«Հյուրիեթ» պարբերականը երեկ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հայտարարություններին: Ըստ թերթի` Գորդոնը ներկա է գտնվել Օբամա-Էրդողան հանդիպման այն հատվածին, որի ժամանակ ներգրավված են եղել նաեւ կողմերի պատվիրակությունները: Թերթի տեղեկացմամբ` Գորդոնը խոսել է Թուրքիային առնչվող երեք առանցքային հարցերի մասին: Դրանք են` 1. Թուրքիան ցանկանում է Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հանդես գալ միջնորդի դերակատարությամբ: Թուրքերը կարծում են, որ միջազգային ատյաններում Իրանի դեմ քվեարկելը անհնար կդարձնի այդ միջնորդական առաքելության իրականացումը: Մենք ասացինք, որ այդ տեսակ դերակատարմանը գոհունակությամբ ենք վերաբերվում: Ասացինք` դուք օգնական եղեք, անհրաժեշտ է, որ Իրանը հասկանա միջազգային հանրության մեսիջները:
2. Աֆղանստան թուրքական լրացուցիչ զորակազմ ուղարկելու ամերիկյան կողմի պահանջի մասին Սպիտակ տանը կայացած առանձնազրույցին չեմ անդրադառնա: Բայց, ըստ էության, Թուրքիան շատ կարեւոր դեր ունի: Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ աֆղանական հարցի մասով գերազանց են: 3. Մենք աջակցում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու ստորագրված արձանագրություններին: Կողմնակից ենք ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացմանը: Սակայն դրանք առանձին գործընթացներ են, եթե երկուսում էլ հաջողություն գրանցվի, ապա պատմական զարգացում կլինի: Արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում: Ցանկանում ենք, որ երկու երկրների իշխանություններն էլ հնարավորինս շուտ վավերացնեն դրանք: Վավերացումը հարկ է, որ լինի առանց նախապայմանների եւ այլ հարցերից անկախ: Նախագահ Օբաման Էրդողանին հենց այդ է բացատրել: Մենք էլ մեր հերթին՝ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել կողմերին: