Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու տարվա քննարկումների արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստել են Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը, որն առաջիկայում ներկայացվելու է կողմերին: Այդ մասին նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը հակամարտության լուծումը կապում է կողմերի հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնեցման հետ: Այդ սկզբունքներն արտահայտված են Մադրիդյան փաստաթղթում»,- հավելել է Նեստերենկոն: Նա նաեւ հավելել է, որ եթե Ղարաբաղյան կարգավորման հարցում այս տարվա արձանագրված դրական դինամիկան պահպանվի նաեւ հաջորդ տարի, ապա հիմնարար սկզբունքների շուրջ արագ համաձայնեցման եւ դրա հիման վրա խաղաղ համաձայնության գալու հույս կարելի է ունենալ: