Ո՞ւմ վրա են ջարդում զինվորի մահվան գործը

12/12/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Կոմունիստների օրոք մարդկանց տանջամահ անելու ու վերացնելու համար ուղարկում էին Սիբիր: Հայաստանում հիմա մարդուն սպանելու համար կարելի է ուղարկել Գեղարքունիքի մարզի դատարան»,- ասում է զինվորի հայրը:

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք 2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան հակասական հանգամանքներին: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` ռադիոռելեային կայանի ալեհավաքի վրա գործողություն կատարելիս Տ. Օհանջանյանը հոսանքի բարձր լարման հետեւանքով էլեկտրահարվել եւ մահացել է, մինչդեռ ինչպես Տիգրանի դիակի՝ բռնության հետքերն ու փորձաքննության արդյունքներն, այնպես էլ` քրեական գործում առկա փաստերը ցույց են տալիս, որ նա ոչ թե էլեկտրահարվել է, այլ զորամասում` վիճաբանության արդյունքում, դաժան խոշտանգումների է ենթարկվել, ապա սպանվել է: «Տղաս սպանվել է դաժանաբար, իսկ մարմնի, մասնավորապես` ոտքի ծանր վնասվածքը եղել է դեպքից օրեր առաջ, ինչը վկայությունն է այն բանի, որ զորամասում հաշվեհարդար է եղել»,- հայտարարում է Տիգրանի հայրը` Սուրեն Օհանջանյանը: Տիգրանի ծնողների ենթադրությունն, ըստ որի` նրանց որդին դաժանաբար սպանվել է, հիմնավորվում է նրա մահվան հանգամանքների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, դեպքի վայրի տեխզննությամբ, էլեկտրատեխնիկական փորձաքննության արդյունքներով, ինչպես նաեւ՝ մահվան իրական պատճառի հակասական փաստարկներով: Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, այսինքն` դեպքից օրեր առաջ նույն զորամասում միջադեպ էր տեղի ունեցել, որի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն, եւ քննության 43 թերթից բաղկացած նյութերի մասին ծանուցելու Ս. Օհանջանյանի խնդրանքները, որպես կանոն, մերժվում են Պաշտպանության նախարարության կողմից: Ս. Օհանջանյանը վստահ է, որ ծառայողական քննության նյութերն ուսումնասիրելու պարագայում կգտնվի տեղի ունեցած միջադեպի եւ Տիգրանի սպանության միջեւ եղած ուղիղ կապը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն, արդեն մեկ տարի է, իրականացնում է Տ. Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի դատավարությունը: Սուրեն Օհանջանյանի հավաստմամբ` գործն անարդարացի քննության է արժանացել ինչպես նախաքննության մարմնում, այնպես էլ` դատաքննության ընթացքում, ինչի արդյունքում ինքը բազմաթիվ բողոք-դիմումներ է ներկայացրել ՀՀ նախագահին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ՀՀ Գլխավոր դատախազին եւ այլոց, սակայն մինչ օրս չի ստացել եւ ոչ մի պատասխան: Նշենք նաեւ, որ այս գործով մեղադրվում են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի թիվ N զորամասի կապի հանգույցի պետ Ռոստոմ Ասատրյանը եւ ռադիոկայանի պատասխանատու, ենթասպա Կարեն Թովմասյանն, ովքեր մինչ այսօր չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, այն է` նրանց անփութության հետեւանքով առաջացած դժբախտ պատահարը: Ս. Օհանջանյանը պնդում է, որ դատարանը մերժում է դատարան հրավիրել գործով այն վկաներին, որոնց ցուցմունքները կնպաստեին գործի անաչառ բացահայտմանը, իսկ դատակոչով դատարան հրավիրված «ընտրյալ» վկաների ցուցմունքները ոչինչ չասող են: «Գործի նախաքննությունը շատ կասկածելի է ընթացել, ինչի համար պատասխանատվություն է կրում Սեւանի կայազորի ավագ դատախազ Գնել Մանուկյանը, որի գործողությունների մեջ հանցանշաններ կան: Մասնավորապես, անհասկանալի է Գ. Մանուկյանի կողմից առգրավմամբ վերցրած տղայիս զինվորական հագուստը, որն առգրավվել է պատառոտված վիճակում, բայց փորձագետներին է փոխանցել որդուս սպանությունից 56 օր հետո, այն էլ՝ բոլորովին նոր վիճակում, առանց վնասվածքների: Նրա կողմից նաեւ առգրավվել է մահվան համար որպես վարկած առաջ քաշված զորամասի կայանի ենթադրվող ձգաձողից հատված-փորձանմուշ եւ կատարված այլ գործողություններ, որոնց արդյունքում տապալվել է իրականում կատարված հանցագործության բացահայտման հնարավորությունը: Այսինքն` վերացվել են բոլոր այն իրեղեն ապացույցները, որոնք հիմք կհանդիսանային սպանության բացահայտման համար»,- ասում է Ս. Օհանջանյանը` նկատելով, որ 1 տարի շարունակ ընթացող դատավարությունը միանշանակ նպատակ ունի պաշտպանել նախաքննության կեղծ «փաստարկները»: Վերջինս հայտարարում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Յուրի Իսկոյանը խորհրդավոր շտապողականությամբ, պատշաճ քննության չառնելով գործով առկա նյութերը` գործն ավարտին հասցնելու միտում ունի: Դատավորը մերժում է փաստաբանների բոլոր միջնորդությունները, այդ թվում` գործով կարեւորագույն վկաներին դատարան կանչելու առաջարկությունները, ինչը վկայում է այն մասին, որ դատարանն, այնուամենայնիվ, շուտով Դատախազության մեղադրանքը պաշտպանող եւ ապացուցող դատավճիռ է արձակելու: Դրա վառ ապացույցը դեկտեմբերի 8-ին դատարանի կողմից նշանակված դատական նիստն է, որի ժամանակ Յու. Իսկոյանը Տիգրանի ծնողներին հասցրել է ուշաթափության: «Դե՛, պատկերացրեք, ամեն անգամ դատավարությանը մասնակցելու համար Երեւանից հասնում ենք Գեղարքունիքի մարզ, բայց խնդիրը ոչ այնքան հեռավորությունն է, որքան մեր դատարանների ողորմելի վիճակը: Էդքան բարեփոխում, բարեփոխում են, բայց դատարանի դահլիճներում նստած մարդիկ, բավական չէ, էդ անարդարությունից սթրեսի մեջ են ընկնում, դեռ ավելին` ցրտահարվում են: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 400քմ հսկայական դահլիճում, բառիս բուն իմաստով, փայտացել էինք: Ջեռուցում չկար, միայն էլեկտրական սալիկ էր միացված, էն էլ` Իսկոյանի ոտքերի տակ: Ես հիպերտոնիկ, հիվանդ, հաշմանդամ մարդ եմ: Էդ ներվային, սթրեսային վիճակից, էդ սարսափելի ցուրտն էլ մի կողմից… վատացա, շնչառությունս չէր հերիքում: Նիստի ժամանակ դատավորին խնդրում ենք ընդմիջել եւ շտապօգնություն կանչել, արդեն ուղեղս մթագնում էր»,- պատմում է Ս. Օհանջանյանը, ում խնդրանքներին ի պատասխան՝ դատավոր Իսկոյանը հրահանգել է շարունակել նիստը: Դահլիճում ներկա գտնվողները տեսնելով վերջինիս ծայրաստիճան վատ վիճակը՝ աղմուկ են բարձրացրել եւ պահանջել են անհապաղ բժիշկ կանչել դատարան: Մինչդեռ տաքուկ «գահին» նստած նախագահող դատավորը սառնասրտորեն արհամարհել է ուշաթափվող մարդուն բուժօգնություն ցուցաբերելու՝ դահլիճում գտնվողների պահանջը եւ հրամայել է չխանգարել դատավարությանը։ «Կինս ասում է՝ շտապօգնություն չեք կանչում, բայց գոնե Սեւանից մի համար տվեք` մենք կանչենք, մենք չգիտենք՝ էստեղ որտե՞ղ դիմենք: Ասում է` չես կարող մասնակցել` դուրս արի դահլիճից, մենք շտապօգնության համար չգիտենք: Չտվեց ու ոչ էլ ընդհատեց դատավարությունը: Հետո մեծ սկանդալ բարձրացավ, մենք զանգահարեցինք Երեւանի շտապօգնություն, որտեղից ասացին, որ չեն կարող մեքենա ուղարկել Սեւան: Համար ճարեցինք, ու էնտեղ բժիշկները եկան մի 40 րոպե հետո»,- պատմում է Ս. Օհանջանյանը` տարակուսելով դատավորի անմարդկային վերաբերմունքից: Շտապօգնության բժշկին՝ Ս. Օհանջանյանին հանգստացնող դեղորայք ներարկելուց հետո, դատավորը կանչել է իր աշխատասենյակ, որտեղ երկար փակվելուց հետո, այնուամենայնիվ, այս դեպքի հետ կապված ոչ մի արձանագրություն չի կազմվել, ինչը պարտավոր էր անել: «Կոմունիստների օրոք մարդկանց տանջամահ անելու ու վերացնելու համար ուղարկում էին Սիբիր: Հայաստանում հիմա մարդուն սպանելու համար կարելի է ուղարկել Գեղարքունիքի մարզի դատարան, որտեղ տանջելու, ինֆարկտի, ցրտահարելու, սառնամանիքի ճանապարհով հասցնում են մահվան»:

Ինչեւէ, Ս. Օհանջանյանն օրերս ծանուցագիր է ստացել, ըստ որի` քրեական գործով ըստ մեղադրանքի Ռ. Ասատրյանի եւ Կ. Թովմասյանի ՀՀ Քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով դատաքննությունը հետաձգվել եւ նշանակվել է լսելու դեկտեմբերի 21-ին: Ծանուցագրում զետեղված հետեւյալ մեկնաբանությունը բավական զավեշտալի է. «Միաժամանակ հայտնվում է, որ դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլ` դատական վիճաբանությունների ունկնդրմանը եւ ամբաստանյալների վերջին խոսքին: Տեղեկացվում է նաեւ, որ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 354 հոդվածի 3-րդ մասի` դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից»: Այլ կերպ ասած` դատավարությունը մոտենում է ավարտին, այն դեպքում, երբ քննության առարկա չեն դարձել իրեղեն ապացույցները, եւ այդպես էլ ուշադրության չեն արժանացել փորձաքննության արդյունքներն, ըստ որոնց` հերքվել են Տիգրանի էլեկտրահարվելու հանգամանքները: Ավելին` հունիսի 23-ին դատարանը կայացրել էր փորձաքննության որոշում` վերաձեւելով նախկինում կայացրած փորձաքննության որոշման պահանջները եւ կարեւոր վավերապայմանները: Տուժող կողմը գտել էր, որ փորձաքննության անցկացումը նպատակահարմար էր կատարել արտաշիրմման եղանակով, այն պայմանով, որ փորձաքննությանը պետք է ներգրավվեր անկախ դատաբժիշկ-փորձագետներ, ինչը կնպաստեր փորձաքննության օբյեկտիվությանը: Դատարանը մերժել է անկախ-փորձագետներին արտաշիրմմանը ներգրավելու միջնորդությունը: Մինչդեռ ՀՀ Առողջապահության նախարարության Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետներին, որոնք պետք է մասնակցեին արտաշիրմմանը, Ս. Օհանջանյանը չի վստահում։ «Անգամ դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ բացահայտ սուտ եզրակացություն էին տվել: Տղայիս ջարդած ատամի մասին ոչինչ չէին արձանագրել, իսկ վերին ատամնաշարի դիմացի ատամներից մեկը, որը տարիներ առաջ էր հանվել` նրանց եզրակացությամբ լիարժեք էր: Գրել էին, որ վերին ատամնաշարից ատամ չի բացակայում, էն դեպքում, երբ դիմացի ատամը բացակայում էր դեռ բանակ գնալուց առաջ»,- ասում է զինվորի հայրը: Այդուհանդերձ, Ս. Օհանջանյանի դիտարկմամբ` նախագահող դատավոր Յու. Իսկոյանը «աչք փակելով» սպանության վարկածն առաջ քաշող բոլոր փաստերի վրա` շուտով ավարտին կհասցնի դատավարությունը, եւ դժբախտ պատահարի ֆոնին կդատապարտվեն երկու` իրենց մեղադրանքը չընդունող անմեղ մարդիկ: