Դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանում Գորիսի սարերի ուրցն ու կարմիր լոբին «ձեռնոց» էին նետել ֆրանսիական օծանելիքին: Ո՞րն ավելի արագ կվաճառվի, ո՞վ ավելի շատ եկամուտ կստանա` թերեւս սա չէր գերխնդիրը, այլ այն, թե բարեգործական տոնավաճառի շրջանակներում ո՞վ` որքա՞ն հասույթով կաջակցի Երեւանի Շենգավիթ համայնքի երեք մանկապարտեզների կարիքների լուծմանը: Ամանորյա բարեգործական տոնավաճառը կազմակերպել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկինը` Նատալյա Նալբանդյանը, ով գլխավորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիան: Տոնավաճառից ստացված ողջ հասույթը` Երեւանի քաղաքապետարանի առաջարկած ծրագրի համաձայն, տրամադրվելու է Շենգավիթ համայնքի թիվ 175, 75 եւ 195 մանկապարտեզներին` ջեռուցման հարցերի կարգավորման նպատակով:
Մեկ հարկի տակ էին համախմբվել ՀՀ-ում գործող շուրջ 17 դեսպանություններ, որոնց ներկայացուցիչներն այդ օրը կանգնած էին տոնական վաճառասեղաններից այն կողմ` որպես վաճառողներ: Վաճառասեղանները միմյանցից տարբերվում էին ոչ միայն վաճառողների ազգային պատկանելությամբ, այլեւ վաճառքի դրված իրերի տեսականիով, որոնք հնարավորինս ներկայացնում էին տվյալ երկրի կոլորիտն ու ազգային դիմագիծը: «Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի տոնավաճառի: Մեր վաճառասեղանից ամենահանրահայտը հնդկական շալերն են: Դրանք ամենամեծ պահանջարկն ունեն: Մարդիկ գնում են դրանք, որովհետեւ գիտեն, որ հնդկական են»,- ասաց Սուդեհ Քադանին` Հնդկաստանի դեսպանության ներկայացուցիչը, որի վաճառասեղանին կից բավական աշխույժ առեւտուր էին անում հնդիկ երիտասարդները: Այստեղ վաճառվում էին նաեւ ազգային որոշ ուտեստներ` հնդկական հայտնի կոտլետներն ու կարկանդակները: Չինաստանի դեսպանության ներկայացուցիչների պատրաստած սեղանիկին, բացի չինական` վիշապի գլխով պատկերված շալերից, վաճառում էին նաեւ տարբեր հուշանվերներ` ծաղկամաններ, զարդատուփեր եւ այլն: ՀՀ-ում Չինաստանի դեսպանի օգնական Բաի Սյամինգի կարծիքով` կարեւորն այս տոնավաճառի նպատակն է, որի շուրջ խմբվել են բոլորը: «Առջեւում Նոր տարի է, եւ ուրախ կլինենք, որ ինչ-որ չափով կարողանանք օգնել այն մանկապարտեզներին, որոնք աջակցության կարիք ունեն»,- նշեց Բ. Սյամինգը` սպասարկելով իր գնորդներին: Տոնավաճառը նշանակալի էր նաեւ այն հանգամանքով, որ այնտեղ կարելի էր տեսնել մեր պետական այրերի տիկնանց: Միջոցառմանը մասնակցելու նպատակով քաղաքապետարան այցելեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ներկա էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տիկինը` Սուսաննա Մարգարյանը, Երեւանի քաղաքապետի տիկին Նունե Բեգլարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տիկին Աննա Բաղդասարյանը: Տոնավաճառի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նատալյա Նալբանդյանը երախտիքի խոսքեր ասաց տոնավաճառի բոլոր մասնակիցներին` օտարերկրյա դեսպանություններին եւ հայկական ընկերություններին, Ասոցիացիայի կոչին արձագանքելու եւ տոնավաճառին մասնակցելու համար: «Ամանորին ընդունված է նվերներ անել ամենամոտ ու ամենասիրելի մարդկանց եւ, իհարկե, ամենափոքրիկներին` մանուկներին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ու ներկաներին` բարեսրտության, առատաձեռնության եւ մանուկներին օգնության հասնելու պատրաստակամության համար»,- նշեց տիկին Նալբանդյանը, ով Հայաստանում առաջին անգամ էր նման միջոցառում կազմակերպում: «Նման բարեգործական տոնավաճառներ ես կազմակերպել եմ Եգիպտոսում` շուրջ 10 տարի, եւ Լիբանանում»,- ավելացրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տիկինը: Ի դեպ, տոնավաճառին հայաստանյան ընկերություններից շատերն իրենց արտադրանքն էին ներկայացրել: Իսկ «Ատեքս» նորաձեւության կենտրոնը զգեստների ցուցադրություն էր կազմակերպել: