«Հնարավոր չէ, որ ես որեւէ մեկին հայհոյեմ կամ վիրավորեմ: Չգիտեմ, թե ով է նման բան արել, բայց ով որ արել է` գլուխը պատովն է տվել: Սիրուն բան չէ: Մի քանի տարվա կյանք ունեմ: Այսքան տարի ես միշտ լավ եմ եղել, սիրել եմ իմ Հայաստանը: Ինչպես կարելի է այդ փոքր բանով վարկաբեկել մարդուն: Եթե բռնեցի, քիթը կպոկեմ»,- անդրադառնալով «YouTube» կայքում տեղադրված սկանդալային տեսանյութին, երեկ հայտարարել է օլիմպիական չեմպիոն, մարզիկ Ալբերտ Ազարյանը` վստահեցնելով, թե տեսանյութը «100 տոկոսով մոնտաժված է»: «Վատ վիճակում եմ: Անգամ Ամերիկայից են զանգում ու ասում: Զարմանում եմ, թե ինչու ես պետք է վարկաբեկեմ մեր նախագահին»,- ասել է Ազարյանը` հավելելով, թե այդ տեսանյութով ցանկացել են իրեն վարկաբեկել: «Ինչպե՞ս կարելի է վարկաբեկել այդ տեսակ մարդու (խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է.- խմբ.), ով ամբողջ կյանքը դրել է Հայաստանի համար»,- ասել է նա: Հարցին էլ, թե արդյոք նախագահականից զանգե՞լ են իրեն այդ տեսանյութի համար, Ազարյանը պատասխանել է. «Ոչ»: Ա. Ազարյանի ասելով, «ինչ-որ» մարդիկ այժմ փորձում են պարզել, թե ով է այդ տեսանյութը տեղադրել կայքում, որից հետո ինքը կդիմի դատարան: Ըստ նրա` ինքը չի հիշում, թե ով է իրեն զանգել ու հրավիրել նկարահանումների: Սակայն տարօրինակ է, որ նա նույնիսկ չի հիշում, թե որտեղ են տեղի ունեցել նկարահանումները: