Մենթորությունը` ՀՀ-ում

12/12/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն իր տանը կազմակերպել էր առաջին մենթորական հանդիպումը Հայաստանում, որին հրավիրվել էին 100 մենթորներ եւ Ամերիկյան համալսարանի շուրջ 45 հովանավորյալներ: Աշխարհի տարբեր երկրներում բավական զարգացած է մենթորական ինստիտուտը: Մենթորը, պարզ ասած, խորհրդատու է, որն ունի մասնագիտական ձեռքբերումներ եւ անձնական կենսափորձ, հասարակության շրջանում` որոշակի դիրք: Մենթորն ուղղորդողի դեր է կատարում, որպեսզի ապագա հովանավորյալն այդ փորձը հնարավորինս կարողանա օգտագործել իր ուսումնառության եւ հետագա աշխատանքի ընթացքում: Նկատենք նաեւ, որ մենթորը հովանավորյալին ապագա աշխատանքի ակնկալիքներ չի տալիս: «Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի միջոցառման, եւ բավական մեծ ակնկալիքներ ունեմ», – ասաց Ամերիկյան համալսարանի ուսանողուհիներից Մերի Օհանյանը, ով արդեն գտել էր իր մենթորին` Կարինե Հակոբյանին: Վերջինս էլ արդեն հասցրել էր որոշ խորհուրդներ տալ իր հովանավորյալին: «Գիտեք, ոչ միայն մենթորն է խորհուրդներ տալիս, այլեւ նա կարող է սովորել իր հովանավորյալից: Դեռ 10 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկին կարող եմ խորհուրդներ տալ, բայց որոշակի ճանապարհ անցնելուց հետո սկսում ես վերլուծություններ ու եզրակացություն անել»,- նշեց «Բարեփոխում» հ/կ նախագահ Կարինե Հակոբյանը: «Տիկին Հակոբյանն ինձ խորհուրդ տվեց` նախ` լինել սկզբունքային, եւ երկրորդ` համատեղել կարիերան եւ անձնական կյանքը: Ես արդեն նշանվել եմ, եւ կհետեւեմ իմ մենթորի խորհրդին»,- ասաց Մերին` շարունակելով զրուցել իր մենթորի հետ: Ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Լուսիկ Դանիելյանը կարեւորեց մենթորության ծրագրի մեկնարկը ՀՀ-ում: «Ես շատ ոգեւորված եմ, որ Հայաստանում առաջինը կարող եմ աջակցել կանանց մենթորական ծրագրին, ինչի մասին ես խոսում եմ Հայաստան գալուց ի վեր: Դա կարող են փաստել իմ աշխատակիցները: Մենթորությունն ինձ համար կարեւոր է, քանի որ ես ինքս խորհուրդներ եմ քաղել տաղանդավոր կանանցից: Կյանքում հաջողության հասած մարդիկ կարող են օգնել մյուսներին: Միայն թե մենթորությունը պետք է դրվի պաշտոնական հիմքերի վրա»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչը: