Կանացի եւ առնական սկիզբը՝ հայ նկարչուհիների գործերում

17/12/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ միջազգային լայն արձագանք ունեցող, ծավալուն ու ներկայանալի «Gender Check», այսինքն` «Գենդերային ստուգում» խորագիրն ունեցող ցուցահանդեսը, որին հայ արվեստագետները հնչեղ մասնակցություն ունեցան:

Ավստրիական ամենախոշոր ժամանակակից արվեստի «MUMOK» չորսհարկանի թանգարանում 24 երկրների համադրողներն ու նկարիչները փորձ արեցին արվեստի տեսանկյունից վերանայել գենդերային դերերը, որոնք 1960-ական թթ. մինչ մեր օրերը մեծ փոփոխություններ են կրել` դառնալով ուսումնասիրության նյութ: «Գենդերային ստուգման» նախաձեռնողը սերբուհի, բեռլինցի Բոյանա Պեջիչն էր, որ շուրջ 1 տարի աշխատել է 24 երկրների ուսումնասիրողների հետ ու ներկայացրել այն բոլոր տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունեցել արվեստում հավերժացված կնոջ կերպարի հետ: Իսկ այդ փոփոխությունները շատ հետաքրքիր դիտարկումների առիթ են տալիս, քանի որ հպվում են եւ սոցռեալիզմի շերտին, եւ կրոնական առանձնահատկություններին, եւ հիփիների շարժմանը, եւ սահմանների վերաձեւմանն ու անհետացմանը։

Համադրող Եվա Խաչատրյանը, ով հայկական թեմայի ուսումնասիրողը եւ ներկայացնողն էր, նկատում է. «Ցուցահանդեսը միայն աշխատանքի արդյունք էր, մենք երկար ժամանակ քչփորել ենք մեր արխիվները` գտնելու համար ամենացայտուն կանացի հետքը»: Քչփորումների արդյունքում 4 հայ նկարչուհիների` Արմինե Կալենցի, Արեւիկ Արեւշատյանի, Անիտա Առաքելյանի ու Արաքս Ներկարարյանի գործերը իրենց սահուն եւ շատ հնչեղ տեղը գտան արեւմտաեվրոպական արվեստի կոնտեքստում: Ա.Արեւշատյանը, ով նույնպես ներկա է եղել ցուցահանդեսի բացմանը, նկատում է. «Շատ կարեւոր էր տեսնել, թե ամեն երկրում ինչպիսի սպեցիֆիկ ուսումնասիրություն է կատարվել, ինչպիսի բովանդակություն է ստեղծվել։ Առավել հետաքրքիր էր հետեւել, թե խորհրդային տարիներին տարբեր նկարիչներ ինչպիսի արվեստային հնարքներ են գտել՝ կնոջ եւ տղամարդու հավասար կամ տարբեր լինելը ընդգծելու համար։ Գրեթե անսեռ իրականության մեջ հանկարծ կարող ես փխրուն կանացիությունը կարեւորող մի տարր գտնել։ Լեհաստանն, օրինակ, ներկայացված էր գործերով, որոնք երբեք չեն ցուցադրվել` երկար տարիներ փոշոտվելով պահոցներում»։

Ուշագրավ ու որոշ իմաստով` խորհրդանշական միջադեպ պատահեց Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի կտավի հետ: Այն արդեն ընդգրկվել էր ցուցադրվող գործերի ցանկում, տեղադրվել էր կայքէջում, կատալոգում, եվրոպացի համադրողները նույնիսկ շատ են խնդրել ցուցադրել հատկապես այդ գործը, քանի որ ցուցադրության հատվածներից մեկը ներկայացնում էր կանացի ավտոպորտրետը (մի ժանր, որին հազվադեպ են անդրադարձել կանայք), սակայն Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի ղեկավար Լեւոն Իգիթյանը ոչ նպատակահարմար է համարել կտավի տրամադրումը: «Ստեղծվեց անհեթեթ իրավիճակ, եւ՛ գործը ցուցադրելու շանսից զրկվեց, եւ՛ թանգարանը չկարողացավ միջազգային կապեր հաստատել»,- նկատում է Ե.Խաչատրյանը: Ընդ որում` եղել են դեպքեր, երբ տարբեր երկրների թանգարաններ եւ գործակալներ հրաժարվել են գործերը Ավստրիա ուղարկել, սակայն Ե.Խաչատրյանը համոզված է, որ փոքր Հայաստանը շատ բան կորցրեց իր լավագույն ստեղծագործողներից մեկի աշխատանքը «կոնսերվացնելով»: «Չէ՞ որ կարող էր հաջող համագործակցություն սկսվել երկու թանգարանների միջեւ: Սա իրոք պատմական ցուցահանդես էր, քանի որ առաջին անգամ արվեստի պատմության մեջ փորձ արվեց` գենդերային տեսանկյունից վերանայումներ անել»,- ասում է նա:

Անիտա Առաքելյանի էքսպրեսիվ կանացի պատկերները (կինը պատկերված է արյան անձրեւի տակ), Արմինե Կալենցի «Պրոմեթեւսը» (որի ուրվագծերում նշմարվում է կանացի ֆորմա), Արեւիկ Արեւշատյանի կանացի «գործիքները» (գրտնակը, դանակը, «զակատ» անելու սարքը, գդալը՝ միաժամանակ եւ որպես խոհանոցային իրեր, եւ որպես սառը եւ շատ ագրեսիվ զենքերի տեսակներ են ներկայացված), Արաքս Ներկարարյանի «Մասիսը» (որի ստորոտում հավաքված մարդկանց շարքերում նկատվում է կանանց գերիշխանությունը), շատ գեղեցիկ կարող էր շարունակվել Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի հպարտ, փխրուն ու ինքնաբավ դիմանկարով: Գենդերային դերաբաշխումը, որը, ուզենք թե չուզենք, նկատվում է ցանկացած հասարակության մեջ` մեր կյանքում այնքան էլ չի հետազոտվում: «Գենդեր» բառը հաճախ կապվում է ներմուծվող ու կազմաքանդիչ օտարերկրյա հովերի հետ: Մինչդեռ կնոջ ու տղամարդու դերերի «լղոզումը» կամ էլ դիմադրությունը կարող է ուսումնասիրությունների լայն դաշտ բացել: Պատահական չէ, որ Վիեննայում մեծ տեղ էր հատկացված սոցռեալիզմին, այն պատմական հատվածին, որտեղ կինը մկանուտ կոլտնտեսուհի էր կամ քաջ տրակտորավար: Եվ այսօրվա հայացքը նետելով` այդ դաշտում կարելի է որքան ուզես` «պեղումներ» կատարել, որոնցից մեկն էլ «Gender Check»-ի հետեւությունն էր. կինը տղամարդկային գծեր է ձեռք բերել, իսկ տղամարդը` կանացի: Ընդ որում՝ այդ ցուցահանդեսին նաեւ մեծ թվով տղամարդ ստեղծագործողներ էին մասնակցում՝ կնոջ դերի սեփական ընկալումը դիտարկելով 21-րդ դարի տեսանկյունից։ Ցուցահանդեսի ազդակներում պատկերված էր ռուս նկարչի այն գործը, որտեղ տղամարդն իրեն Մերիլին Մոնրոյի մաշկի մեջ է պատկերել։ Խաղ, կատակ, պրովոկացիա, արդի հարցադրումներ. այդ ամենը տեղ էին գտել եւ՛ ցուցահանդեսի ֆորմատում, եւ՛ նախագծի շրջանակներում անցկացվող սիմպոզիումների մեջ, որոնց թեմաներն էին «Կարո՞ղ է ֆեմինիզմը արեւելյան լեզվով խոսել» եւ «Fuck the gender»։ Այսինքն՝ ընտրված էին իրոք կարեւոր երկխոսությունների թեմաները։ Եվա Խաչատրյանն, օրինակ, համոզված է, որ իր տատիկը ֆեմինիստ է եղել՝ նույնիսկ չգիտակցելով դա, քանի որ միայնակ է ոտքի բարձրացրել իր երեխաներին, մի քանի տեղ է աշխատել, եւ նրա կողքին տղամարդ չի եղել։ «Շատ նման օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ գենդերային հարցերը երբեք հայերի համար անկարեւոր չեն եղել եւ բնավ էլ Արեւմուտքից չեն բերվել, պարզապես մենք մեր կյանքին սովոր չենք տարբեր սեռերի տեսանկյունից նայել։ Անշուշտ, սեռերի տարբերությունը կարեւոր չէ, բայց միայն այն ժամանակ, երբ իրական հավասարություն կա։ Իսկ երբ ուղղակի անտեսում ես այդ հարցերը, կինը մղվում է ետին պլան»,- ասում է նա։

Որպես կանոն՝ միջազգային՝ գենդերային, բնապահպանական եւ այլ արդիականացված թեմաներով նախագծերը ֆինանսավորվում են գրանտներով, ինչը ենթադրում է, որ թեմայի շահարկում է տեղի ունենում ու կոնկրետ նպատակներ են հետապնդվում, որոնց նախագծերին մասնակիցները կարող են նույնիսկ տեղյակ էլ չլինել։ Ե.Խաչատրյանը դրանում ոչ մի վտանգ չի տեսնում. «Արվեստագետը միշտ ազատ լինելու իրավունք ունի, իսկ գրանտը ընդամենը հնարավորություն է։ Եթե չլինեն միջազգային գրանտները, հայ արվեստագետներն ընդհանրապես ներկայանալու շանս չեն ունենա, քանի որ պետական ոչ մի կառույց իրենց չի ներկայացնի, իսկ այլ ալտերնատիվ ինստիտուցիաներ մենք չունենք»։ «Gender Check»-ին հայ արվեստագետները մասնակցել են միայն անձնական կապերի շնորհիվ։ Ե.Խաչատրյանը նշում է, որ ժամանակակից արվեստը զրկված է պետական հովանավորությունից ու մշակույթի մաս չի կազմում։ Սակայն, միեւնույն ժամանակ, շատ գեղեցիկ ու բարձր հնչում է Հայաստանից դուրս։ «Եվ ես շատ ուրախ եմ, որ միջազգային ցուցահանդեսում հնարավոր եղավ ներկայացնել Հայաստանը կանանց գաղափարներով ու ընկալումներով։ Հայ հեղինակները Եվրոպայում իսկապես հատուկ ուշադրության արժանացան ու կարծես իրենց տեղը գրավեցին։ Այստեղ մեր արվեստագետները լոկալ երեւույթ են համարվում ու չեն կարողանում իրենց ուղերձը փոխանցել»,- ասում է նա։

Ուշագրավ է, որ վերջերս տեղի ունեցավ «Կին» կինոփառատոնը, որը կարող էր որեւէ այլ նախաձեռնության հետ դիալոգ վարել, սակայն նույնպես որպես լոկալ եւ անարձագանք մի իրադարձություն մնաց։ Հայաստանում կանանց արվեստը ընկալվում է հիմնականում որպես ձեւավորում, արական արվեստի ձեւավորում: Նկատելի է, որ Նկարիչների միությունն, օրինակ, անդրադառնում է կին ստեղծագործողների արվեստին հիմնականում կանանց տոներին` մարտի 8-ին կանանց տալով՝ որպես նվեր, սեփական արվեստը ցուցադրելու շանսը: «Եթե հարցնես նկարիչներին, կասեն, որ լավ կլինի, որ կինը ընդհանրապես չնկարի, այլ բնորդուհի լինի»,- ասում է Ե.Խաչատրյանը: Արեւիկ Արեւշատյանի դիտարկումն էլ այսպիսին է. «Կարծես բոլորը գիտակցում են, որ կինը կարող է շատ լավ քարտուղարուհի լինել, այսինքն՝ օգնական կամ կցորդ։ Եվ արվեստի ոլորտում այդ հարցը անվերջ բախումների սկիզբ է դնում»։

Վաշինգտոնում գոյություն ունի եզակի մի թանգարան, որտեղ ներկայացվում են բացառապես կանայք։ Եվ Ա.Արեւշատյանը, ով երկար ժամանակ համագործակցել ու ուսումնասիրել է այդ թանգարանի գրադարանը, նկատում է. «Թանգարանը բավականին «քնած» մի վայր էր, իսկ երբ սկսվեց աշխարհի տարբեր թանգարաններից կանանց գործերի ձեռքբերումը, զարմանալի պատկեր ստեղծվեց, պարզվեց, որ նույնիսկ Վերածննդի դարաշրջանում կանայք նույն իրավիճակում են եղել, ինչպես եւ հիմա (նույն սարկազմն է, ծաղրանքին դիմակայելու, կանանց անտեսվածությունը վերացնելու): Եվ հենց այդ խզումն է արվեստին լիցք տվել, միջավայր ձեւավորել ու պատմությունը ուսումնասիրելու ցանկություն առաջացրել»։

Շատ հաճախ արխիվներում, պահոցներում կամ թանգարանային ունեցվածքի մեջ կարող ես գտնել ավելի հետաքրքիր գործեր, քան նրանք, որոնք մշտական ցուցադրության նմուշներ են դառնում ու տարիներով կախված լինելով պատերին՝ վերջիվերջո խզում են առաջացնում արվեստագետի ու հասարակության մեջ։ Շատ բան կապվում է նոր հայացքի հետ (որն էլ իր հերթին բովանդակությամբ է լցնում ցուցադրվող նմուշները), իսկ մենք անհասկանալի հետեւողականությամբ շարունակում ենք պնդել, որ ցուցահանդեսը կարող է կամ հոբելյանական, կամ էլ տոնահանդեսային ֆորմատ ունենալ։

«Gender Check» նախագիծը պատրաստվում է ճամփորդել տարբեր եվրոպական երկրներում, շուտով այն կտեղափոխվի Լեհաստան, իսկ հետո` այլ երկրներ: Հայ նկարչուհիների կերպարն էլ կշարունակեր ամբողջացնել արեւմտաեվրոպական արվեստի դիմանկարը՝ չկարողանալով ոչ մի կերպ զրույցի բռնվել հայաստանցիների հետ։