Զանգ Հիլարիից

12/12/2009

Հինգշաբթի օրը երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ եւս շեշտել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է իր հետեւողական աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների` առանց նախապայմանների եւ շուտափույթ կարգավորման ուղղությամբ: Ըստ հաղորդագրության` Ս. Սարգսյանը Հ. Քլինթոնին խնդրել է իր երախտագիտությունը հայտնել նախագահ Օբամային` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցաբերվող հաստատուն աջակցության համար: Նա մեկ անգամ եւս վերահաստատել է գործընթացի հետ կապված հայկական կողմի պատրաստակամությունը` հարգելու իր միջազգային պարտավորությունները եւ առաջ շարժվելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հույս հայտնելով, որ նույնպիսի պատրաստակամություն եւ պատասխանատվություն կդրսեւորի նաեւ թուրքական կողմը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ԱՄՆ պետքարտուղարը մեկ անգամ եւս վերահաստատել է իր երկրի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորմանը` միաժամանակ շեշտելով, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես միմյանցից անջատ գործընթացներ, որոնցից առանձին վերցված յուրաքանչյուրի ուղղությամբ առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: