«2009 թվականը, ցավոք, ձեռքբերումների տարի չէ, եւ պակաս դժվար չի լինելու նաեւ 2010 թվականը»,- ամփոփելով անցնող տարին՝ երեկ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության` ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Պատասխանելով ընդդիմության ձեռքբերումների վերաբերյալ հարցին, նա ասաց, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում են երկրի ձեռքբերումները: «Ես չէի էլ ուզենա խոսել ընդդիմության ձեռքբերումների մասին, քանի դեռ երկրում չեն իրականացվել որակական փոփոխություններ»,- նշեց ՀԺԿ նախագահը` որպես դրական հանգամանք նշելով այն, որ պայքարը շարունակվում է: Հայ Ազգային կոնգրեսը, ըստ Ս. Դեմիրճյանի, ունի հանուն արդարության մղվող քաղաքական պայքարը շարունակելու ներուժ, իսկ ՀԺԿ-ն հավատարիմ է այդ պայքարին: «Ի՞նչ է նշանակում հավատարմություն` մենք միշտ եղել ենք պարկեշտ գործընկեր, միշտ: Եղել է, որ մեր նկատմամբ եղել են անպարկեշտ, բայց մենք միշտ եղել ենք պարկեշտ գործընկերներ: Իսկ ՀԱԿ-ը ունի լուրջ պոտենցիալ»,- ասաց նա: Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից հանրահավաքների անցկացման վերաբերյալ հարցին, Ս. Դեմիրճյանը նշեց, որ իրենց համար հանրահավաքները ինքնանպատակ չեն: «Ժամանակին, երբ «Արդարություն» դաշինքն էր, նույն խոսակցություններն էին` պահանջում էին հանրահավաքներ: Ես դա շատ լավ հասկանում եմ, սակայն այս դադարը, պաուզան որեւէ գործարքի ապացույց, նշան չէ, եւ հանրահավաքներ դեռ կլինեն, քանի որ կա դրա պահանջը, եւ կա ասելիք: Դադարն էլ պետք է չափի մեջ լինի, հանրահավաքն էլ»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` առաջարկելով այժմ չխոսել այն մասին, թե երբ կլինի հաջորդ հանրահավաքը: Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջը եւ վաղաժամ ընտրությունների անցկացումը մնում է Կոնգրեսի օրակարգում: Սակայն, ըստ Ս. Դեմիրճյանի, առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի` որպես մեկ կուսակցություն հանդես գալու հարցը այժմ չի քննարկվում: «Բազմիցս եմ ասել, որ ինքս կողմնակից եմ կուսակցությունների խոշորացմանը: Լավ կլինի, որ գաղափարական հենքի վրա իրականացվի կուսակցությունների միաձուլում: Այդ հարցը հիմա չի քննարկվում` թե ինչպես մասնակցել ընտրություններին, սակայն պետք է նաեւ ասեմ, որ ՀԺԿ-ն միշտ էլ եղել է համախմբման կողմնակից եւ դա ապացուցել է կոնկրետ քայլերով: Մասնավորապես, հենց այդ պատճառով` ընդդիմադիր հզոր բեւեռ ձեւավորելու նպատակով, ես չառաջադրվեցի անցած նախագահական ընտրություններում,- նշեց ՀԺԿ առաջնորդը` հավելելով,- առհասարակ, կարեւորը այն է, որ ընտրությունները կեղծելու ավանդույթին վերջ տրվի, անցկացվեն արդար, նորմալ համապետական ընտրություններ, եւ դրանից հետո համոզված եմ` շատ հարցեր կլուծվեն. սա է մեր հետագա զարգացման նախապայմանը»: Պատասխանելով Կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներքին խմորումների վերաբերյալ հարցին` Ս. Դեմիրճյանը ընդգծեց, որ այլ կուսակցությունում տեղի ունեցող գործընթացները մեկնաբանելը համարում է ոչ կոռեկտ: «ՍԴՀԿ-ի հետ մենք լավ համագործակցել ենք, կոնկրետ` Լյուդմիլա Սարգսյանի հետ: Դրա համար, իմ ցանկությունն է, ես շատ կուզենայի, որ արագ հանգուցալուծվեր այդ ճգնաժամը եւ շարունակվեր այդ համագործակցությունը»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Իսկ եթե ՍԴՀԿ ատենապետ դառնա «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանը կամ Վահան Շիրխանյանը, նրանց հետ ՀԱԿ-ը կշարունակի՞ համագործակցել: «Եկեք «եթե»-ներով նախ չխոսենք, սպասենք տեսնենք` ինչ կլինի, նոր հետո կանդրադառնանք այդ հարցերին: Իսկ առհասարակ` մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ ունենք ընդհանուր եզրեր: Եվ մյուս կողմն էլ, ինչքանով որ ես եմ տեղյակ, ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի դնում»,- ասաց ՀԺԿ ղեկավարը: Նա նաեւ խորհուրդ տվեց անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանից կամ նրա գրասենյակից պարզաբանումներ ստանալ այն մասին, թե առաջին նախագահն ի՞նչ է նկատի ունեցել իր վերջին ելույթում Եղիազար Այնթապցու օրինակը բերելիս: «Ես այդ կապակցությամբ պետք է ասեմ հետեւյալը` լեգիտիմության հարցը պայմանավորված է ընտրություններով, ժողովրդի քվեով, եւ եթե կա լեգիտիմության ճգնաժամ, այն պետք է հաղթահարվի ընտրությունների միջոցով: Սա շատ հստակ է»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Խոսելով թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական ընտրությունների մասին, Ս. Դեմիրճյանը դարձյալ կարեւորեց արդար ընտրությունների անցկացումը: «Ճիշտ կանեն, որ արդար ընտրություններ ապահովեն, բայց, իհարկե, շատ կասկածելի է` դա կարվի՞, թե՞ ոչ: Թե ինչու չկա կոալիցիայի թեկնածու, ավելի ճիշտ կլինի կոալիցիան այդ հարցին պատասխանի, բայց չեմ կարծում, թե որեւէ մեկը այնքան միամիտ է, որ հավատա, մտածի, թե լինելու են շատ արդար ընտրություններ»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Հարցին, թե այդ ընտրատարածքում առաջադրված չորս թեկնածուներից քանիսին կարելի է ընդդիմադիր համարել, Ս. Դեմիրճյանը պատասխանեց, թե չի ուզում առանձին-առանձին անդրադառնալ թեկնածուներից յուրաքանչյուրին: Ինչ վերաբերում է ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ապա ըստ Ս. Դեմիրճյանի՝ նրա հաղթելու հավանականությունը արդար ընտրությունների պարագայում շատ մեծ է: Լրագրողներից մեկն էլ հարցրեց ՀԺԿ առաջնորդին, թե ինչ ազդեցություն կարող է թողնել իր քաղաքական գործունեության վրա այն, որ իր դուստրն ամուսնացել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդու հետ: «Եկեք չանլրջացնենք, չափի մեջ լինենք: Այս թեմաներով ես հրաժարվում եմ խոսել»,- պատասխանեց Ս. Դեմիրճյանը` ընդգծելով, որ հարցը կոռեկտ չէ: