Զեկույցը` մինչեւ տարեվերջ

12/12/2009

ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում ասել է, որ հնարավոր է` մինչեւ տարեվերջ հրապարակվի դատավարությունների հետ կապված իրենց մոնիտորինգը կամ զեկույցը: Հիշեցնենք, որ ՄԻ պաշտպանի գրասենյակի աշխատակիցները 2008-2009թթ. ընթացքում հետեւել են նախընտրական եւ հետընտրական իրադարձությունների արդյունքում ձերբակալված քաղաքական գործիչների դատավարությունների ողջ ընթացքին: Դեռեւս ամռանը Ա. Հարությունյանն ասել էր, որ զեկույցը կհրապարակեն մինչեւ հոկտեմբերի կեսերը: Աշնանը ՄԻ պաշտպանը հայտարարել էր, թե զեկույցը շուտով կհրապարակվի, բայց այդպես էլ դա տեղի չունեցավ: Մեր տեղեկություններով՝ ՄԻ պաշտպանն իր զեկույցում փորձել է հնարավորինս ներկայացնել քաղաքական գործիչների դատավարությունների ընթացքում տեղի ունեցած անօրինական դրսեւորումները: Արդյունքում փաստաթուղթը բավական խիստ է ստացվել: Երեկ Ա.Հարությունյանը կրկին ասաց, որ զեկույցը պատրաստ է, պարզապես փորձագետները դեռ որոշ շտկումներ ունեն անելու: Մեր տեղեկություններով, սակայն, օմբուդսմենը պարզապես հարմար` հնարավորինս հանգիստ ներքաղաքական պահի է սպասում, որպեսզի զեկույցը մեծ արձագանք կամ հետեւանքներ չունենա: Եվ այդ պահը պետք է որոշեն իշխանությունները: Երեկ նաեւ փորձեցինք օմբուդսմենից պարզել, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ իշխանությունները որոշեին վաղաժամ ազատ արձակել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին` հաշվի առնելով նրա առողջական ծանր վիճակը: Ս. Միքայելյանին բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը դեռեւս 4 օր առաջ էր ասել, թե «հիվանդի վիճակը ստաբիլ կլինի, եթե նա ազատության մեջ լինի»: «Եթե բժիշկը գտնի, որ այդպես է, օրենքը նման հնարավորություն տալիս է: Դա նաեւ բժիշկներից է կախված»,- պատասխանեց Ա.Հարությունյանը: