– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին ի պատասխան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հանձնարարել է «լրացումներ նախապատրաստել օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն»: Նախօրեին թուրքական մամուլում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի` ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, թե «արձանագրությունների վավերացումը հարկ է, որ լինի առանց նախապայմանների եւ այլ հարցերից անկախ»: Իսկ երեկ արդեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ հեռախոսազրույցում ասել է, թե ԱՄՆ-ը շարունակելու է հետեւողական աջակցությունը ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների եւ շուտափույթ կարգավորման ուղղությամբ: Իրար հաջորդող այս հայտարարություններն, արդյոք, չե՞ն նշանակում, որ ՀՀ-ն կոշտացնում է իր դիրքերը, կամ՝ որ իսկապես պետք է հավատալ իշխանությունների պնդումներին, որ արձանագրությունների վավերացումը կապ չունի ԼՂ խնդրի հետ:
– Ֆ. Գորդոնի եւ Հ. Քլինթոնի հայտարարություններին ծանոթ չեմ: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հայտարարությանը, ապա հայտնի է, որ երկրի նախագահն ընդամենը Սահմանադրության կիրառման եւ օրենքների երաշխավորն է: Իսկ եթե գործադիր իշխանությունն է անհրաժեշտ համարում այս կամ այն օրենքում փոփոխություն մտցնել, ապա հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ: Եվ եթե Ազգային ժողովը նպատակահարմար է գտնում` փոփոխություններ է անում: Հանրապետության նախագահը պետք է լինի իշխանության երեք ճյուղերի տարանջատման երաշխավորը: Բայց նա հայտարարում է, թե հանձնարարություն է տվել: Դա իր լիազորությունների շրջանակից դուրս է գալիս: Իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ արվեն, որ արձանագրությունները չվավերացվեն, ապա դա նույնպես անհասկանալի է: Մինչեւ վերջերս խոսվում էր, որ դրանք բխում են մեր երկրի շահերից, Հայաստանի տնտեսության զարգացման եւ ներքաղաքական վիճակի համար շատ կարեւոր են: Եթե այդքան լավն էին, ուրեմն դրա համար էլ ստորագրվել են եւ պետք է վավերացվեն: Եթե չես վավերացնում, ապա այդ մասին պետք էր մտածել ստորագրման ժամանակ եւ չստորագրել: Այս ամենն անհասկանալի է ինձ համար, եւ ցավալի է, որ չեն տիրապետում մեր երկրի օրենսդրությանը:
– Անկախ այն հանգամանքից, որ այդ ամենը դուրս է նախագահի լիազորությունների շրջանակից, կամ թե ինչ են հայտարարում Թուրքիայի իշխանությունները, չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունները չեն գնա այդ երկու գործընթացներն իրար շաղկապող լուծման:
– Երկու ամիս շարունակ բոլոր մակարդակներով հստակ ասվում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պայմանավորված է ԼՂՀ հարցի լուծումով: Այդ մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից: ՀՀ իշխանություններն իրենց ռետինե խողովակի տեղ դրած՝ ասում են, որ սրանք հրաշալի պայմանագրեր են, փոխկապակցված չեն, եւ մենք անպայման պետք է հասնենք դրանց վավերացմանը: Երկու ամիս շարունակ բոլոր երկրներից գալիս են ազդակներ, որ այն, ինչ հրամցվում է մեր հասարակությանը, ճիշտ չէ: Եվ, ի վերջո, պետք էր ինչ-որ բան ասել: Դրանով է պայմանավորված Ս. Սարգսյանի հայտարարությունը: Դա ընդամենը ներքին օգտագործման, հասարակությանը հանգստացնելու համար է, թե՝ մենք էլ ենք տիրապետում իրավիճակին, մենք էլ չենք գնա զիջումների: Բայց այլեւս ակնհայտ է, որ այս երկու գործընթացները փոխկապակցված են: Սրանով էլ պայմանավորված՝ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հանկարծակի վերհիշեց, որ կան 4 բանաձեւեր, եւ դրանց պայմանները դեռ չեն կատարվել: Սա նույն գործընթացի շարունակությունն է: Եվ արդեն ժամանակն է, որ ՀՀ-ն կատարի իր տված խոստումները, ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները: Սա միջազգային հանրության կողմից հերթական ճնշման մեթոդներից մեկն է:
– Ուզում եք ասել, որ ՀՀ-ն այլեւս հայ-թուրքական կամ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացների վրա չունի՞ ազդեցություն, եւ դա ընդամենը հանգստացնող հայտարարությո՞ւն էր:
– Հայաստանի որեւէ պաշտոնյայի ո՞ր հայտարարությունն է որեւէ ազդեցություն ունեցել վերջին 1,5 տարվա ընթացքում միջազգային որեւէ անցուդարձի վրա: Ոչ մի: Ս. Սարգսյանին մեռան ասելով, թե՝ պարտավորություն ես վերցրել` պետք է կատարես:
– Բայց ՀՀ իշխանություններն էլ բազմիցս հայտարարել են, որ եթե Թուրքիան մինչեւ գարուն չվավերացնի արձանագրությունները, ՀՀ-ն դուրս կգա այդ գործընթացից:
– Շատ բարի, Թուրքիան էլ ասում է, որ եթե մինչեւ գարուն ՀՀ-ն իր զորքերը դուրս չբերի ԼՂՀ հարակից տարածքներից, արձանագրությունները չեն վավերացնի: Երկուստեք այսպիսի պայմաններ դնելով` ո՞ւր ենք գնում: Դրա պատասխանն է հասարակությունն ուզում իմանալ:
– Իսկ Ձեր կարծիքով, այդ երկու պայմանների ներքո հայ-թուրքական արձանագրությունների վավերացման եւ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացներն ի՞նչ հանգրվան են ունենալու:
– Սարգսյանի հրաժարական, կամ` ԼՂՀ հանձնումը Ադրբեջանին: Աթենքում ստորագրվեց մի հայտարարություն, որն ընդունելի էր նաեւ ՀՀ-ի համար: Այնտեղ հստակ նշված են այն սկզբունքները, որոնց հիման վրա լուծվում է ԼՂՀ հակամարտությունը, որը միանշանակ բացառում է ԼՂՀ-ի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներից դուրս:
– Այդ դեպքում ՀԱԿ-ը ինչո՞ւ չի պայքարում, որպեսզի կանխի նման վատ զարգացումները:
– Բողոքի ակցիան դեկտեմբերի 10-ին էր` Մարդու իրավունքների միջազգային հռչակագրի տարեդարձի կապակցությամբ: Ամեն ուրբաթ Դատախազության շենքի մոտ արտահայտում ենք մեր դժգոհությունը: Կոնգրեսը հայտարարությամբ հանդես եկավ, մատնանշեց վտանգավոր պահերը: Ի՞նչ պետք է անի Կոնգրեսը, որ չի անում: Հանրահավաք անի՞: Դա էլ քննարկման առարկա է, եւ կլինեն հանրահավաքներ:
– Այդ ակցիան ու երթը ԼՂՀ խնդրի կամ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապ չունեն: Իսկ հանրահավաքը նախընտրական է եւ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար է:
– Կլինեն եւ բողոքի հանրահավաքներ այս հակահայկական քաղաքականության համար: Բոլոր օրինական միջոցները կձեռնարկվեն, որ թույլ չտրվեն ոչ հայանպաստ որոշումներ: