Ջրախորի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է ֆրանսիական ընկերությունների կողմից 1909 թվականին։ Կայանում տեղադրվել է արագության ավտոմատ կարգավորումով «Պելտոն» տեսակի մեկ հիդրոտուրբին, որն ուներ 600 կՎտ հզորություն, իսկ եռաֆազ հոսանքի գեներատորը՝ 6000 Վ լարման։ Ջրի առումը իրականացվել է Ողջի գետից հասարակ ամբարտակի միջոցով։ Մինչեւ հիդրոտուրբին հասնելը ջուրը խիստ թեք լեռնային հատված ունեցող ջրանցքով անցել է 2500 մետր։
Կայանի օգտակար ճնշումը կազմում է 120 մետր։ Կայանում արտադրված էլեկտրական էներգիան 10 կմ երկարության բարձր լարման օդային գծերով տրվում էր Ղափանի հանքերին եւ գործարաններին, որտեղ ցածրացնող ենթակայաններում ձեւափոխվում էր ցածր լարման։
Ողջի գետի ջրի ծախսի խիստ տատանումների հետեւանքով էլեկտրական էներգիայի տարեկան առավելագույն արտադրությունը հասնում էր մինչեւ 2 միլիոն կՎտ ժամի։
Քաղաքացիական պատերազմի ընթացքում կայանը չի աշխատել, էլեկտրամեխանիկական սարքավորումների մի մասը եւ ջրանցքի զգալի հատվածը շարքից դուրս են եկել։ 1920-ական թվականներին կայանի աշխատանքը վերականգնվել է։
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում առաջին էլեկտրակայանը շահագործվել է 1903 թվականին Դիլիջանում 10 կՎտ հզորությամբ, Երեւանում՝ 1907թ., ԼՂՀ-ում մինչեւ 1920թ. եղել է մեկ հիդրոէլեկտրակայան 30 կՎտ հզորությամբ։
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու