Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենք 2010-ին կընդլայնեն համագործակցությունը հատկապես ֆրանսիական ու ռուսական կինոգործիչների հետ:
Արդեն նախատեսված է, որ ռուսաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանը կնկարահանի «I am going change my name» («Ալավերդի») հայ-ռուս-ֆրանսիական ֆիլմը, որը կունենա 650 հազար եվրո բյուջե (գումարի 10%-ը կտրամադրի Հայաստանը): Ֆիլմն արդեն ընդգրկվել է անկախ ֆիլմերի ամենահայտնի «Սանդանս» փառատոնի 12 ֆինալիստների ցանկում եւ արժանացել խրախուսական մրցանակի: Ֆիլմը պատմելու է երիտասարդ հուսալքված ու միայնակ 14-ամյա աղջկա մասին, ում սեռական եւ հոգեբանական հասունությունը զուգորդվում է հոր որոնումների հետ: Էվրիդիկան իր մոր` Սոնայի հետ ապրում է փոքր Ալավերդի քաղաքում, երազում է երջանիկ լինելու, արքայազնին հանդիպելու ու սեփական անունը փոխելու մասին: Երկու կանայք սիրելով իրար` զրկված են իրական երկխոսությունից եւ կարծես տարբեր մոլորակներում են ապրում: Սոնան անընդհատ իր ղեկավարած երգչախմբի հետ հյուրախաղերի է մեկնում, իսկ Էվրիդիկան փորձում է բջջային հեռախոսով ֆիլմ նկարահանել: Հետո աղջիկը որոշում է թողնել Ալավերդին եւ տարօրինակ երեւանյան արկածներից հետո վերջիվերջո կարողանում է հաշտվել սեփական կյանքի ու անվան հետ` ծանոթանալով «Օրփեոս ու Էվրիդիկա» առասպելի հետ ու հասկանալով մորը: Հերոսուհու մայրը մեքենավար է, որը իր կյանքի իմաստը տեսնում է հոգեւոր երաժշտության մեջ: Շարականները կօգնեն նաեւ նրա դստերը, որն այլեւս Էվրիդիկա չէ, այլ Անիկո է: Եվ արդեն անձնագիր է ստացել: «Ալավերդի» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարվա գարնանը: Այժմ ընթանում են գլխավոր դերակատարների որոնումները: «Էվրիդիկայի դերակատարը կարող է եւ չլինել դերասանուհի, սակայն նա պետք է ուժեղ առանցք ունեցող աղջիկ լինի»,- ասել է ֆիլմի ռեժիսոր եւ համասցենարիստ Մարիա Սահակյանը:
Մյուս հայաստանյան ուշագրավ կինոնորությունը կլինի ռեժիսոր Նիկա Շեկի (Եվգենյա Շեկոյան) «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմը, որը կդառնա հայ-գերմանական համաարտադրություն, քանի որ ռեժիսորն ու իր ընտանիքը, արդեն մի քանի տարի է, ապրում ու աշխատում են Գերմանիայում: Այդ ֆիլմն իր ժանրով դրամա կլինի, որտեղ տեղ կգտնեն 1980-1990-ականների պատկերները: Գործողությունը տեղի կունենա փոքր, բազմազգ (հայ, հրեա, ադրբեջանցի, ուկրաինացի, ռուս, գերմանացի) բնակիչներ ունեցող քաղաքում: Ֆիլմի հերոսը Աշենն է, ում մայրը հայուհի է, իսկ խորթ մայրը` ռուս: Ստացվել է այնպես, որ նրա ծնողներն ապրում են քաղաքի հակադիր (հայ եւ ադրբեջանական) հատվածներում եւ զրկված են միմյանց հետ շփվելու հնարավորությունից: Եվ ոչ մի կերպ չեն կարող որոշել, թե որտեղ պետք է ապրի իրենց զավակը, որպեսզի ապահով ու հեռանկարային կյանք ունենա: Եվ Աշենին անընդհատ թվում է, որ իր սեփական կյանքը բաղկացած է երկու զուգահեռ ընթացող իրականություններից: Հայ-ադրբեջանական պատերազմը միանգամից երկու մայր ունեցող երիտասարդ աղջկան զրկում է մայրական աջակցությունից: Մայրերը զոհվում են, եւ Աշենի կյանքը փրկում է ադրբեջանուհի մի կին, ով էլ արդյունքում դառնում է նրա երկրորդ մայրը: «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի բյուջեն կազմելու է մոտ 500 հազար եվրո եւ դառնալու է ռեժիսոր Նիկա Շեկի եւ պրոդյուսեր Սերիկ Հովսեփյանի դեբյուտային լիամետրաժ խաղարկային ֆիլմը: Մինչ դա այս ամուսնական զույգը նկարահանել է միայն վավերագրական կինոֆիլմեր, որոնք էլ նրանց հաջողություն եւ միջազգային կապեր են բերել:
Ուշագրավ է, որ եւ 29-ամյա Մարիա Սահակյանը, եւ 27-ամյա Նիկա Շեկը հաջողության են հասել միայն այն ժամանակ, երբ Հայաստանից դուրս են եկել ու ներգրավվել են ռուսական եւ գերմանական կինոարտադրության մեջ: Թեեւ երկու կինոռեժիսորներն էլ հպարտությամբ իրենց նախագծերում նշում են, որ հայաստանցիներ են: Մարիա Սահակյանն, օրինակ, իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է. «Ես ինձ ռուսաստանցի էի համարում, բայց հիմա հասկացել եմ, որ իմ ապագան Հայաստանում ֆիլմ նկարահանելն է»։