Առավել անտարբեր

19/12/2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրախորհրդին մեղադրել է Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ դրսեւորած «առավել անտարբեր» վերաբերմունքի մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում նախատեսված Հայաստանի հարցով քննարկումը չէր կայացել համազեկուցողների բացակայության պատճառով: Նիստին քննարկվելու էր Հայաստանի Ազգային ժողովի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Ըստ Զուրաբյանի, Եվրախորհրդի անտարբերության մասին վկայում է ոչ միայն համազեկուցողների` նիստին չներկայանալու փաստը, այլեւ այն, որ Հայաստանի հարցով քննարկումներ, ըստ էության, տեղի չեն ունենում, չեն կայանում համազեկուցողների եւ Եվրոպայի խորհրդի այլ պաշտոնատար անձանց պլանավորված այցերը Հայաստան: «Ասեմ, որ որոշ դիվանագետներ մեզ ուղիղ դրա մասին ասել են, որ քանի որ բուռն գործընթացներ են գնում թուրք-հայկական հաշտեցման հետ կապված, ղարաբաղյան կարգավորման հետ կապված, Հայաստանի ղեկավարության ուշադրությունը այլ հարցերով շեղելը այնքան էլ արդյունավետ չի լինի, եւ դա հենց բացահայտում է այդ կապը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- նշել է Լեւոն Զուրաբյանը: Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, բնականաբար, համազեկուցողների բացակայության մեջ որեւէ միտում չի տեսնում: «Պետք չէ ամեն ինչի մեջ միտում տեսնել: Թեկուզ, եթե քննարկվեր հարցը, ես համոզված եմ, որ խնդիրը դժվար մտներ լիագումար նիստի օրակարգ կամ որեւէ սանկցիաներ կիրառվեին: Ինչքանով ես տեղյակ եմ, պարոնայք Կոլոմբիեն եւ Պրեսկոտը` իրենց պառլամենտներում զեկուցելու խնդիրներ կան, կան հարցեր, եւ եթե դա չի հակասում համապատասխան օրենսդրությանը, պետք չէ դրանից մեծ սենսացիա անել, ինչը որ փորձում են անել մեր որոշ քաղաքական գործիչներ»,- ասել է նա: