Սոցիալ-Դեմոկրատական հնչակյան կուսակցության մի շարք անդամների երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է, թե «վերջին ամիսներին կուսակցությունում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով հայաստանյան կառույցի մասնաճյուղերի բացարձակ մեծամասնության պահանջով դեկտեմբերի 16-17-ին տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար»: «Մենք ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հայտնում ենք անվստահություն»,- նշված է հայտարարության մեջ:
Փաստորեն արդեն իրականություն է դառնում այն, ինչի մասին մամուլը գրում էր վերջին մի քանի ամիսներին: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների եւ քաղաքական կուլիսներում շրջանառվող լուրերի, իշխանությունները համառորեն ուզում են այս կուսակցությանն անջատել ՀԱԿ-ից, եւ դա փորձում են անել Լ.Սարգսյանին հեռացնելու միջոցով: Իշխանական պրոյեկտի նպատակը երեք` ՀՅԴ, ՀՌԱԿ եւ ՍԴՀԿ ավանդական կուսակցություններից վերահսկելի ընդդիմադիր ուժ ստեղծելն է: ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալով արդեն որոշ համագործակցություն սկսել է այլ ուժերի հետ: Իշխանություններին հաջողվեց պառակտել ՀՌԱԿ-ը եւ ստեղծել մեկ այլ` «Արմենական ռամկավարներ» կառույցը: Հերթը ՍԴՀԿ-ինն է: Վերջերս այս կուսակցության կենտրոնական վարչության (ԿՎ) քաղաքական դիվանի անդամ դարձավ «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանը: Եվ հենց նրան էլ ցանկանում են Լ.Սարգսյանի փոխարեն դարձնել ատենապետ: Իսկ երեկվա հայտարարության տակ ստորագրել են ՍԴՀԿ ԿՎ անդամներ Գեւորգ Պերկուպերկյանն ու Արսեն Կուպելյանը եւ յոթ տարածքային կառույցներ: Հիշեցնենք, որ արդեն հայտնի էր, որ այս կուսակցության հերթական համագումարը նշանակված է հունվարի 9-ին: Ի՞նչն էր պատճառը, որ վերը նշված անդամներն ու կառույցները չեն կարողացել 3 շաբաթ համբերել եւ նախատոնական այս օրերին որոշել են արտակարգ համագումար հրավիրել: «Կուսակցության ներսում ստեղծված անառողջ մթնոլորտը,- հայտարարության մեջ նշված միտքը մեզ հետ զրույցում կրկնեց ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը`չցանկանալով նշել բուն պատճառը: -Դա մեծ ճանապարհ անցած ավանդական կուսակցության ներքին խնդիրն է: Ես համարում եմ, որ թերթերի հետաքրքրությունն այնքան էլ տեղին չէ»:
Փորձեցինք այդ հարցը ճշտել արդեն արտակարգ համագումարի պատճառ դարձած Լ.Սարգսյանից: «Անառողջ մթնոլորտն այստեղ ստեղծել է ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը Վ.Շիրխանյանի օգնությամբ: Մենք հիմքեր ունենք ասելու, որ նրանք փորձում են իրականացնել իշխանական պրոյեկտ` ՍԴՀԿ-ն պոկել ՀԱԿ-ից, որպեսզի քայքայման պրոցես տանեն նաեւ ՀԱԿ-ում: Դրան զուգահեռ՝ ուզում են ստեղծել ավանդական կուսակցություններից այլընտրանքային, գրպանային ընդդիմություն, որը վերահսկելի կլինի իշխանությունների կողմից եւ ՀԱԿ-ին այլընտրանքային ուժ կլինի: Հնչակյան կուսակցությունն իր ողջ պատմության մեջ երբեւէ դավաճան չի եղել սեփական ժողովրդի նկատմամբ: Այսօր Ս.Աճեմյանի արածը ես բնութագրում եմ որպես դավաճանություն կուսակցության պատմության, հայ ժողովրդի նկատմամբ: Նա սեփական շահերը սպասարկելու համար զոհում է կուսակցությունը: Մոռացան, որ 2-3 տարի հնչակյան կուսակցությունը ակտիվ պայքարի մեջ է, բազմաթիվ զրկանքների է արժանացել, ձերբակալվել ու ծեծի են ենթարկվել մեր ընկերները: Ակտիվ պայքար ենք մղել եւ այդ ամենին գնացել ենք, որ երկրում վերականգնվի սահմանադրական կարգը»,- ասաց տիկին Սարգսյանը:
Լ.Սարգսյանը նաեւ ավելացրեց, որ հայտարարության տակ ստորագրած 7 կառույցներից 5-ը գոյություն չունեն: «Նշված կառույցներից գոյություն ունեն միայն Սարգիս Տխրունին եւ Կապանի «Աղասի» մասնաճյուղը: Արմավիրի մարզային վարչություն գոյություն չունի, կա Էջմիածնում գրասենյակ: Արմավիր քաղաքի «Մեծն Մուրադ» մասնաճյուղը լուծարվել է 3 տարի առաջ: Առավելեւս գոյություն չունի դրա Հովհաննես Էթոյան անունով ատենապետը: Չեմ էլ ճանաչում: Կարող է՝ անդամ եղել է, բայց ո՞վ է ատենապետ նշանակել: «Հայկ Բժշկյանց» վետերանների միության ատենապետ Սուրեն Մուրադյանն իմ կողմից հարգված 86-87 տարեկան արժանավոր մարդ է: Նախագահական ընտրություններից առաջ կողմ չլինելով Լ.Տեր-Պետրոսյանին` հրաժարվեց վարչությունից եւ կուսակցությունից: Մեղրու «Փարամազ» մասնաճյուղը մի քանի ամիս գոյատեւեց: Դրա ատենապետ Աշոտ Գրիգորյանը գրասենյակը խանութ էր դարձրել եւ կուսակցական աշխատանք չէր տանում: Վանաձորի «Արշիլ Գորկի» երիտասարդական մշակութային միություն գոյություն չունի: Եթե գոյություն ունենար, դա պիտի արձանագրվեր մարզային վարչության նիստով, որը պիտի ներկայացվեր այստեղ, եւ մենք պիտի հաստատեինք: Չկա նման բան: Իսկ դրա պատասխանատու նշված Արթուր Խոյեցյանի հետ ես երկու օր առաջ եմ հանդիպել: Ինքը նույնիսկ կուսակցության անդամ չէ: Այնտեղ կան մի քանի երիտասարդներ, որոնք համակիրներ են»,- ասում է Լ.Սարգսյանը:
«Ա.Խոյեցյանն ասաց, թե Ս.Աճեմյանը 45.000 դրամ է տվել, որ տարածք վերցնեն ու ստեղծեն այդ կառույցը: Ես չեմ խորշում ասել, որ սա գծուծ արարք է: Փորձի համար 2 ամիս հետո ստուգեք` նման կառույց կա՞ Վանաձորում: ՀՀ տնտեսությունը քայքայված է, տարածքների վերադարձն արդեն ամիսների խնդիր է: Այս ընթացքում իշխանություններին պետք է ընդդիմություն չունենալ, որ ամենավերջին ստորությունն իրականացնեն: Դրա համար քայքայում են կուսակցություններին: Սա շատ ավելի վտանգավոր է, քան այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի կառույցում: Մենք այս ամենից գլուխ կհանենք: Այդ տրոհումը ճակատագրական կլինի համահնչակյան ողջ ընտանիքի համար»,- ասում է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Լ.Սարգսյանի խոսքերով, արտակարգ համագումարը հրավիրվել է խախտումով: ՍԴՀԿ կանոնադրության համաձայն՝ արտահերթ համագումար կարող են հրավիրել ԿՎ անդամների բացարձակ մեծամասնության համաձայնության դեպքում: Իսկ այս դեպքում ընդամենը 2 անդամներն են ստորագրել հայտարարության տակ: ԿՎ-ն ունի 6 անդամ: Ստացվում է, որ ՍԴՀԿ-ի մի թեւը կանոնադրական խախտումով համագումար է հրավիրում, որ կարողանա ատենապետի պաշտոնից հեռացնել Լ.Սարգսյանին: Այս փաստի հետ չհամաձայնեցին Վ.Շիրխանյանն ու Գ.Պերկուպերկյանը: Վ.Շիրխանյանին փոխանցեցինք, որ իր կուսակիցներն իրեն մեղադրում են իշխանությունների ծրագիրն իրականացնելու մեջ, որ նա ՍԴՀԿ է գործուղվել իշխանությունների կողմից: «Վաղը կարող են ասել, թե համագործակցում ենք Բեն Լադենի հետ: Ամեն ասածի պետք է պատասխա՞ն տամ: Ես իմ գործով եմ ապացուցել, թե ով եմ, ինչպիսի հայացքներ ունեմ»,- պատասխանեց Պարոն Շիրխանյանը:
Իսկ արդյոք ՍԴՀԿ-ում վստա՞հ են, որ իրենց շարքերն ամուր են, որ Ս.Աճեմյանը եւ Վ.Շիրխանյանը չեն պառակտի իրենց կառույցը: «Կառույցի 99 տոկոսը մեզ հետ է: Ս.Աճեմյանը Հայաստանում օտար մարդ է, եւ նրա համար կանոնադրությունը ոչ մի արժեք չունի: Նա նաեւ օտար է համահնչակյան ընտանիքում: Նրանց նպատակն է նաեւ հայաստանյան կառույցին հեռացնել համահնչակյան ընտանիքից: Ես վստահ եմ, որ համահնչակյան ԿՎ մեր մյուս անդամները շատ ավելի առողջ մտածելակերպ ունեն ու կընտրեն Հայաստանը, եւ ոչ թե Ս.Աճեմյանին»,- ասում է Լ.Սարգսյանը:
«Ս.Աճեմյանն իր ցեխոտ կոշիկներով մտել է մեր իրականության մեջ եւ փորձում է անտեսել մեր օրենսդրությունը, կուսակցության կանոնադրությունը եւ ողջ ծրագրային մոտեցումները: Նրա գործունեությունը կոռուպցիայի տեսանկյունից կարող եմ բնութագրել որպես նորույթ: Գոյություն ունի քաղաքական կոռուպցիա հասկացողություն, բայց Ս.Աճեմյանի գործողությունները ներկուսակցական կոռուպցիա է: Մեր իրականության մեջ չլսված երեւույթ է: Էս մարդիկ մեր երկրի մի քանի մոլորյալ երիտասարդներն են: Եվ այս կոռուպցիոն երեւույթները կուսակցություն բերելով` Աճեմյանը նաեւ ձեռք է բարձրացնում ապագայի վրա` խեղելով մեր երիտասարդներին: Ո՞վ է այս մարդուն իրավունք տվել կաշառել այս երիտասարդներին»,- հարցնում է ՍԴՀԿ մեկ այլ անդամ՝ Արարատ Մկրտչյանը:
Ամեն դեպքում Ս.Աճեմյանը եւ Վ.Շիրխանյանն իրենց համախոհներով կփորձեն համագումար անել, Լ.Սարգսյանին հեռացնել ատենապետությունից: Չի բացառվում, որ նրանք մի շարք այլ կուսակիցների հետ փորձեն հեռացնել նաեւ ՍԴՀԿ-ից: Բնականաբար հետո արդեն կառաջանա կուսակցության գրասենյակը եւ կնիքը վերցնելու խնդիրը: Դա հավանաբար կանեն դատական ատյանների միջոցով: Մեր տեղեկություններով` իշխանություններն արդեն վստահեցրել են, որ եթե գործը դրան հասնի, ապա ամեն ինչ կանեն, որ որոշում կայացվի Աճեմյանի ու Շիրխանյանի օգտին: Երեկ մենք նաեւ փորձեցինք տեղեկանալ, թե որտեղ են պատրաստվում գումարել «արտակարգ համագումարը» եւ կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու: Գ.Պերկուպերկյանն ու Վ.Շիրխանյանը խուսափեցին պատասխանել: Առաջինն ասաց` «հավանաբար Երեւանում»: Շիրխանյանն էլ ասաց, որ քննարկվում է: Մեր տեղեկություններով՝ համագումարը տեղի է ունենալու Ծաղկաձորում: «Արդյո՞ք «168 Ժամին» պետք է իմանալ, թե մեր արտակարգ համագումարին ինչ հարցեր են քննարկվում: Երբ լուծենք, որոշումներ կայացնենք, կհրապարակենք այնքան, ինչքանը հարկ կհամարենք»,- եզրափակեց Շիրխանյանը:
Հ.Գ. Երեկ Լ.Սարգսյանը ՍԴՀԿ 3 այլ վարիչ անդամների կողմից համահնչակյան ընտանիքին կոչ է ուղղել: Դրանում մասնավորապես ասված է. «Հարգելի Հնչակյան ընկերներ, այս քայլով որոշ ծախուներ վտանգում եւ տրոհման եզրին են կանգնեցնում համահնչակյան մեր կառույցը, որի մասին բազմիցս ժամանակին մենք տեղեկացրել ենք ԿՎ մեր ընկերներին: Նախ պետք է փաստենք, որ տվյալ հայտարարությունը եւ սպասվելիք «համագումարը» հակաօրինական են, գործուն չեն ՀՀ տարածքում՝ համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի: Ս. թ. հոկտեմբերի 31-ին, համաձայն ծրագիր կանոնագրի, ՍԴՀԿ վարիչ մարմինը գումարեց նիստ, որտեղ վարչությունը միաձայն որոշում կայացրեց ՍԴՀԿ համագումար գումարել 2010 թ. հունվարի 9-ին: Ոտնահարելով ՍԴՀԿ վարիչ մարմնի որոշումը` ծախուների մի խումբ համահնչակյան ընտանիքին խառնաշփոթի մեջ գցելու նպատակով հայտարարում է «արտակարգ» համագումար»: