Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն, ըստ նախնական ժամանակացույցի, այսօր պետք է ներկայացվեր աճուրդի: Սակայն աճուրդը չի կայանալու հայտատուների բացակայության պատճառով: Այդ մասին ասել է ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը: Նշենք, որ երեկ ժամը 16:00-ին լրանում էր գործարանի գնման համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը եւ, համապատասխան հայտ լինելու դեպքում, պետք է այն դրվեր աճուրդի: «Բջնին» գնահատվել է 5 մլրդ 184 մլն դրամ: Ի դեպ, չնայած ընկերությունը տվյալ պահին սնանկության գործընթացում է, սակայն պատկանում է իր նախկին տերերին` Սուքիասյաններին: Այդուհանդերձ, ինչպես հաստատել է Արսեն Չիտչյանը, խանութներում հանդիպող «Բջնիները» թողարկում են ոչ թե Սուքիասյանները, այլ այս պահին սնանկության գործերով կառավարիչը, այսինքն` իր ղեկավարության տակ աշխատող գործարանը: «Ա1+»-ի դիտարկմանն ի պատասխան՝ որ որոշ խանութների աշխատակիցներ ասում են, թե իրենց «Բջնի» են հանձնում պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «տղաները», Ա. Չիտչյանը վստահեցրել է, թե Ռուբեն Հայրապետյանը որեւէ առնչություն չունի այս գործարանի հետ. «Աշխատողներին ընդունել եմ ես, աշխատավարձ տալիս եմ ես, աշխատողները մեզ մոտ են գրանցված: Գուցե մեկը մեկին բարեկամ է, չգիտեմ»: Ի դեպ, նա ասել է նաեւ, թե տնտեսապես գործարանի աշխատանքը այս պահին «իրեն արդարացնում է»: Նշենք, որ սնանկության գործընթացի պրոցեսը ենթադրում է, որ կամ սեփականատերերը կարող են գումար ներդնել, պարտքերը փակել, առողջացնել ընկերությունը, կամ ներկայացնել առողջացման ծրագիր, որը կընդունվի կամ չի ընդունվի դատարանի կողմից: Երրորդ տարբերակը գույքի վաճառք է: Հիշեցնենք, որ «Բջնի հանքային ջրերի գործարանը» պատկանում էր գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, բայց երբ վերջինս հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր որոշման մասին, նրա ձեռնարկություններում ստուգումներ սկսվեցին, իսկ «Բջնին» հանվեց աճուրդի: Գործարանը մեկ անգամ, մոտ 4 մլրդ դրամով վաճառվել էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, բայց հետո գործարքը չեղյալ համարվեց: