Ինձ բացակա չդնեք

19/12/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հավատալ, թե Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետի պաշտոնի համար այս` ոչ այնքան պատվաբեր պայքարը գաղափարական է, կարող են միայն այն լավատեսները, ում համար անգամ գերեզմանատան խաչերը բացառապես պլյուսներ են: Բոլորը, իսկ կուսակցականները` հատկապե՛ս, գիտեն, թե ո՛րն է Հայաստանում կուսակցությունների իրական դերը: Եթե կուսակցությունը հարյուրամյա է, Սփյուռքում ազդեցիկ կառույցներ ունի, այն եկամտի աղբյուր է: Եթե կուսակցությունը չունի հարյուրամյա պատմություն, գրագետ ձեւակերպված գաղափարախոսություն, այն, միեւնույն է, դարձյալ եկամտի աղբյուր է: Ընտրությունների ժամանակ կամ կյանքի էքստրեմալ այլ իրավիճակներում կուսակցությունն իր ծառայություններն է առաջարկում իշխանություններին` ապահովել ընտրողների համապատասխան գլխաքանակ, իշխանությունների այս կամ այն քայլին լրջություն հաղորդելու համար առաջարկում է հանդես գալ քաղաքական գնահատականով: Նման ծառայությունները վարձատրվում են կա՛մ կանխիկ գումարով, կա՛մ քաղաքական պաշտոնով:

Կուսակցություններից մի քանիսն էլ իշխանություն-ընդդիմություն դաշտում դեգերում են` առանց ծուլանալու, առանց ձանձրանալու: Մինչեւ մարդկանց հիշողությունից անհետ ջնջվելը: Ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի օրոք ՍԴՀԿ-ն կարծես դուրս եկավ ավանդական եւ զառամյալ կուսակցության ամպլուայից եւ քաղաքական թարմ քայլ արեց` միանալով ակտիվ ընդդիմությանը` Հայ Ազգային կոնգրեսին: Ի դեպ, այդ կուսակցությունից քաղաքականությամբ ակտիվորեն չհետաքրքրվողներին անգամ հայտնի էր բացառապես հենց տիկին Սարգսյանի անունը:

Այժմ կուսակցության ներսում իշխանափոխություն է կատարվում: Այնքան էլ արժանահավատ չի հնչում պնդումը, թե ՍԴՀԿ-ի պառակտմամբ ծանր հարված կհասցվի Հայ Ազգային կոնգրեսին: ՀԱԿ ասելով` հասկանում ենք Լեւոն Տեր-Պետրոսյան: Եվ Նիկոլ Փաշինյան: Այսինքն` նրանից, թե քանի մանր ու մեծ կուսակցություն է հայտարարել, որ միանում է ՀԱԿ-ին, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխվում: Եվ հայաստանյան ոչ մի կուսակցություն` լինի նոմենկլատուրային թե ընդդիմադիր, քաղաքական կյանքում ոչինչ փոխելու զորություն չունի, քանի որ չունի համակիրների անհրաժեշտ զանգված:

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նման կարեւորությունը, երբ բոլոր լրատվամիջոցներով լուսաբանվում է այս կուսակցության առօրյան` գրեթե օն-լայն ռեժիմով, պատկերացնելը դժվար էր: ՍԴՀԿ-ն երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել քաղաքական կյանքում որոշիչ դեր ունեցող կամ ստանձնող կուսակցություն` անգամ ղեկավար մարմնում փոփոխություններից հետո: Կուսակցության ատենապետի դերի շուրջ առաջացած այս պայքարի առավել հավանական վարկածն այն է, որ Լյուդմիլա Սարգսյանը հայաստանյան ատենապետն էր Սփյուռքում բավարար հեղինակություն եւ ֆինանսներ ունեցող կառույցի: Իսկ այնտեղ, որտեղ կա փող, հայ ներկա եւ նախկին իշխանավորները անտարբեր անցնել չեն կարող: Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ հակառակ դեպքում ՍԴՀԿ-ի նման ոչ այնքան հայտնի եւ քաղաքական կյանքում ամենեւին ազդեցություն չունեցող կուսակցության ատենապետի պաշտոնի համար այսքան աղմուկ բարձրացնելը իմաստ չէր ունենա: Սփյուռքից ֆինանսավորվող կուսակցությունները հայաստանցու համար հետաքրքիր են բացառապես ֆինանսական տեսակետից:

ՍԴՀԿ ատենապետի փոփոխության գործընթացն, ըստ էության, ոչինչ չփոխեց, սակայն ցույց տվեց, որ հայ տղամարդկանց` գոնե քաղաքականությամբ զբաղվող մասը չգիտի` ինչ է նշանակում ջենթլմեն, ասպետ: Տղամարդկանց այդ խումբը, որ ցանկանում է տեր կանգնել արդեն պատրաստի մի կուսակցության, բնավ հաշվի չառավ, որ կուսակցության ատենապետը կին է:

Այս կուսակցությունը, հատկապես «տոհմական», «պապենական» հնչակներով, ապագա չունի ճիշտ այնպես, ինչպես նրանց մյուս բախտակիցները` ռամկավարները: Տարիքն առած այս կուսակցությունները հիշեցնում են զառամյալ ծերուկի, ով «Մերսեդեսի» ղեկին` սլանում է: Սակայն այս դեպքում ավտոմեքենայի մակնիշը ոչինչ չի փոխում: Ոչինչ չի փոխում նաեւ ծերուկի պլաստիկ վիրահատությունը. եթե անգամ հարթվում են կնճիռները, կյանքի տեւողության վրա դա լրջորեն չի անդրադառնում:

Դատելով մեր իշխանությունների վարքագծից` բնավ չի կարելի բացառել, որ, ինչպես նշվում է, ՍԴՀԿ պառակտումը, ինչպես նաեւ հայաստանյան գրեթե բոլոր կուսակցությունների քայքայումը, նրանց ձեռքի գործն է: Սակայն ճանաչելով նաեւ կուսակցությունների ղեկավարներին, տեսնելով նրանց թուլությունները փողի հանդեպ, կարող ենք արձանագրել, որ նման կուսակցությունները պառակտելու համար իշխանությունների կողմից լուրջ ջանքեր անհրաժեշտ չեն: Հայաստանում գործող կուսակցությունները, ցավոք, նաեւ ընդդիմությունը, չունեն ուժ, հաճախ էլ` ցանկություն` Հայաստանում ինչ-որ բան փոխելու: Առավել եւս` ՍԴՀԿ-ն: Այս կուսակցության ակտիվիստների ծպտված համագումարը արդեն հասարակական անհետաքրքրության նոր ալիք է առաջացնում ՍԴՀԿ-ի հանդեպ: Այս կուսակցությունը հասարակության համար հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ չունի ինքնուրույն որոշումներ ընդունելու, ինքնուրույն գործելու հնարավորություն, չունի խարիզմատիկ անհատներ, ովքեր կարող են հասարակության գոնե փոքրիկ մասի համակրանքը շահել:

Հասարակությանն ամենեւին հետաքրքիր չէ պաշտպանության երբեմնի փոխնախարար, ապա նաեւ Արտադրական կառուցվածքները համակարգող նախարար Վահան Շիրխանյանի անձը: Հայաստանի քաղաքական գործիչների ողբերգությունն է, որ նրանք չեն կարողանում թոթափել անցյալի սինդրոմը: Լսեք նրանց ելույթները: Դրանք բացառապես հիշողության, լա՛վ հիշողության վրա կառուցված տեքստեր են: «Երբ ես վարչապետ էիգ Երբ ես պաշտպանության նախարար էիգ Երբ ես նախագահ էիգ Երբ եսգ»: Մեր քաղաքական գործիչների գիտելիքների, կյանքի փորձի, լայն աշխարհայացք չունենալու խնդիրը երեւում է այն ժամանակ, երբ կուտակած փորձը չի տեղափոխվում համալսարանական լսարաններ: Այդ մարդիկ անվերջ վերադարձի մեջ են: Սակայն Հայաստանի քաղաքական գործիչների առանձնահատկությունն այն է, որ տարիքի հետ նրանք ոչ թե խաղաղվում են, այլ էներգիայի այնպիսի պաշար են կուտակում, որը նրանց բավարարում է ոչ միայն անդամակցել նոր կուսակցությունների, այլեւ փոքրիկ հեղափոխությունների միջոցով դարձյալ հայտնվել ղեկավարի դերում: Թող որ՝ ՍԴՀԿ-ի:

Սա մի տխուր պատմություն է իրենց անվերջ փնտրող, բայց չգտնող մարդկանց մասին: