«Զիջումները համարժե՞ք են սպառնալիքներին»

17/12/2009

– Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը հայտարարեց, որ Վրաստանը կդառնա այդ կառույցի անդամ, սակայն այդ փաստը կարծես աննկատ մնաց մեր հանրության համար:

– Իհարկե, այդ հայտարարությունից մինչեւ անդամակցություն դեռ բավական ժամանակ կանցնի, թեպետ Վրաստանն ավելի քան 5 տարի հետեւողական քայլերով ձգտում է դրան: Մինչդեռ մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բացարձակապես համահունչ չէր այդ եւ տարածաշրջանային այլ զարգացումներին: 2004թ. մինչ օրս ավելի քան 100 հրապարակային ելույթ եմ ունեցել, որոնցում քննադատության եմ ենթարկել օրվա իշխանություններին` վարվող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության հարցում: Սակայն մեր ընդդիմախոսների կողմից Վրաստանի դեպքում մի պարզունակ բացատրություն էր բերվում, թե` նա հո այսօ՞ր չդարձավ ՆԱՏՕ-ի անդամ, որ մենք էլ անհանգստանանք: Իսկ այն, որ անդամակցելու պարագայում տարածաշրջանում կառաջանան բաժանարար գծեր, որ Վրաստանը թշնամական հարաբերությունների մեջ է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, իսկ մենք նրա հետ շփվում ենք Վրաստանի միջոցով, եւ այս կարգի շատ հարցեր, իշխանություններին կարծես առանձնապես չէին մտահոգում: Բայց մի՞թե պետական այրերին պատիվ է բերում թիթեռի նման օրով ապրել ու չմտածել ապագայի մասին, մինչդեռ այդ վաղվա օրը, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու տեսքով, մի քայլով էլ մոտեցավ: Այսօր մեզանում շատ է խոսվում, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը շաղկապված է Ղարաբաղյան հարցի հետ: Ֆորմալ առումով այդ երկու գործընթացների միջեւ ուղղակի կապ չկա, բայց շատ կզարմանայի, որ թուրքական կողմը չօգտվեր առիթից ու չփորձեր կապել դրանք: Նմանապես, պակաս զարմանալի չէր լինի, որ հայկական կողմը հայ-թուրքական սահմանի բացման ակնկալիքով սկսած գործընթացը չպայմանավորեր մեր հարավային դարպաս հանդիսացող Իրանի նկատմամբ պատժամիջոցների սպասվելիք խստացմամբ ու նաեւ մեր հյուսիսային դարպաս հանդիսացող Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հավանական անդամակցությամբ:

– Այսինքն` իշխանությունների նախաձեռնողական քաղաքականությունը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակ է հետապնդում, այլ` համալի՞ր միջոցառումներ է իր մեջ ներառում:

– Եթե այդպես չլինի` առնվազն շատ տարօրինակ կլինի: Հո չե՞ք կարծում, որ երկրի նախագահը մի օր արթնացավ ու որոշեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այն էլ` պատրաստ լինելով նրա սահմանները ճանաչել ու նաեւ պատմաբանների հանձնաժողովի միջոցով ցեղասպանությունը միջազգային հանրության աչքերում, եթե ոչ ուղղակի, ապա գոնե անուղղակի կասկածի տակ դնել: Ես միանշանակ պնդում եմ, որ այս արձանագրություններում հայկական կողմի համար անբարենպաստ կետեր կան, պարզապես, փաստն արձանագրելուց բացի, փորձում եմ գնահատել. այդ զիջումները համարժե՞ք են մեր երկրի հանդեպ տարածաշրջանային սպառնալիքներին: Թե չէ այս վերջին տարիներին ի՞նչ ենք ցանել, որ հիմա ուզում ենք միայն հաջողություններ հնձել: Եվ եթե մինչեւ վերջերս Հայաստանի «ֆորպոստացման» դեմ պայքարող քաղաքական ուժերը բավական ակտիվ էին, ապա հիմա մի տեսակ դա էլ է մղվել երկրորդ պլան, քանի որ 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրացիայի առաջամարտիկի դրոշը ընդդիմությունն ուղղակի պատի տակ նետեց: Մինչդեռ սպասվում էր, որ ռուսամետ իշխանություններին հակադրվելով` առաջին նախագահը կառաջարկեր ինչպես գաղափարական, այնպես էլ աշխարհայացքային այլընտրանք: Պետք է, որ վերջին նախագահական ընտրությունները որակապես այլ լինեին, սակայն առաջին նախագահն իր նախընտրական ծրագրում առանձնահատուկ կարեւորել էր մեր երկրի բարիդրացիական հարաբերություններն իր անմիջական հարեւան Ռուսաստանի հետ: Հազիվ թե գիտությունների դոկտորն ու նրա ինտելեկտուալ շրջապատը չիմանային, որ Ռուսաստանը մեր անմիջական հարեւանը չէ, պարզապես ամեն գնով հաղթելու մոլուցքը ստիպել էր քծնանքի նշաձողն իջեցնել «արխադաշ»: Չմոռանանք նաեւ, որ նախընտրական ամենաթեժ պահին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն անսպասելի այցելեց Ռուսաստան, նրա թիմակիցներն ինչպիսի խորհրդավորությամբ էին ներկայացնում Մեդվեդեւի հետ նրա հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Էլ չեմ խոսում այն մասին, որ քարոզարշավի ողջ ընթացքում նրանք շարունակաբար թմբկահարում էին, որ Ռուսաստանի հետ կնքված բոլոր ռազմավարական պայմանագրերի հեղինակը Տեր-Պետրոսյանն է, որպեսզի մեր այս վասալային վիճակի «հաջողությունները» պատահաբար Քոչարյանին չվերագրվեր: Արդյունքում Սերժ Սարգսյանը եվրաատլանտյան ինտեգրացիայի առաջամարտիկի դրոշը ոչ թե խլեց որեւէ մեկից, այլ վերցրեց պատի տակից: Ինչից հետո Արեւմուտքում հասկացան, որ Հայաստանում, ի դեմս ընդդիմության կամ նրա առանձին թեւերի, գործընկեր այլեւս չունեն, եւ, լավ թե վատ, պետք է աշխատեն իշխանությունների հետ. հրաժարվելով տարբեր տեսակի հեղափոխություններից ու անցնելով էվոլյուցիոն բարեփոխումների: Այո՛, եթե տեսնում են, որ ընդդիմությունից սպասելիք չկա` աշխատում են անգամ Լուկաշենկոյի հետ ու համաձայնվում, որ Ղազախստանը դառնա ԵԱՀԿ նախագահող երկիր: Այնպես որ, ուրիշներին երկակի ստանդարտների մեջ մեղադրելու փոխարեն, լավ կլինի մեղքը մեր մեջ փնտրենք:

– Այսօր նորից թեժացել է բանավեճը, թե Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մեզ համար օգո՞ւտ է, թե՞ վնաս: Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ դա բխում է Հայաստանի շահերից:

– Դա ես պնդել եմ 5 տարի շարունակ: Միաժամանակ ուզում եմ նշել, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պայմանավորված չէ հայ-թուրքական հարաբերություններով կամ էլ նրա կողմից Ցեղասպանության ճանաչմամբ: Դրանք ընդամենը օժանդակ ֆոն կարող են ապահովել, որը չի ազդելու ԵՄ անդամ երկրների վճռի վրա, քանի որ նրանք առաջնորդվում են իրենց համար ավելի լուրջ ու կենսական շահերով: Կարծում եմ` մենք պետք է ամեն կերպ խրախուսենք Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, հետագայում էլ կարողանանք դրանից օգուտներ քաղել: Իսկ դրա համար ընդամենը պետք է «հաշտվենք» այն մտքի հետ, որ մենք Ռուսաստանի ֆորպոստը չենք, ու այդժամ կարող է նաեւ լրացուցիչ հնարավորությունները կարողանանք ճիշտ գնահատել, այլ ոչ թե միայն կորուստներն արձանագրել:

– Մտավախություն չունե՞ք, որ արձանագրությունները կարող են չվավերացվել:

– Անգամ, եթե չվավերացվեն, թեպետ դրա հավանականությունը շատ փոքր է, միեւնույն է` մենք այլեւս գտնվում ենք որակապես նոր իրողության մեջ. թեման բացված է, բազմակողմանիորեն քննարկված, սահմանի բացմանը նախապատրաստվելու համար զգալի աշխատանք արված: Մենք հիմա պատրաստ ենք ոչ միայն պայմանավորվածությունների արդյունքում սահմանի բացմանը, այլեւ՝ եթե այն տեղի ունենա հանկարծակի: Թե չէ` Թուրքիան փակել է սահմանը, իսկ մեզանում գտնվում են մարդիկ, որ ասում են` մենք պատրաստ չենք սահմանի բացմանը: Իսկ եթե նա, ով փակել է, մի օր էլ հանկարծակի որոշի բացել, ինչ է, հիմա էլ մե՞նք ենք վախից փակելու ու միջազգային հանրության աչքում ծիծաղի առարկա դառնալու` թե այսքան տարի շրջափակմանն այնպես ենք հարմարվել, ինչպես ստրուկը` իր շղթաներին, որ վիճակը փոխել չենք էլ պատրաստվում:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ