«Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում մրցակից չունի»,- այդ մասին երեկ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Փաշինյանի նախընտրական շտաբի անդամ Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ խորհրդարանում թափուր տեղ մնաց այն բանից հետո, երբ մանդատը վայր դրեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Իսկ մինչ Ն. Փաշինյանը կհայտարարեր, որ մասնակցելու է այդ ընտրատարածքում կայանալիք ընտրություններին, Ս. Սուրենյանցը եւս նման մտադրություն էր հայտնել: Սակայն նա հրաժարվեց այդ որոշումից, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանն առաջադրելու է իր թեկնածությունը: «Նիկոլ Փաշինյանը միակ թեկնածուն է, որը հստակ ձեւակերպել է իր մասնակցության քաղաքական հայտը»,- երեկ ասել է Ս. Սուրենյանցը` ավելացնելով, որ դա նկատելի չէ մյուս թեկնածուների` Դավիթ Հակոբյանի եւ Արա Սիմոնյանի մոտ: Ի դեպ, վերջինի անունը Սուրենյանցին հիշեցրել են լրագրողները: Բացի այդ, «Հանրապետության» քաղխորհրդի անդամը նկատել է, որ Սիմոնյանն «իր համար բրենդ է սարքել քաղաքի կենտրոնի տղա լինելու հանգամանքը»: «Եթե ընտրությունները լինեն օրինական, եւ իշխանությունները ճնշումներ չգործադրեն, Փաշինյանի հաղթանակը համարում եմ անխուսափելի»,- հայտարարել է Սուրենյանցը: Վերջինիս համար Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարեւոր է նաեւ այլ տեսանկյունից: «Մեր հասարակությունն իր քվեով պիտի ապացուցի, որ մեր դատախազներն ու դատավորները գործ սարքող եւ պատվեր կատարող մարդիկ են»,- ասել է նա: Ժողովրդի կասկածներին ի պատասխան` Սուրենյանցը հայտարարել է, որ միայն մեկ ընտրատարածքի ընտրություններով հնարավոր է փոխել ընդհանուր իրավիճակը: Արդար ընտրություններ անցկացնելու պատրանքներ Սուրենյանցը չունի, սակայն, նրա խոսքով, իշխանությունները պետք է ապացուցեն, որ ցանկանում են փոխվել: