«ԼՂ հիմնախնդիրն անհնար է արագ կարգավորել, ռազմական ճանապարհով լուծումն էլ, ըստ էության, արագ կարգավորում չի ապահովում»,- ըստ «day.az»-ի՝ ասել է Ռուսաստանի քաղաքական փորձաքննության միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն: Նրա դիտարկմամբ, տարածաշրջանում գոյություն ունեն այնպիսի ստրատեգիական օբյեկտներ, ինչպիսին է, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, որի անվտանգությունը կարեւոր է Արեւմուտքի համար: Արեւմուտքը թույլ չի տա, որ այդ ստրատեգիական օբյեկտների անվտանգությունը խաթարվի: Այդ պատճառով էլ նրանք շահագրգռված են տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն հաստատելու հարցում: Մինչենկոյի համոզմամբ, Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որպեսզի հիմնախնդրի կարգավորումը տեղի ունենա խաղաղ ճանապարհով: Նրա պնդմամբ` Ռուսաստանը դեմ է հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակին եւ ջանքեր է գործադրելու այդպիսի տարբերակը բացառելու նպատակով: Նրա ասելով, Ռուսաստանը տարածաշրջանում առանցքային խաղացողներից մեկն է, բայց նշյալ հիմնախնդրի կարգավորման գործում առանցքային դերերը պատկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Ամենից առաջ, ամեն ինչ կախված է նրանց կողմից դրսեւորված կամքից, իսկ Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը այս հարցում երկրորդական գործոններ են հանդիսանում: