Տարանցիկ ճանապարհ

12/12/2009

Լատվիայի կողմից Շենգենյան պայմանագրի ստորագրումից հետո Ռիգայի օդանավակայանը կարող է դառնալ տարանցիկ կետ Հայաստանի համար դեպի Եվրոպա եւ Սկանդինավյան երկրներ չվերթեր կատարելու համար: Այդ մասին երեկ հայ-լատվիական բիզնես ֆորումի ժամանակ ասել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: «Հայաստանում կա հիանալի ներուժ, ինչից կարելի է փոխհարաբերությունների ամրապնդման համար նոր գաղափարներ քաղել»,- նշել է Զատլերսը: Լատվիայի նախագահի խոսքով` նախօրեին Հայաստանի եւ Լատվիայի միջեւ ստորագրված համաձայնագրերը կարող են նոր խթան հանդիսանալ երկկողմանի հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով Հայաստանում իրենց հետաքրքրությունների շրջանակին` Վալդիս Զատլերսը մատնանշել է փայտամշակումը, էներգետիկան, ֆինանսներն ու զբոսաշրջությունը: Ըստ նրա` Հայաստանում արդյունավետ է հատկապես լատվիական դեղագործական եւ սննդամթերքի ընկերությունների ներկայացուցչությունների գործունեությունը: Բացի այդ, Լատվիան նաեւ շահագրգռված է շինարարության հարցերով: «Լատվիայի շինարարական ընկերությունները փնտրում են նոր գործընկերներ»,- նշել է Զատլերսը` հավելելով, որ այսօրվա դրությամբ գործում է 64 համատեղ հայ-լատվիական ընկերություն: