Կուրսի մե՞ջ

15/12/2009

«Հայաստանի ասոցիացված անդամությունը Եվրամիությանը որեւէ կերպ չի կարող ազդել Երեւանի արտաքին քաղաքական գերակայությունների վրա եւ ամբողջությամբ տեղավորվում է հանրապետության արտաքին քաղաքականության բազմավեկտոր կոմպլեմենտար կուրսի մեջ»,- այդ մասին NEWS.am-ին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ին ասոցիացված անդամությունը չի արտացոլվի Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական-ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին անդամության վրա: «Կրկնվեմ, որ ԵՄ-ին ասոցիացված անդամությունը որեւէ փոփոխության չի հանգեցնի Երեւանի արտաքին քաղաքական կուրսը»,- ասել է Քոչարյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԵՄ Արտգործնախարարների կոմիտեն հայտարարել է Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիացված անդամության բանակցություններ սկսելու մասին: Խոսվում է, որ Հարավային Կովկասի երկրների հետ բանակցությունները կսկսվեն արդեն 2010թ.-ին, քանի որ ԵՄ-ն հետաքրքրված է բոլոր երեք հանրապետությունների միաժամանակյա անդամակցությամբ: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները վարվելու են յուրաքանչյուր երկրի քաղաքական-տնտեսական, օրենսդրական եւ սոցիալական առանձնահատկությունները հաշվի առնելով, իսկ շեշտը դրվելու է ժողովրդավարացման վրա, քանի որ բոլոր երեք երկրներն էլ խնդիրներ ունեն այդ առումով: