Շաբաթ օրը Երեւանի Մարզահամերգային համալիրում կայացած «Օրինաց երկիր» կուսակցության 9-րդ համագումարում, բնականաբար, Արթուր Բաղդասարյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ: Ամբողջ կազմով ու նույնպես միաձայն վերընտրվել է նաեւ կուսակցության քաղխորհուրդը, որի մեջ են ՕԵԿ-ական բոլոր նախարարները եւ Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը: Համագումարի որոշմամբ` քաղխորհուրդը ընդլայնվել է եւս երկու անդամով` դառնալով 14 հոգի: Ընդհանրապես այս համագումարի ժամանակ ՕԵԿ-ը փորձել է ամեն կերպ նմանվել ՀՀԿ-ին: Համագումարի անցկացման տեղից, միաձայն որոշումներից բացի, ՕԵԿ-ը որոշել էր իր համագումարը սկսել աղոթքով, այն էլ` տխրահռչակ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի կատարմամբ: Սակայն, երբ Ա. Բաղդասարյանը հայտարարել է, որ «այս գեղեցիկ միջոցառումը» օրհնության կարիք ունի, եւ ամբիոնի մոտ է հրավիրել Արարատյան թեմի առաջնորդին, պարզվել է, որ վերջինս չի պատվել իր ներկայությամբ ՕԵԿ-ականներին: Ամբիոնին մոտեցել ու «Հայր Մեր»-ը կարդացել է մեկ այլ հոգեւորական: Ինչեւէ, համագումարին հրավիրվել էին ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան կուսակցության», ինչպես նաեւ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները: Հնչել են բազմաթիվ ելույթներ, որոնց շարքը բացել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նշելով, թե ՕԵԿ-ն այսօր Հայաստանում իր հաստատուն տեղն ու դերն ունեցող քաղաքական ուժ է, որն իր ժողովրդականությունն ապացուցել է բոլոր վերջին համապետական ընտրություններում, Ս. Սարգսյանը գոհունակություն է հայտնել «այն սերտ ու արդյունավետ համագործակցության» կապակցությամբ, որ ձեւավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության հետ: «Ի դեմս «Օրինաց երկրի»` գործ ունենք վստահելի գործընկերոջ հետ: Միասին մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու, քանզի այդ գործակցությունը հիմնված է փոխադարձաբար ընդունելի գաղափարների ու սկզբունքների վրա, որոնք միտված են համակողմանիորեն առաջ տանելու մեր երկիրը»,- նշել է Ս. Սարգսյանը: «Մենք այսուհետ եւս լինելու ենք կանխատեսելի եւ՛ մեր հանրության համար, եւ՛ մեր քաղաքական գործընկերների»,- հայտարարել է Ա. Բաղդասարյանը: Անդրադառնալով իշխող կոալիցիային միանալու իրենց որոշմանը` Ա. Բաղդասարյանն ասել է, թե իրենց միավորումը ուժեղների միավորում էր: «Անցած տարի նախագահական ընտրություններից հետո, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը իր քաղաքական թիմով որոշում կայացրեց մաս կազմելու քաղաքական կոալիցիային, դժվարին եւ ծանր իրավիճակ էր, բայց դժվարին իրավիճակները թույլերին բաժանում են, ուժեղներին` միավորում: Մեր միավորումը Սերժ Սարգսյանի հետ ուժեղների միավորում է»,- ասել է նա: