Ինքնահնչակվեցին

17/12/2009

Երեկ տեղի է ունեցել այն, ինչի մասին խոսվում էր վերջին մի քանի ամիսներին: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության իշխանական թեւը` ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու նորաթուխ հնչակ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, Ծաղկաձորում գումարել է «համագումար» եւ որոշում է կայացրել կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետի պաշտոնից Լյուդմիլա Սարգսյանին հեռացնելու վերաբերյալ: «Արտահերթ համագումար» կոչվող այդ միջոցառումն անցել է կիսակոնսպիրատիվ պայմաններում, գրեթե դաշնակավարի: Ինքնահռչակ հնչակները տեղեկացրել են միայն Լ. Սարգսյանին հեռացնելու «որոշման» մասին: Ամենայն հավանականությամբ, այսօր այս «նախաձեռնության» հեղինակները կհայտարարեն «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանին ՍՀԴԿ հայաստանյան կառույցի ատենապետ հռչակելու մասին: Իրականում կատարվածը ոչ միայն ՍԴՀԿ կանոնադրության, այլ նաեւ ՀՀ օրենսդրության խախտում է, ինչի մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է նաեւ ՍԴՀԿ Հայաստանի կառույցի իրական ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Ես չեմ բացառում, որ եթե այսպես շարունակի, կդիմեմ ԱՄՆ դեսպանատուն եւ կպահանջեմ մեր ներքաղաքական պրոցեսներին միջամտող իրենց քաղաքացուն կարգի հրավիրել: Ոչ մի օտարերկրացի իրավունք չունի ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվել: Ս.Աճեմյանը փորձում է ՀՀ-ում կուսակցություն զավթել, դա կուսակցությունների մասին օրենքի լրջագույն խախտում է»,- հայտարարել է Լ.Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՍՀԴԿ-ի պառակտման նպատակը ավանդական կուսակցություններից եւ ոչ այնքան ավանդական «Ժառանգությունից» բաղկացած վերահսկելի ընդդիմության ստեղծումն է: Դատելով այն կոպիտ մեթոդներից, որոնցով կազմաքանդվում է այս կուսակցությունը, դա իշխանությունների համար դարձել է գերնպատակ: Երեւի այն պատճառով, որ իշխանություններն այսօր «ամուր են առավել, քան երբեւէ»: