Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը Կենտրոն համայնքի հազարավոր կազմակերպությունների սեփականատերերին (խանութներ, կենցաղսպասարկման օբյեկտներ, գրասենյակներ ու այլ հիմնարկներ) գրություն է ուղարկել` տեղեկացնելով, որ այդ կազմակերպությունները պետք է բարեկարգեն իրենց շենքերի հարակից տարածքները:
Մեր ձեռքի տակ եղած գրության համաձայն, այդ օբյեկտների սեփականատերերը պետք է պարբերաբար մաքրեն, կանաչապատեն ու խնամեն իրենց շինություններին կից սիզամարգերը, անհրաժեշտ լուսավորություն ապահովեն: Նրանք պետք է մաքրեն նաեւ մայթերը եւ տեղադրեն անհրաժեշտ թվով աղբամաններ: Իսկ ձմռանը պարտավոր են մաքրել մայթերի ու սալաքարերի ձյունը: Սակայն չի թույլատրվում այդ ձյունը կուտակել ճանապարհներին. գրության համաձայն, ձյունը պետք է հավաքվի սիզամարգերում ու կանգառների ետնամասում: Նշենք, որ իր գրության մեջ Գ. Գյանջումյանն այս քայլը որակել է՝ որպես «բարեգործություն»: Իհարկե, առաջին հայացից մայրաքաղաքի կենտրոնի փողոցների մաքրությանն ու բարեկարգմանն ուղղված ցանկացած քայլ միայն դրական զգացումներ կարող է առաջացնել: Սակայն մի կողմից՝ այս գրությամբ մասնավոր ընկերություններին պարտադրվող գործառույթների մեծ մասը քաղաքային իշխանությունների պարտականությունն է, մյուս կողմից՝ սրանով խախտվում են պետություն-մասնավոր բիզնես հարաբերությունների խաղի կանոնները:
Ինչեւէ: «Կենտրոն մաքրություն» ընկերությունից փորձեցինք ճշտել, թե համայնքի մայթերը մաքրելը ո՞ր կառույցի իրավասությունների մեջ է մտնում: Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նախ հաստատեց, որ մայթերը մաքրելը թաղապետարանի գործառույթն է: Իր ղեկավարած ընկերությունը կատարում է այդ աշխատանքը ու դրա դիմաց մեծ գումարներ է ստանում թաղապետարանից: Պարոն Հարությունյանը հարցրեց` խոսքը ամռա՞նը, թե՞ ձմռանը մայթերը մաքրելու մասին է: Երբ ասացինք` ամռանը, նա միանգամից հասկացավ, որ խոսքը Գ.Գյանջումյանի գրության մասին է: «Օրենքով ոչ թե պետք է սաղ մայթը մաքրենք, այլ մարդկանց քայլելու համար տեղ բացենք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Երբ հարցրեցինք, թե ո՞ր օրենքի կամ օրենսդրական ակտի համաձայն, նա պատասխանեց` «հարցրեք իրավաբանական բաժնին»: Իրավաբանական բաժնից երեկ մեր հեռախոսազանգերին պատասխանող չեղավ: Եվ Ա.Հովհաննիսյանն այս գործով միակ պատասխանատու պաշտոնյան էր, որի հետ հնարավոր եղավ խոսել: Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետի ու նրա տեղակալի հետ զրուցել հնարավոր չեղավ: Մեզ անընդհատ պատասխանում էին, որ նրանք քաղաքապետարանում խորհրդակցության են մասնակցում: «Այդ գրությունն ուղղակի սիրունության համար է, ձեր համար, մեր համար է: Բոլորիս համար է: Սաղ աշխարհում ձմեռ է, ձյուն է գալիս, հնարավոր չէ այդքան ձյուն տեղափոխել: Դա հլա որ գաղտնիք է սաղ աշխարհի համար, հալացնող ինչ-որ բան չկա: Բայց անհատ-անհատ ամեն մի օբյեկտ եթե իր քառակուսին անի, ինձ թվում է, որ շատ գեղեցիկ կլինի: Ես խանութի դեմը չեմ մաքրելու, պարզ է: Մաքրելու եմ մարդկանց քայլելու տեղը: Դուք, սենց թե ընենց, եթե խանութ ունեք՝ պետք է դեմը մաքրե՞ք: Էս տարբերակն է: Ես չգիտեմ, դուք վատո՞վ եք էսի անելու, թե՞ լավով, համենայնդեպս լրագրող եք, ես չգիտեմ, թե ծրագիրը ոնց ա էթալու: Համենայնդեպս ինչ-որ կգրեք, իմացեք, որ էս քայլը բոլորիս համար է, ու չարժի էս հարցի տակ ինչ-որ բան ման գալ` ո՞ւմ իրավասության տակ ա, կամ ինչի՞ համար ա: Ինձի հետաքրքիր ա, թե մարդիկ ինչի՞ են էդ աստիճանի ըտենց բաներ մտածում: Ձեր ձեռքը դրեք ձեր սրտի վրա ու մտածեք, թե ո՞րն է ճիշտ: Գտնում եմ, որ դա շատ ճիշտ որոշում է բոլորիս համար»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Երբ ասացինք, որ դա օգնություն կլինի նաեւ պարոն Հովհաննիսյանի ղեկավարած հիմնարկին, քանի որ այդպիսով նրանք ավելի քիչ տարածք կմաքրեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես իմ աշխատանքը, սենց թե ընենց, անելու եմ հնարավորին չափ, որ մարդիկ չընկնեն, սառույց չլինի: Սա արվում է, որ ավելի տպավորիչ լինի»:
Այս գործառույթները մտնում են համայնքի պարտականությունների մեջ: Ավելին, այդ աշխատանքների իրականացման համար համայնքը պետբյուջեից դոտացիաների ու սուբսիդիաների տեսքով հսկայական գումարներ է ստանում: Եվ ստացվում է, որ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարները ցանկանում են քաղաքը մաքրել օբյեկտների հաշվին, բայց գաղտնիք է, թե ի՞նչ են անելու դրա համար հատկացված գումարները: Նույնը վերաբերում է նաեւ սիզամարգերի բարեկարգմանը, իսկ դա էլ վերաբերում է արդեն կանաչապատմամբ զբաղվող հիմնարկներին, որոնք նույնպես այդ աշխատանքը կատարելու համար թաղապետարանից գումարներ են ստանում: Կենտրոնում ամեն քայլափոխի որեւէ կազմակերպության գրասենյակ կամ առեւտրային ընկերություն կա, եւ եթե նրանք մայթերը մաքրելու հետ միասին նաեւ գազոններն էլ մաքրեն ու բարեկարգեն, ապա ճիշտ կլինի, որ ՀՀ Կառավարությունը հատկապես ճգնաժամային այս տարիներին վերանայի Կենտրոն համայնքին հատկացվելիք գումարի չափը: Հիշեցնենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով Երեւանն ունենալու է սեփական բյուջե, որը գոյանալու է մայրաքաղաքի վարչական տարածքում գտնվող հողի եւ գույքի հարկից, մասհանում է կատարվելու գործող օբյեկտների վճարած եկամտահարկից, շահութահարկից, բնապահպանական վճարից եւ այլ վճարներից: Ընդհանուր առմամբ Երեւանի բյուջեն ձեւավորվելու է 24 տեսակի հարկերից, տուրքերից ու այլ տիպի վճարումներից: Այսինքն` մեր մայրաքաղաքն արդեն ունենալու է բավական մեծ բյուջե, որը ծախսելու է իր կարիքների համար: Եվ այդ ընդհանուր բյուջեից բավական մեծ գումար է հատկացվելու Կենտրոնի վարչական շրջանին, որովհետեւ հատկապես այս համայնքում են կենտրոնացած մայրաքաղաքի գործող օբյեկտների ու հաստատությունների մեծ մասը: Եվ այս ֆոնի վրա ստացվում է, որ Կենտրոնի վարչական շրջանն իր մայթերի ու սիզամարգերի մաքրությունն ու բարեկարգումը թողնելու է այդ օբյեկտների հույսին: Իհարկե, պարոն Գյանջումյանն իր գրության մեջ դա բարեգործություն է համարել, սակայն մեր իրականության մեջ հասկանալի է, թե այդ մեղմ ձեւակերպումների տակ պարտադրանքի ինչ կոշտ մեթոդներ են թաքնված: