Նույն երգը

12/12/2009

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` կապված ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանի` ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժին կատարած հարցման հետ: Հիշեցնենք, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն.Մուրադխանյանին` խնդրելով պաշտոնապես գրավոր տեղեկացնել, թե համաձայն իր ղեկավարած գերատեսչության տվյալների՝ ՀՀ քաղաքացի Արամ Ռաֆիկի Կարապետյանը երբվանից է հանդիսանում ՀՀ-ում մշտապես բնակվող անձ: Նոյեմբերի 11-ին վերոնշյալ վարչությունից տեղեկացրել են, որ Ա. Կարապետյանի հարցումը գտնվում է ուսումնասիրության փուլում, եւ օրենքով սահմանված ժամկետում պաշտոնական պատասխանը կտրվի: «Նոյեմբերի 30-ի թիվ 25/01-60753 գրությամբ պարոն Մուրադխանյանը փաստորեն հայտնել է, որ իրենց մոտ առկա հիմքերով պարոն Կարապետյանը ՀՀ-ում մշտապես բնակվող է հանդիսանում՝ հիմա էլ 2005թ. մայիսի 18-ից: Եթե փաստենք, որ 2003թ. նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցված Ա. Կարապետյանին հիշյալ վարչությունը տրամադրել էր վերջին 10 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, իսկ 2007թ. ԱԺ ընտրություններին նրա՝ որպես թեկնածուի, գրանցումն իրականացվել էր վերջին 5 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի առկայության արդյունքում, ապա վստահաբար պետք է հայտարարել, որ իշխանությունները հերթական անգամ փորձ են անում ապօրինի հիմքերով թույլ չտալ Ա. Կարապետյանին մասնակցել նախագահական ընտրություններին, ինչպես դա տեղի ունեցավ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է, թե որ քաղաքական գործչից է իրականում սարսափում գործող իշխանությունը: Համոզված ենք, որ այս անգամ իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվելու, եւ նրանց ջանքերը զուր են»,- ասված է հայտարարության մեջ: