Գերմանական հայացք

15/12/2009

Գերմանացի փորձագետ Գերդ Հյոլերը, որ մասնագիտացել է Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հարցերով, գերմանական «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» պարբերականի էլեկտրոնային տարբերակում հրապարակել է Թուրքիայում վերջին իրադարձությունների իր վերլուծությունը: «Նրանք, ովքեր խաղաղություն են ցանկանում, ահաբեկիչնե՞ր են հռչակվում: Այսպես մեկնաբանեց Ահմեդ Թուրքը` ներկայումս արգելված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդը: ՔԲԿ-ի համար ամանորյա ավելի լավ նվեր հնարավոր էլ չէր պատկերացնել: Արդեն այժմ ակնհայտ է, որ քրդական կուսակցության արգելումը կհանգեցնի նրան, որ հազարավոր երիտասարդ քրդեր կհեռանան լեռները, որտեղ կմիանան պարտիզանական ջոկատներին: Եթե Անկարայի խորհրդարանում վերջացել են քաղաքական բոլոր միջոցները իրավունքների համար պայքարում, մնում է միայն մեկը` ռազմականը, այսպես են կարծում բազմաթիվ քրդեր: Դա նաեւ օգուտ է թուրքական ուլտրա-ազգայնականներին: Ցանկացած դեպքում 11 դատավորների ուրբաթ կայացրած վճռից հետո խաղաղությունն ավարտված է: Ինչպես հայտնի է, նախօրեին հազարավոր ցուցարարներ վանկարկել են «Վրեժ» եւ «Արյուն՝ արյան դիմաց» կարգախոսները, ոստիկանների վրա վառվող հեղուկով շշեր են նետել, ի պատասխան՝ իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ եւ ջրանետներ: Հակամարտությունը շարունակում է լարվել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար դատարանի որոշումը լուրջ հարված էր: Այժմ նա պետք է բացատրություններ տա ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ Եվրոպական Միությանը, որն առանց այդ էլ ծայրահեղ դժգոհ էր որոշումից: Թուրքիայի ՍԴ որոշումը նոր խթան տվեց ՔԲԿ կողմնակիցներին, որոնց համար ահաբեկչությունն ու բռնությունը քաղաքական պայքարի լավագույն միջոցներն են: Բայց հակամարտության խորացման համար մեղավոր են նաեւ վարչապետն ու մյուս կուսակցությունների ղեկավարները: Քրդական կուսակցությունը երկար ժամանակ աչքի փուշ էր: Քաղաքական պայքարի համար նրանք ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունեին»,- գրում է Գերդ Հյոլերը: Ըստ գերմանացի փորձագետի, Թուրքիան դեռ հեռու է ժողովրդավարական պետություն լինելուց: «Քանի դեռ Թուրքիան կուսակցությունների դամբարան է, ԵՄ-ին անդամակցությունը մեծ հարցականի տակ է»,- ամփոփել է նա: