«Եթե Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակի, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն: Այլապես Ադրբեջանը եւ Հայաստանը երբեք չեն պայմանավորվի, թե ում կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղը: Ես հայամետ կամ ադրբեջանամետ դիրքորոշում չունեմ»,- երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` հանդես գալով Մոսկվայում Եվրոպական եւ ասիական մեդիաֆորումին: Այն դեպքում, երբ ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է դեռեւս 1991թ. սեպտեմբերի 2-ին: Լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է ՌԴ-ի դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Ժիրինովսկին պատասխանել է. «Մենք չէինք ցանկանա, որպեսզի Թուրքիան այդ մերձեցումն օգտագործի ողջ Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու համար: Իսկ նման ծրագրեր նրանք ունեցել են»: Ըստ Ժիրինովսկու` ՌԴ-ին խաղաղություն եւ հանգստություն է պետք Հարավային Կովկասի տարածաշրջանում։ «Եթե դա ապահովվի, ապա թող Հայաստանը մերձենա ում հետ ցանկանում է, լինի դա Թուրքիան, Իրանը, Վրաստանը թե Ադրբեջանը: Իսկ եթե ագրեսիա լինի, ապա մենք կկանգնենք զոհ-երկրի կողքին եւ ամբողջությամբ կոչնչացնենք ագրեսորին»,- եզրափակել է նա: