«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել 70-ամյա միայնակ թոշակառու Լուիզա Գեւորգյանը: Վերջինս իր հետ տեղի ունեցած միջադեպից վրդովված` հայտարարում է, որ ՀՀ իշխանությունները աղքատության թիվը նվազեցնում են թոշակառուներին բնաջնջելու ճանապարհով:
Նա ասում է, որ պետության կողմից ֆինանսավորվող թոշակառուներին վերապահված արտոնությունների շրջանակներում կատարվող միջոցառումները բուժհիմնարկներն իրականացնում են անփույթ կերպով եւ «գլխառադ» անելով: Լ. Գեւորգյանի դժգոհության համար հիմք է հանդիսացել տարիներ առաջ ՀՀ Առողջապահության նախարարության իրականացրած այն ծրագիրն, ըստ որի` թոշակառուները անվճար հիմունքներով կարող են օգտվել ատամնաբուժական կենտրոններից: Պետպատվերի շրջանակներում ատամնաշարի հետ կապված խնդիրները լուծելուց հետո միայնակ թոշակառուն մինչ այսօր չի կարողանում դադարեցնել թարախային բորբոքման պրոցեսը: «Մի քանի տարի առաջ գնացի Առողջապահության նախարարություն, ասացի՝ թոշակս չի հերիքում, որ ատամներս կարգի բերեմ: Չեմ կարողանում հաց ուտել, հյուծվել, հիվանդացել էի: Պատկերացրեք, որ վիտամիններ էի ընդունում, որովհետեւ ատամներիս պատճառով ուտել հնարավոր չէր, փոխարենը շատ էի հյուծվել: Պետպատվեր ձեւակերպեցին եւ ուղարկեցին անվճար բուժվելու»,- պատմում է Լ. Գեւորգյանը` հիշեցնելով, որ իր աշխատանքային տարիներն անցել են կոմունիստական շաբաթօրյակների սիստեմատիկ իրականացմամբ, որի ընթացքում արտաժամ, հանգստյան օրերին աշխատելով` հավաքած գումարը փոխանցել է առողջապահական հիմնարկների կառուցմանը: Այդուհանդերձ, Լ. Գեւորգյանի հավաստմամբ` վիրահատության ժամանակ երկու ծնոտների ատամները հեռացնելու համար կոշտ առարկա մտցնելիս տեղաշարժել էին կտրող ատամները, ինչը հետագայում ատամնաշարի հետ կապված մեծ խնդիրներ էր առաջացրել: Լ. Գեւորգյանը ԱՆ ուղեգրով դիմել է Շենգավիթ համայնքի «Ծերեթելիի» խաչմերուկի մոտ գտնվող ատամնաբուժական կենտրոն: «Իրենք ասացին` կարող եմ դիմել ցանկացած ատամնաբուժարան, բայց քանի որ ես բնակվում եմ Արարատյան 2-րդ զանգվածում, իսկ մեր շրջանինը գտնվում էր Հարավ-արեւմտյան թաղամասում` ընտրեցի մոտ տարածքը, այսինքն` 3-րդ մասի բոլորին հայտնի ատամնաբուժարանը»,- պատմում է Լ. Գեւորգյանը` նշելով, որ իրեն բուժող բժիշկ ոմն Լյովա պետպատվերով «պացիենտին» օգտագործել է էքսպերիմենտներ անելու համար: Բանն այն է, որ Լ. Գեւորգյանին բուժող բժիշկը` հասկանալով, որ միայնակ թոշակառուից գումարի ակնկալիք ունենալ չի կարող` առիթն օգտագործել է որպես դասընթաց-պրակտիկա` աշակերտներին ատամ հանել սովորեցնելու համար: Լ. Գեւորգյանը պատմում է. «Նա 4-5 աշակերտ ուներ, որոնցից ամեն մեկն իմ ատամնաշարի վրա մի բան էր սովորում: Հասկանում եք, չէ՞, որ անփորձ ուսանողներ են, կարող են սխալվել, վրիպել, որի արդյունքում հիվանդը անդառնալի կորուստ կարող է ունենալ: Ես ասում էի, որ սա չի շարժվում, չի ցավում, պետք չի հեռացնել, բայց առողջ ատամները հավեսով հեռացրեցին, որպեսզի ամբողջական պրոթեզավորեն: Այսինքն` իմ ատամների վրա աշակերտներին սովորեցնում էին, թե ինչը` ոնց է պետք անել: Նրանք էլ իրենց մակարդակով ինչ կարողանում անում էին: Բառադի, բռի կերպով քաշեցին: Եթե բոլորի ուշքն ու միտքը փող պոկելն ա` պարզ ա, որ անվճարունակ թոշակառուի հետ կվարվեն էնպես, ինչպես ուզում են»: Ինչեւէ, Լ. Գեւորգյանն ասում է, որ ատամնաբուժական կենտրոնի մատուցած ծառայություններից հետո իր մոտ մինչ օրս թարախային պրոցեսը շարունակվում է: Ինքը, վախից, նորից չի դիմում բժշկական միջամտության: Ասում է` փորձը ցույց է տալիս, որ պետպատվերով բուժվող թոշակառուներին պատշաճ կերպով չեն սպասարկում, եւ բացակայում է պետական վերահսկողությունը: Առայժմ նախընտրում է մասնավոր բժշկի տված ցավազրկող թուրմով, այդ սրվակների միջոցով կանխել թարախային բորբոքումից առաջացած ցավերը. «Ամբողջ գիշեր ցավերից գալարվում եմ: Փաստորեն գնում եմ, որ պետպատվերով բուժվեմ, բայց հետո դիմում եմ մասնավոր բժշկին, որպեսզի պետպատվերով բուժածի հետեւանքները ցավազրկի: Իրանք էնպես են մարդու ատամնաշարի հետ վարվում, կարծես արհեստական գանգ են տեղադրել եւ փորձարկումներ են անում: Էդ բուժումից հետո էնպես էի հյուծվել, մաշվել…»: Լ. Գեւորգյանը ՀՀ Առողջապահության գործող նախարարին կոչ է անում խիստ հսկողություն սահմանել պետպատվերի շրջանակներում թոշակառուների համար նախատեսված բժշկական միջոցառումների վրա. «Հակառակ դեպքում` թոշակառուները պետության հաշվին ոչ թե բուժվում, այլ` հիվանդանում են»: Չնայած տեղի ունեցածին, Լ. Գեւորգյանը երբեւէ չի բողոքել ատամնաբուժական վերոնշյալ սպասարկման դեմ։ «Ինձ թվում է, որ Ձեր ապրած տարիները բավական են հասկանալու համար, որ Հայաստանում ինչ-որ բանի համար բողոքելը վտանգավոր է»,- ասում է նա: Միայնակ, անժառանգ թոշակառուն 19 տարի որպես ինժեներ-էլեկտրամեխանիկ աշխատել է «Հայէլեկտրո»-ում եւ զարմանում է, թե մեր օրերում ինչպես են վերաբերվում անպաշտպան թոշակառուներին: ՀՀ Առողջապահության նախարարությանը
Լ. Գեւորգյանն առաջարկում է` «Թող ատեստացիա անցկացնեն, եւ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը վստահվեն բարեխիղճ, արժանապատիվ մասնագետների, ոչ թե փինաչի-արհեստավորներին եւ նրանց ուսանողներին, աշակերտներին»: