Նոր զեկույց՝ մարտի 1-ի վերաբերյալ

19/12/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը 2010 թվականի հունվարի կեսերին նոր զեկույց կներկայացնեն:

Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց փաստաբան, փաստահավաք խմբում «Ժառանգության» նախկին անդամ Սեդա Սաֆարյանը: «Զեկույցի նյութը շատ բազմաբովանդակ հարցեր է ներառելու` սպանություններ ու մարմնական վնասվածք ստացած մարդկանց հետ կապված ամփոփումներ, հատուկ միջոցի կիրառում, ալան-թալանով զբաղվող անձանց, դրանց տերերին վերաբերող նյութեր: Ունենք եւ՛ Ոստիկանությունից, եւ՛ անվտանգության ծառայությունից, եւ՛ սովորական քաղաքացիներից ստացված նյութեր, այդ թվում` տեսանյութերը, որ դեռեւս չենք ներկայացրել»,- նշեց Ս. Սաֆարյանը: Քանի որ մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում հաշվի չէին առնվել փաստահավաք խմբի ներկայացրած փաստերը, այդ պատճառով սպասվող զեկույցը, ըստ Ս. Սաֆարյանի, ներառելու է նաեւ այդ հանձնաժողովին ներկայացված փաստերի վերլուծություններ: «Մեր փաստերից ինքը ընդհանրապես չի օգտվել, ինքն էլ է խոստովանել, որ համարյա չի օգտվել»,- ասաց Ս. Սաֆարյանը` նկատի ունենալով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Ինչ վերաբերում է տեսանյութերին, ապա դրանք ներառում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների եւ փաստահավաք խմբի անդամների հարցուպատասխանները: Ս. Սաֆարյանն ասաց, որ հրապարակելու են նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ հարցուպատասխանի տեսագրությունը, որտեղ վերջինս խուսափել է մի շարք հարցերի պատասխաններից: Ըստ Ս. Սաֆարյանի, Մ. Հարությունյանն ընդհանրապես չի ներկայացրել նաեւ որեւէ փաստաթուղթ մարտի մեկին զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Երեւանում օգտագործելու հիմքերի հետ կապված: Մինչդեռ վերջերս մամուլում հրապարակվել էր նախկին պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի` 2008թ.-ի փետրվարի 23-ով թվագրված մի հրաման, որի առաջին կետում գրված է. «ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով»: Այսինքն` Երեւանում տեղակայված ՊՆ կենտրոնական ապարատը բերվել է «զորանոցային վիճակի»: Բացի այդ, նույն հրամանով ստեղծվել է «Երեւանի կայազորի պետի վարչակազմ» անվամբ ինչ-որ մարմին` Երեւանի կայազորի այն ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի «աշխատանքը ապահովելու նպատակով»: Յու. Խաչատուրովի ենթակայության տակ է անցել նաեւ ՀՀ զինկոմը: «Միքայել Հարությունյանը չի ասել, որ ինքը փետրվարի 23-ին նման փաստաթուղթ է ստորագրել, որքան էլ որ իրեն հարցեր ենք ուղղել նման փաստաթղթերի գոյության, այսինքն` զորքի ներառման, ներգրավման հարցերի հիմնավորվածության կապակցությամբ: Մենք ունենք Մ. Հարությունյանի տեսանյութը, որով իրեն հարցաքննել ենք, ունենք նաեւ նրա չպատասխանած հարցը, թե Սահմանադրության ո՞ր հոդվածի վրա եք հիմնվել, որ մարտի մեկին զինվորներին նպատակահարմար եք գտել սեփական ժողովրդի դեմ օգտագործելու: Ունենք նաեւ Մ. Հարությունյանի հետ զրույցների հետ կապված այլ փաստեր` բացի փետրվարի 23-ին ստորագրված այդ հրամանից, որոնք կհրապարակենք իրենց մեկնաբանություններով հանդերձ: Այդ նոր զեկույցում կներառենք նաեւ փետրվարի 23-ի այդ հայտարարության վերլուծությունն ու մեկնաբանությունը»,- ասաց փաստաբան Ս. Սաֆարյանը` հավելելով, թե եթե փետրվարի 23-ի այդ հրամանը համապատասխանում էր ՀՀ Սահմանադրությանը, ապա ինչո՞ւ էր Մ. Հարությունյանն այն թաքցնում փաստահավաք խմբից: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Մ. Հարությունյանի այդ հրամանը հանցակազմ է պարունակում իր մեջ, Ս. Սաֆարյանը պատասխանեց, թե սահմանադրության համաձայն՝ «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահում են չեզոքություն»: «Հարցը ոչ մի անգամ չի վերաբերել, թե ում կդատեն կամ չեն դատի: Վստահ եմ` մարտի մեկի իրական բովանդակության կապակցությամբ միշտ լռելու են: Չեմ ուզում ասել, թե նրա արարքում որ հանցանքի հատկանիշը կա, կամ թե որ հանցանքի հատկանիշն է բացակայում: Հակասահմանադրականն ուրիշ է, հակաօրինականն ուրիշ է, հանցակազմ պարունակելը ուրիշ է: Կան բաներ, որ հակասահմանադրական են, բայց քրեորեն հետապնդելի չեն: Այդ հրամանը ակնհայտորեն Սահմանադրության նորմերից չի բխում»,- նշեց Ս. Սաֆարյանը: Ի դեպ, այս փաստաթղթի հրապարակումից հետո ՊՆ-ն պաշտոնական պարզաբանում տարածեց, որում ասված է. «2008թ. նախագահական ընտրություններին նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում լարված էր ոչ միայն երկրի ներքաղաքական իրավիճակը, այլեւ իրավիճակը ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ շրջաններում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նպատակն էր` հնարավոր անցանկալի եւ վտանգավոր զարգացումները մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով զորքերը բերել մարտական պատրաստության բարձր աստիճանի»: Այնուամենայնիվ, ըստ Ս. Սաֆարյանի, տարօրինակ է, որ սահմանների պաշտպանության նպատակով մարտական բարձր պատրաստության են բերվում Երեւանում գտնվող ԶՈՒ ստորաբաժանումները, ավելին, լրացուցիչ ստորաբաժանումներ են բերվում Երեւան: «Պաշտպանության նախարարի ստորագրությունը այդ հրամանի տակ այդ ենթատեքստով ինձ թույլ է տալիս հետեւություն անել, որ մարտի մեկը պատճառն էր այն բանի, որ որոշ պաշտոնյաներ իրենց տեղը չեն իմացել, չեն իմացել, որ զորքի տեղն այնտեղ չէ: Եվ երեւի դրանով հզորացրել են այն իշխանությանը, որ նման քայլի է գնացել: Իշխանությունը իրեն հզոր է զգացել պաշտպանության նախարարի վարքագծի շնորհիվ: Փոխադարձ կապի համատեքստում գտնում եմ, որ մարտի 1-ի համար իշխանությունը ոչ միայն որպես իշխանություն պետք է պատասխան տա, այլ նաեւ այս ենթադրվող հավատարիմ կամ իրենց հավատարիմ ներկայացնող մարդիկ պետք է գոնե իրենց մեջ իրենց մեղքի բաժինը տեսնեն»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Իսկ փաստահավաք խմբի սպասվող զեկույցը լինելու է վերջի՞նը, թե՞ հետագայում այլ զեկույցներ էլ կարող են հրապարակվել: «Չեմ կարող ասել, եթե կյանքը ցույց տա, որ մարդիկ հետագայում մեզ կվստահեն նաեւ այլ նյութեր, գուցե եւ դրանց մեկնաբանություններն էլ ծնվեն: Բայց առայժմ ներկայացնելու ենք այն նյութերը, ինչ որ մեր ձեռքի տակ կա»,- պատասխանեց Ս. Սաֆարյանը: