Նոր չարաշահումներ

17/12/2009

Երեկ Լոռու մարզում կայացած արտագնա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է մի շարք բացահայտումների մասին: Զբոսաշրջության զարգացման գործակալությունում օրենքով սահմանված պետական տուրքերի գծով պետբյուջե չի վճարվել 15 մլն դրամ: Իսկ Լոռու մարզում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտում կատարված բացահայտումներին անդրադառնալով՝ Ի. Զաքարյանն ասել է. «Գիտության մարդկանց շատ եմ հարգում, բայց 70-91 տարեկան 183 աշխատող, մասնագետ ձեւակերպված են, տեղեր կան, որտեղ մի ընտանիքից 5 մարդ է ձեւակերպված»: Անդրադառնալով սոցիալական ծառայությունների ոլորտին՝ ՎՊ նախագահը նշել է, որ տրամադրվող նպաստների շուրջ 32%-ն իրականացվում է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Պետական բյուջեով այդ նպատակով տրամադրվող գումարը շուրջ 30մլրդ է, սակայն մեկ տարում անօրինական վճարումները կազմում են շուրջ 10մլրդ դրամ: Ի դեպ, Ի. Զաքարյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է վերանայել նպաստների վճարման կարգը: Նշենք, որ Լոռու մարզպետարանի գործունեության ուսումնասիրությունների արդյունքում նույնպես բացահայտվել են մի շարք ֆինանսական խախտումներ: Խոշոր չարաշահումներ են բացահայտվել նաեւ ջրային տնտեսություններում եւ մարզային այլ կառույցներում: