Ադեկվատ պատասխան

12/12/2009

«Ուշագրավ է, որ Մինսկի խմբի համանախագահները Երեւան չեն այցելում: Դժվար է սա մեկնաբանել. միգուցե, որովհետեւ մադրիդյան նորացված սկզբունքներում կան տարրեր, որոնց դեմ է հատկապես ադրբեջանական կողմը, եւ նրանց համոզելու համար են այնտեղ, գուցե սա է պատճառը»,- երեկ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս անգամ միայն Բաքու այցելել: Ըստ նրա` Մադրիդյան սկզբունքներն ի սկզբանե անընդունելի են եղել իրենց համար: «Իսկ թե ի՞նչ կբերի իր հետ անընդունելի սկզբունքների նորացումը, ես հիմա ասել չեմ կարող: Եթե դրանք էապես վերանայվեն, ապա, ինչո՞ւ չէ, կարելի է քննարկել: Բայց այն, ինչ մինչեւ հիմա ներկայացվել էր, նշանակում է՝ Հայաստանի կողմից էական, նյութական, շոշափելի զիջումներ: Ադրբեջանի կողմից այդպիսի զիջումներ չէին երեւում»,- նշեց նա: ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին արած հայտարարությանը, ըստ որի` եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: «Ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին՝ նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն»,- նախօրեին ասել էր Ս. Սարգսյանը: «Հայտարարության մեջ ամենագրավիչ պահն այն է, որ նա ասաց, թե պետք է մեխանիզմներ մշակվեն` չեղյալ հայտարարելու որոշ պայմանագրեր: Հուսով լինենք, որ հասունանում է ադեկվատ պատասխանը Հայաստանի կողմից թուրքական շանտաժի եւ խաբեբայության նկատմամբ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` Ս. Սարգսյանի հայտարարությունը սպառնալիք էր: «Ակնհայտ է, որ Հայաստանն արդեն խոսում է շանտաժների լեզվով այն դեպքում, երբ Թուրքիայի շանտաժները բավականին մեծ փոխըմբռնման են արժանանում: Թուրքիային չեն պատժում այն բանի համար, որ ձգձգում է գործընթացը կամ արձանագրությունների վավերացման համար նախապայմաններ է առաջ քաշում: Մինչդեռ եւ՛ ՌԴ-ն, եւ՛ ԱՄՆ-ը, եւ՛ Ֆրանսիան արդեն հասկացրել են, որ ուժեղացնելու են ճնշումը ԼՂ հարցի կարգավորման առումով»,- նշեց նա: «Դեռ չեմ կորցրել հույսս, որ թուրքական խորհրդարանը այդ արձանագրությունները վավերացնի առանց վերապահումների կամ առանց լրացուցիչ պայմանների առաջադրման»,- սա էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի տեսակետն էր: «Եթե, այնուամենայնիվ, այդպիսի վերապահումներ լինեն եւ այդպիսի պայմաններ առաջադրվեն, ինչը հակասում է առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հարաբերությունները կարգավորելու մասին գլխավոր համաձայնությանը, ապա վստահ եմ, որ ՀՀ քաղաքական ուժերն ազատ են լինելու վարվելու ճիշտ նույն կերպ կամ ցանկացած այլ կերպ»,- ասաց Ա. Սաֆարյանը: Անդրադառնալով Մադրիդյան նորացված առաջարկներին, որ, ենթադրվում է, թե առաջիկայում ներկայացվելու են կողմերին, նա նշեց, որ դեռ շուտ է այդ մասին դատողություններ անելը: Նա նաեւ նորմալ է համարում այն, որ այս անգամ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են միայն Բաքու: «17 տարվա ընթացքում ես երեք դեպք եմ հիշում, երբ նրանք գնում էին Բաքու` լրացուցիչ բանակցելու ադրբեջանցիների հետ, եւ չէին գալիս Երեւան: Վստահ եմ` ավելի շատ են եղել նման դեպքեր: Խնդիրն այն է, որ ադրբեջանցիների դիրքորոշումը ավելի կարծր է, քան մեր դիրքորոշումը, եւ այնտեղ լրացուցիչ հստակեցումների խնդիր կա»,- ասաց Ա. Սաֆարյանը: