մի դետալն է: Մինչեւ քաղաքապետարանի ներկայացուցչի այնտեղ գնալը ես ինքս եղել եմ տարածքում եւ ուսումնասիրել եմ տեղանքը: Բնակիչները որոշակի ակտիվություն նկատելով՝ ենթադրել են, թե իրենց պիտի բնակարաններով ապահովեն»,- ասում է Ա. Բախշյանը` վստահեցնելով, որ միայն Երեւան քաղաքում երկաթգծին պատկանող տարածքներում բնակեցված է 55 ընտանիք (164 մարդ), որոնց փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո միջոցներ կձեռնարկվեն վերաբնակեցնելու ուղղությամբ, իսկ այն քաղաքացիներն, ովքեր ապահովված են բնակարաններով, սակայն շարունակում են ապրել երկաթգծի տարածքում` պարզապես կզրկվեն այդ տարածքներից: Վերջինս միանշանակ հայտարարում է, որ ՏԿՆ-ն երկաթգծի գույքը ծանրաբեռնած մեր քաղաքացիներին բնակարանով ապահովելու պարտավորություն չի ստանձնել, հետեւաբար՝ բնակիչների «աժիոտաժը» տեղին չէ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ վագոնային դեպոյի բնակիչների մատնանշած 140 անձի մասին ցուցակը չի համապատասխանում ՏԿՆ-ի տվյալների բազայի ցանկին: Նշենք, որ Շիրակի մարզում էլ երկաթգծին պատկանող տարածքներում ապրում է 38 ընտանիք. «Բնականաբար, մենք խնդրին մոտենալու ենք առավելագույնս զգույշ, որովհետեւ կտեղահանվեն այն մարդիկ, որոնք, ըստ համապատասխան փաստաթղթերի` ունեն ապրելու տեղ, բայց նաեւ զբաղեցնում են այդ տարածքները: Առաջին հերթին կատարվելու է գույքագրում: Օրինակ` Էրեբունի փողոցում գտնվող երկաթուղուն պատկանող ԳՄՍ կոչվող տարածքում այսօր բնակվում է 4 ընտանիք` 22 մարդ: Երկաթգծի տարածքում գտնվող առանձնացված շենք է, որը հնարավոր է լոկալիզացնել եւ հանձնել Երեւանի քաղաքապետարանի տրամադրությանը, որը մարդկանց անունով կմասնավորեցնի: Այսինքն` բնակիչներին վտարելու եւ բնակարաններ տրամադրելու փոխարեն՝ իրենց զբաղեցրած տարածքը կանջատենք երկաթգծի տարածքից եւ կտանք բնակիչներին սեփականության իրավունքով»: Ա. Բախշյանի հավաստմամբ` ներկայումս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է այդ ուղղությամբ: Արդյունքում, ըստ նրա, հնարավորինս կսահմանազատվի վերոնշյալ տարածքը եւ կհանձնվի քաղաքապետարանին: Կայարանում բնակվող փախստականի կարգավիճակ ունեցող երկու անձանց հարցը ներկայումս վերանայվում է ՏԿՆ-ում, քանի որ ՀՀ կառավարության ծրագրերի շրջանակներում փախստականներին տրամադրվում են բնակարաններ կամ կացարաններ: Այնպես որ, Երկաթգծի կայարանում բնակվող երկու քաղաքացիների հարցը հունվար-փետրվար ամիսների ընթացքում լուծում կստանա: Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախի 32 հասցեի վագոնային դեպոյի վարչական շենքերի բնակիչներին, ապա, ըստ Ա. Բախշյանի` այնտեղ հաշվառվել է 15 ընտանիք: Վագոնային դեպոյում տեղակայված վարչական շենքերից որոշները լոկալացնելու եւ բնակիչներին հանձնելու հարցը քննարկվում է: «Դուք գիտեք, որ կառավարությունը ժամանակին որոշում է ընդունել, ըստ որի` մասնավորեցնելով գործարանները՝ հանրակացարաններն առանձնացրել է գույքից եւ տրամադրել այն մարդկանց, ովքեր աշխատելով գործարաններում՝ զբաղեցրել են այդ տարածքները: Մինչդեռ նույն բանը երկաթգծում չի կատարվել: Հանրակացարանում մարդիկ ապրել են, բայց հանրակացարանը գույքի հետ հանձնվել է կոնցեսիոներին: 127 ընտանիքներից մոտ 100-ի կազմում կան երկաթգծի աշխատողներ, որոնք գործարանի կողմից են բնակեցվել այդ կացարաններում: Բայց ներկայումս «Հարավկովկասյան երկաթուղին» ուզում է իր գույքն ազատել»,- ասում է փոխվարչապետի տեղակալը` հավելելով, որ ժամանակին Երկաթգծի դեպարտամենտի տնօրենների` Խրիմյանի, Ղանդիլյանի որոշումներով՝ մարդիկ տեղավորվել են կացարաններում` պայմանով, որ հետագայում նրանք բնակարանով կապահովվեն ընկերության կողմից, մինչդեռ այսօր պետությունը չի կարող ստանձնել այդ պարտավորությունը: Ա. Բախշյանի խոսքով` ներկայումս բանակցություններ են ընթանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ ՏԿՆ-ի միջեւ: Նա եւ հույս հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում նրանց կհանձնվի մեր քաղաքացիների կողմից ծանրաբեռնումից ազատ գույք: Այնուամենայնիվ, Ա. Բախշյանը մեզ հետ զրույցում բացառեց այն հանգամանքը, որ այս գործողությունների հետեւանքով մեր քաղաքացիներից ոմանք կարող են հայտնվել փողոցում: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն է եղել, համաձայն որի` ամփոփվել է աշխատանքների առաջին փուլը: Զեկուցվել են գույքագրման արդյունքները: Փաստագրված ընտանիքների տվյալները գրանցվել են որպես պրոբլեմատիկ եւ ոչ պրոբլեմատիկ խմբեր: Ա. Բախշյանի գնահատմամբ` ոչ պրոբլեմատիկները բնակարաններով ապահովված մարդիկ են, որոնք կհրավիրվեն ապրելու իրենց սեփական բնակարաններում: ՏԿՆ տվյալներով` դրանք 61 ընտանիք են: Իսկ առանձնացված` պրոբլեմատիկ ընտանիքների հարցը, որոնք չունեն այլ ապրելու տեղ` լրացուցիչ կքննարկվի: