Շաբաթ օրը Թաիլանդում վայրէջք կատարած «Իլ-76» օդանավում շուրջ 35 տոննա զենք-զինամթերքի հայտնաբերումը միջազգային սկանդալի կարող է հանգեցնել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ինքնաթիռն իր բեռով կալանքի տակ է, ձերբակալված են 5 օդաչուները, որոնցից 4-ը՝ Ղազախստանի, 1-ը` Բելառուսի քաղաքացիներ են: Թաիլանդի դատարանը երեկ քննել է Ոստիկանության հայցը` օդաչուների կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վերալիցքավորման համար վայէջք կատարած բեռնատար օդանավում հայտաբերվել են զենիթային հրթիռներ, ականներ, պայթուցիկներ: Վերջին տվյալներով` արդեն պարզվել է, որ «Իլ-76» տրանսպորտային օդանավը գրանցված է Վրաստանում` տեղի ավիաընկերություններից մեկի ռեեստրում: Վրաստանի Տրանսպորտային դեպարտամենտի ղեկավար Գեորգի Բակուչավան հաստատել է այդ փաստը, բայց ասել է, որ օդանավը վարձակալել էր բեռնափոխադրումներ կատարող ուկրաինական մի ավիաընկերություն: Ուկրաինայի Արտգործնախարարությունը զբաղված է մանրամասները պարզելով: Ղազախստանի դեսպանությունը դիմել էր Թաիլանդի իշխանություններին` խնդրելով գրավի դիմաց ազատ արձակել իրենց քաղաքացիներին, բայց դիմումը մերժվել է: Բելառուսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածներից մեկը Բելառուսի քաղաքացի է. նրա հարցով զբաղվում է Վիետնամում Բելառուսի դեսպանությունը: Ձերբակալված օդաչուներին մեղադրանք է առաջադրվել ավիացիոն կարգը խախտելու եւ ապօրինի զենք վաճառելու հոդվածներով: Նրանք մեղադրանքը չեն ընդունում` ասելով, թե իրենք միայն թռիչք են իրականացնում, բեռի մասին ոչինչ չգիտեն: Սակայն Թաիլանդի փոխվարչապետը լրագրողներին հայտնել է, որ օդաչուները փորձել էին թաքցնել իրականությունը եւ մինչեւ օդանավի ստուգումը ասել էին, թե մեխանիզմներ են տեղափոխում նավթի հորատանցքերի համար: Օդանավի հրամանատարը հայտնել է, որ թռիչքն իրականացրել են Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանից եւ ուղեւորվում էին Շրի Լանկա: Եթե պարզվի, որ զենքը հյուսիսկորեական է, դա կնշանակի, որ այդ երկիրը խախտել է ՄԱԿ-ի հաստատած սահմանափակումները:
Ուսումնասիրվում է նաեւ զենքը գրոհայիններին, ահաբեկիչներին վաճառելու վարկածը: Այս միջադեպի ու անցկացված հետաքննության արդյունքների մասին առաջիկա 45 օրվա ընթացքում Թաիլանդի իշխանությունները զեկույց են ներկայացնելու ՄԱԿ-ին: