Ճապոնական նախագիծը մեկնարկելա

17/12/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նուբարաշեն տանող ճանապարհի երկու կողմերից երիզված աղբի հաստ շերտերը յուրօրինակ ուղեգորգի դեր են կատարում:

Նուբարաշենցու համար սա ամենօրյա տեսարան է, ինչպեսեւ թաղամասի մուտքի մոտ տարածված հսկայական գերեզմանոցը:

Ավելին` այսօր Նուբարաշենի բնակիչները հումորով են մոտենում նույնիսկ այն աղբավայրին, որն ունի իր մշտական բնակիչներն ու այնտեղ մուտք գործելու հստակ կանոնները: Նրանք դա անվանում են «բոմժերի» մաֆիա: «Նուբարաշենի զիբիլանոցը դարձել ա տուրիստական կենտրոն»,- ծիծաղելով խոսում էին Նուբարաշեն տանող երթուղային տաքսու ուղեւորները: Կանաչ դարպասների մոտ երթուղային տաքսին կանգնեց, որտեղից արդեն տեսանելի էր Երեւանի անսքող դիմագիծը: Տեսարանը, որ սովորաբար բացվում է այցելուների առջեւ, հեռվից նմանվում է իսկական ջրվեժի, որն իր խշշոցի փոխարեն՝ գարշահոտ է տարածում: Հեռվից փորձում էի թաքուն հետեւել աղբավայրում հավաքված մարդկանց եռուզեռին: Պարզվեց, որ այստեղ մարդիկ ավելի շատ են տեղյակ իրենց իրավունքների մասին: Եթե աղբավայրի բնակիչներից մեկը շշեր է հավաքում, ապա նա չի կարող բացի շշերից, այլ «ապրանք» էլ աղբավայրից արտահանել: Ավելին` ոչ բոլորը կարող են մտնել այս աղբավայր: Հիմնական բնակիչները միմյանց ճանաչում են, եւ ամեն մեկը հստակ գիտի, թե ով` ինչ «արտահանելու» իրավունք ունի: Մեկին պատկանում է թղթերի «գործը», մյուսին` մետաղի, եւ այսպես շարունակ: Խախտելու դեպքում վեճեր ու կռիվներ են լինում: Աղբավայր գալիս են նաեւ ընտանիքներով: Այնտեղ իմ գտնվելու պահին «Ժիգուլի» մակնիշի երկու ավտոմեքենաներ կային` կարմիր ու սպիտակ: Ավտոմեքենաների տերերը մեքենայի մեջ էին տեղավորում իրենց «ապրանքները»: Քիչ անց բնակիչներից մեկը նկատելով ինձ` դիմեց ընկերներին` «Փախե՛ք, նկարում են, փախե՛ք»: Բնակիչները խառնվեցին իրար ու սկսեցին հարցեր տալ, թե ո՞վ եմ, ի՞նչ եմ ուզում: Թերեւս աղբավայրի բնակիչները հաշտվել են միայն այնտեղ արածող անասունների նախրի հետ: Ինչեւէ, աղբավայրի բնակիչներին չխռովելու պատճառով հեռացա աղբավայրից` վերհիշելով վերջերս լսած բազմաթիվ պատմությունները, թե աղբավայրում տարեկան որքան շատ են լինում մահացության դեպքերը` ոմանք մահանում են ցրտից, ոմանք` այն ուտելիքից, որը գտնում են աղբի միջից: Աղբ, որ թափում է մայրաքաղաքի շուրջ 1,2 մլն բնակիչ` օրվա կտրվածքով շուրջ 450 տոննա: Աղբավայրի բնակիչներին թողնելով իրենց գործին` քայլերս ուղղեցի դեպի այն կանաչ տնակը, որի բակում մեծ սարքավորումներ էին տեղադրված: ճանապարհին, քայլելիս, հիշեցի Գորկու «Հատակում» ստեղծագործությունը, որում նկարագրված սոցիալական ապահովության աստիճանը գուցե մի քանի նիշ բարձր է Երեւանի այս հատվածում բնակվող մարդկանց իրական կյանքից: Կանաչ տնակը հենց այն աղբամշակման կետն է, որը պատկանում է ճապոնացիներին: Դեռեւս 8 տարի առաջ Ճապոնիայի շինարարական եւ ինժեներական մի ընկերություն` «Շիմիզու» անվամբ, Հայաստանում իրականացրել էր ուսումնասիրություններ, որի արդյունքում Հայաստանին առաջարկել էր 3 նախագիծ` «Կոնգեներացիոն համակարգի կիրառումը Երեւանի քաղաքային ջեռուցման համակարգում», «Երկու փոքր հիդրոկայանների կառուցում» եւ մի ծրագիր, որը վերաբերում էր Նուբարաշենի աղբավայրից կոշտ կենցաղային թափոններից կենսագազի օգտահանմանը եւ էլեկտրական էներգիայի արտադրությանը: Ավելի ուշ` 2009թ. մարտի 10-ին ճապոնական ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվեց պայմանագիր, որտեղ կողմերը մանրամասն նշեցին իրենց պարտավորությունների մասին, իսկ արդեն հոկտեմբերին շահագործվեց, այսպես ասած, կենսագազի օգտահանման կայանը: Ըստ կայանի գլխավոր ճարտարագետ Կարեն Սարգսյանի` կայանի համար ամենադժվար փուլը աղբավայրի հորատման եւ հողային աշխատանքներն էին, որտեղ աշխատակիցները հանդիպում էին աղբավայրի մշտական բնակիչների ընդվզմանը: «Աշխատում ենք մթնոլորտի վնասակար նյութերը նվազեցնել: Առայժմ աշխատանքները սկսել ենք 6,5 հա տարածքում, որտեղ կուտակվել է 25 տարվա աղբ»,- նշեց Կարեն Սարգսյանը: Նրա դիտարկմամբ՝ կայանն առայժմ աշխատում է առանց շահույթի, իսկ արդյունավետության պարագայում ընկերությունը նաեւ գեներատորներ կտեղադրի՝ էլեկտրաէներգիա ստանալու համար: