«Մեզ համար օրակարգային հարցը 21-րդ դարում հետեւյալն է. մարդկանց համար իրական դարձնել մարդու իրավունքները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում իր ելույթում անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մարտավարությանը: «Մարդիկ պետք է ազատ լինեն բռնապետության շղթաներից, կտտանքներից, խտրականությունից, առաջնորդների հանդեպ ունեցած վախից, ովքեր կարող են բանտարկել կամ ոչնչացնել նրանց: Այս ամենով հանդերձ, նրանց կարիքները պետք է բավարարված լինեն` սննդի, առողջության, կրթության որակյալ օրենսդրություն ունենալու իմաստով»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է ԱՄՆ պետքարտուղարը: «Նախագահ Օբամայի փիլիսոփայությունը ակնհայտ կդարձնի, թե ինչպես է Ամերիկան տեսնում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Չինաստանում եւ Ռուսաստանում»,- նշել է Հիլարի Քլինթոնը` ավելացնելով, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի եւ Չինաստանի դեպքում շատ «նրբանկատ մոտեցում» ցուցաբերել, քանի որ երկու պետություններն էլ ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկերներ են զենքի չտարածման եւ համաշխարհային տնտեսության վերականգնման հարցերում:
«Սկզբունքային պրագմատիզմը խոսում է բոլոր երկրների, բայց հատկապես առանցքային համարվող Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին: Համագործակցությունը նրանցից յուրաքանչյուրի հետ կարեւոր է համաշխարհային տնտեսության առողջացման տեսանկյունից, նաեւ` անվտանգությանն առնչվող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսին Հյուսիսային Կորեան եւ Իրանն են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Միեւնույն ժամանակ, Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է «անկեղծ քննարկումները, պաշտոնական Պեկինի հետ` Տիբեթի ժողովրդի, ույգուրների իրավունքների պաշտպանության, խոսքի եւ կրոնի ազատության սահմանափակումների վերացման մասին»: Իսկ Ռուսաստանին առնչվող խնդիրներից պետքարտուղարն առանձնացրել է լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունների չբացահայտված դեպքերը, որոնք, ըստ Քլինթոնի, պաշտոնական Մոսկվայի հետ քննարկվում են: Այդուհանդերձ, Քլինթոնն ավելացրել է. «Սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է աշխատի այն կառավարությունների հետ, որոնք խախտում են իրենց քաղաքացիների իրավունքները»: Քլինթոնը նաեւ չի համաձայնել այն քննադատների հետ, որոնք կարծում են, թե մարդու իրավունքների համար պայքարը եւ ազգային շահի հետապնդումը` նկատի ունենալով, օրինակ, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցությունը, իրար հակասող երեւույթներ են: «Վաշինգտոնը այդ երկուսը համատեղելու ուղիներ է որոնում»,- ասել է նա: