Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ծորենին (բարբարիս) ժողովրդական բժշկության մեջ
Երկրի վրա գոյություն ունի ծորենու մոտ 500 տեսակ: Մեզ մոտ, սակայն, աճում է ծորենու 3 տեսակը: Բուժական տեսանկյունից ուսումնասիրված է ծորենու սովորական տեսակը: Այն շատ ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն թփատեսակ է: Բուժական նպատակով օգտագործում են ծորենու տերեւները, ծաղիկները, հատապտուղները, ճյուղերի կեղեւը եւ արմատները: Ընդհանրապես տերեւները հավաքում են կոկոնակալման եւ ծաղկման շրջանում, իսկ արմատները` աշնանը:
Սովորական ծորենու պտուղները հարուստ են C, K վիտամիններով, շաքարներով, օրգանական թթուներով (կիտրոնաթթու եւ խնձորաթթու), պեկտիններով: Բնի եւ ճյուղերի կեղեւը պարունակում են ալկալոիդներ, դաբաղանյութեր եւ այլն: Ծորենու թուրմը եւ չոր հատապտուղները լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սննդի թթվությունը բարձրացնելու նպատակով: Թարմ հատապտուղն օգտագործվում է հյութեր, մուրաբա, խմիչքներ պատրաստելու համար: Ծորենու բնափայտը շատ ամուր է եւ օգտագործվում է փայտե իրեր պատրաստելու համար: Ժողովրդական բժշկության մեջ ծորենու պատրաստուկներն օգտագործվում են ներքին ու արտաքին արյունահոսությունների դեպքում: Ամերիկայում այն օգտագործվում է լյարդի, լեղապարկի հիվանդությունների բուժման, ինչպես նաեւ աղեստամոքսային ուղիների լարվածությունը մեղմելու եւ ախորժակը բարձրացնելու համար: Գիտական բժշկության մեջ օգտագործվում է նաեւ տերեւների սպիրտային թուրմը: Ծորենու տերեւներից, կեղեւից եւ արմատներից անջատված «Բերբերին» պատրաստուկը նշանակվում է որպես լեղամուղ միջոց լյարդի հիվանդությունների (լեղաքարեր, լեղապարկի բորբոքում, լյարդի բորբոքում) բուժման համար:
1 ճաշի գդալ արմատների կամ կեղեւի փշուրները եփելով 10 րոպե 500 մլ ջրում ու այս եփուկը օրը 3 անգամ խմելով՝ կթեթեւացնեք ստամոքսի սպազմի վիճակը: Տվյալ եփուկը նաեւ տոնուսը բարձրացնող նշանակություն ունի: Այն նաեւ շատ լավ օգնում է փորլուծի, ռեւմատիզմի ու այտուցների դեպքում: Եփուկը կարգավորում է սրտի աշխատանքը եւ նպաստում զարկերակային ճնշման իջեցմանը: Այն կարող է նաեւ ծառայել որպես շատ լավ կոմպրեսի միջոց` կոպերի եւ լնդերի բորբոքման ժամանակ:
Պտուղները ուտելով` դուք կկարգավորեք ձեր մարսողական համակարգի աշխատանքը:
Ծորենու տերեւների թուրմը կարելի է օգտագործել սրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով: Այն արագացնում է սրտի ռիթմը, մեծացնում նրա կծկման տատանման սահմանը, իջեցնում զարկերակային ճնշումը, կարգավորում արյան մակարդելիությունը, ինչպես նաեւ առաջացնում է արգանդի կծկում եւ կանխում արյունահոսությունը, նպաստում է լեղու արտադրությանը: Այն օգտակար է դեղնախտի, թոքաբորբի, ռադիկուլիտի, անգինայի, երիկամների հիվանդությունների բուժման համար:
Քանի որ ծորենու արմատները պարունակում են մեծ քանակությամբ ալկալոիդներ, պետք է զգույշ լինել եւ չչարաշահել դրա օգտագործումը: Պետք է հաշվի առնել, որ այն թունավոր է եւ նույնիսկ դրա պրեպարատներն ընդունելիս պետք է զգույշ լինել:
Դիմադրողականությունը բարձրացնելու համար
Առաջարկում ենք մի քանի բաղադրատոմս, որոնք նպաստում են դիմադրողականության բարձրացմանը.
– Մսաղացով անցկացնել 1 բաժին կիտրոն եւ 1 բաժին լոռամիրգ: Ստացված զանգվածին ավելացնել 2 բաժին մեղր: Այս խառնուրդն օգտագործել առավոտյան եւ երեկոյան: Այն պետք է պահել սառնարանում:
– Գրիպով չհիվանդանալու համար շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է կիտրոնի, ընկույզի ու մի քանի տեսակ չորամրգի խառնուրդը: Դրա համար պետք է 3-4 կիտրոն, 1-2 բաժակ ընկույզ, 300գ ծիրանաչիր, 300գ չամիչ եւ 3-4 ճաշի գդալ մեղր: Այս ամենն անց կացնել մսաղացով, ու վերջում խառնել մեղրը: Այս խառնուրդը կարելի է ընդունել անսահմանափակ, իհարկե, զգուշանալով ալերգիայից: