Կինովավերագրողներ կան, կինոն է քիչ

12/12/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Մեկ ամիս առաջ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը վերջին տարիներին արտադրված հայկական ֆիլմերի դիտում էր նախաձեռնել, որին հաջորդեց քննարկումը: Ինչպես նշեց կինոգետ Սուրեն Հասմիկյանը` այդ քննարկման ընթացքում չկայացավ ամենակարեւորը` տեղի չունեցավ ռեժիսորների, քննադատների ու լրագրողների դիալոգը: Այժմ հերթը հասավ վավերագրական կինոյին:

Մի առանձին աշխարհի, որը միաժամանակ եւ կա, եւ չկա, եւ որտեղ բազմաբնույթ խնդիրներ են գոյացել: Պետք է նշել, որ հատուկ դիտումների ժամանակ դահլիճում սովորաբար 4-7 մարդ է եղել (նույն մարդիկ), իսկ դա արդեն փաստում է, որ արտադրվող ֆիլմերի քանակն ուղիղ համեմատական է հանդիսատեսի քանակի հետ: Այսինքն, մեկ դիտողին բաժին է ընկնում մեկ ֆիլմ, եւ 30 վավերագրական ֆիլմերի կարիքը 30 մարդ է զգացել: Ինչո՞ւ է այդպես ստացվել: Ռեժիսորները կարծում են, որ հանդիսատեսն է «մանրացել» ու չի ուզում արվեստ դիտել, իսկ հանդիսատեսը կարծում է, որ ոչ մի նոր բան չի տեսնի, եւ գերադասում է հրաժարվել կինոդիտումներից:

ՀՀ-ում կիլոմետրերով ու կիլոգրամներով վավերագրական ֆիլմեր կան, որոնցից շատերը չունեն ոչ հստակ հասցեատեր, ոչ էլ` հստակ ֆորմա: Խոսքն, իհարկե, պետբյուջեի գումարներով նկարահանված ֆիլմերի մասին է, քանի որ պետական վավերագրությանը զուգահեռ` դոկումենտալ ֆիլմեր են ստեղծվում նաեւ գրանտային ճանապարհով, եւ այդ դեպքում առավել քան ակնառու է դրանց նպատակն ու «սպառումը»:

Փոխվել է մեզ շրջապատող աշխարհը, որն ավելի արագ ռիթմով է առաջ ընթանում, եւ վավերագրական կինոյի այն մոդելը, որը ձեւավորվել է խորհրդային տարիների ընթացքում` արդեն չի գործում: Նախկինում «բաց» դոկումենտի հետ աշխատել չէր կարելի, քանի որ ցենզուրայի գործոնը կար: Եվ անցյալի լավագույն վավերագրողները ներմուծեցին դոկումենտի մեջ տողատակը, որը ռեժիսորներին հաճախ դեպի պոետիկա էր տանում (դրա լավագույն օրինակը Արտավազդ Փելեշյանն է): Հիմա դե յուրե ցենզուրա չկա, սակայն վավերագրական կինոն ավելի ու ավելի քիչ է հիմնվում փաստերի վրա, եւ ավելի ու ավելի սակավ է անդրադառնում այսօրվա ժամանակին: Վավերագրությունը արխիվային նյութի սթափ ներկայացման եւ արվեստի գործ ստեղծելու ցանկության արանքում է տատանվում: Արվե՞ստ, թե՞ քրոնիկա: Այդ երկուսի չափաբաժինը յուրաքանչյուր ռեժիսոր ինքնուրույն է որոշում: Եթե, իհարկե, իր առջեւ կոնկրետ նպատակը կամ հասարակությանը ուղղված ուղերձն է դնում:

Որպես հանդիսատես, մենք վավերագրական կինոյից առաջին հերթին փաստ ենք ակնկալում, նաեւ` ուզում ենք տեսնել այդ փաստը ներկայացնող մարդու դիրքորոշումը: Եվ, որպես կանոն, ժամանակակից վավերագրության մեջ եւ փաստի ամբողջականությունը, եւ հեղինակի դիրքորոշումը չենք գտնում: Տեսնում ենք միայն աբստրակցիա: Երիտասարդ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկատում է, որ վավերագրությունը հաճախ վերածվում է սլայդ-շոուի, գեղեցիկ կադրերով համեմված բանաստեղծություն է կարդացվում, եւ դա համարվում է ֆիլմ: Ս.Հասմիկյանի դիտարկմամբ` այսօր շատ ֆիլմեր հիշեցնում են զեկույցներ կամ էլ հեռուստառեպորտաժներ: «Ես ուզում եմ այսօրվա ֆիլմերում ավելի շատ պրոբլեմատիկ թեմաներ տեսնել»,- նկատում է նա` հիշեցնելով, որ վավերագրական կինոյի արժեքը հենց հավաստի, «կենդանի», եւ ոչ թե շքեղ բեմականացված կադրերն են:

Վավերագրական ֆիլմերի հիմքում իրականությունն է, որը խելքից դուրս խնդրահարույց հարցերով է լի: Կինոգետ Էմանուել Մանուկյանի դիտարկմամբ` վավերագրությունը կյանքի օբյեկտիվ վերարտադրությունն է, որը չի կարող զերծ լինել ոչ ժամանակի պահանջարկից, ոչ էլ ժամանակի ճնշումից: Փաստը մնում է փաստ. ժամանակակից հայկական վավերագրությունը (պետական) խուսափում է ներկա ժամանակից (միգուցե չի հասկանում պահանջարկը, կամ էլ վախենում է սպասվելիք ճնշումներից), ավելի շուտ ձգտելով «անշառ» ազգային թեմատիկային անդրադառնալ, կամ էլ վավերագրությունը դիտարկելով որպես էքսպերիմենտների դաշտ: Եվ կարելի է նշել, որ այսօրվա հայկական կինոն հիմնականում 2 ուղղություն ունի` կամ վեհաշուք պատմական ակնարկներ ու կարկառուն հայերի դիմանկարներ է նկարահանում (որոնց կինոլեզուն հիշեցնում է խորհրդային պրոպագանդան), կամ պոետիկ էքսպերիմենտներ է փորձում անել ու դրանք անվանում է հեղինակային, արտհաուսային վավերագրություն (ինչը պարադոքս է, քանի որ ստացվում է, որ հանդիսատեսի արձագանքը բանի տեղ չի դրվում): Այս միտումը նկատվում է «Հայկ» կինոստուդիայի (այսինքն` պետական կառույցի աշխատաոճում) եւ որքան էլ փորձենք լավատես լինել` իրեն չի արդարացնում:

Էքսպերիմենտները, որպես կանոն, շինծու են, իսկ ազգային հպարտությունը շարժող միտում ունեցող ֆիլմերը` ողորմելի: Նման ձախողման օրինակը կրթական բնույթ ունեցող պատմական ակնարկներն են (Գառնի, Գեղարդ, այլ տաճարներ), որոնք ուղղված են երեխաներին, բայց իրենց ֆորմայով այնքան են վանում երիտասարդներին, որ նույնիսկ հակադաստիարակչական քայլ են դիտվում: Սխալ լեզուն ու նյութի քարոզային մատուցումը թույլ չեն տալիս երեխային բացահայտել սեփական հողի գաղտնիքները: Եթե լուսավորությունը քարոզն է, ավելի լավ է ուղղակի չանել այն: Իսկ եթե էքսպերիմենտը ինքնանպատակ է, ապա ֆիլմը չի կարող վավերագրական համարվել: Եվ այս կետում ծագում է հիմնական պրոբլեմը` ո՞ւմ համար են այդ ֆիլմերը ստեղծվում: Այսօրվա հայ երեխայի՞, թե՞ ընդհանրապես վերացական մի երեխայի մասին (որը ոչ ինտերնետի մասին գիտե, ոչ էլ կլիպերի ռիթմին է սովոր): Իսկ եթե պատմական ակնարկ է արվում, արդյո՞ք պետք չէ նախատեսել, որ այսօրվա հայը շատ լավ գիտե, որ փոխվել են մեր ժամանակի հերոսները, եւ դրանք բնավ էլ Վիկտոր Համբարձումյանի նման մարդիկ չեն: Եվ ինչ էլ որ ուզում ես շեշտադրել, պետք է այսօրվա դիտանկյունից նայել: Այսօրը պետությունը չի կարող արտացոլել, այդ պատճառով էլ գերադասում է խոսել անցյալից: Եվ անհասցե ֆիլմեր է ստեղծում, քանի որ չի պատկերացնում, թե ում են դրանք ուղղված:

Պատվիրատուներն եւ հասցեատերերը

Ո՞վ է վավերագրական ֆիլմերի պատվիրատուն: Եթե այս հարցը հստակ պատասխան չունի, ուրեմն ֆիլմը չի ստացվի, եւ որքան էլ պրոֆեսիոնալ հեղինակ ունենա, չի հասկացվի, թե ո՞ւմ է այն հասցեագրված եւ ինչպիսի՞ տարածման մեխանիզմներ պետք է ունենա (հեռուստաէկրան, կինոդահլիճ, փառատոներ, DVD-ներ): Վավերագրական ֆիլմերի լավագույն պատվիրատուն, իհարկե, հասարակությունն է: Երբ կան խնդիրներ, ապա որեւէ հ/կ դրանց անդրադառնում է ֆիլմի տեսքով, որը տարածելով` խնդիրը կամ իրադարձությունը հանրամատչելի է դարձնում եւ զրույցի մեկնարկն է ազդարարում: Նման կերպ վարվեցին, օրինակ, էկոլոգները, որոնց պատվերով էլ ստեղծվեց էկոլոգիական ու համամարդկային հարցեր արծարծող «Թեղուտ. Զավակների հացը» ֆիլմը (այն «մաքուր» վավերագրություն է, որը ներկայացնում է փաստերը եւ դրդում մարդկանց խորհել ապագայի մասին): Պատվիրատուն կարող է լինել հեռուստաընկերությունը, քանի որ վավերագրական ֆիլմերը հազվադեպ են մեծ էկրան բարձրանում, իսկ հեռուստաէկրանին բավականին «հարմարավետ» են ու իրենց տեղին են զգում: Սակայն մեր իրականության մեջ դա հնարավոր չէ, արդիական թեմաները կամ խնդիրները հազվադեպ են հանրային հնչեղություն ստանում, իսկ հեռուստատեսությունը ռիսկային է համարում ֆիլմի ստեղծումը` գերադասելով ավելի քիչ ծախսերով հաղորդումներ ու շոուներ անել: Եվ ստացվում է, որ դոկումենտալ ֆիլմերը կամ պետությունն է պատվիրում, կամ էլ միջազգային կառույցները: Եթե պատվիրատուն պետությունն է, ապա պետք է ենթադրել, որ ֆիլմերը լուսավորչական, ճանաչողական նպատակ պետք է ունենան ու լայնորեն ցուցադրվեն էկրաններին: Եթե դա չի արվում, ուրեմն ստացվում է, որ պետությունը շեշտադրումը դնում է հավաքագրման վրա: Այսինքն` հավաքագրում է այսօրվա դեպքերն ու այսօրվա հերոսներին` թույլ տալով, որ ապագա սերունդը դատարկ էջեր չտեսնի ու տեղեկատվական բազա ունենա: Ինչպես հուզմունքով ասաց Ր.Մովսիսյանը` ապագա Փելեշյանների համար ինֆորմացիա պետք է թողնենք: Արդյո՞ք դա է պետության նպատակը: Դժվար է ասել, քանի որ պետությունը հստակ չի ձեւակերպել այն սկզբունքը, որով ուղղորդվում է՝ այս կամ այն ֆիլմը պատվիրելով:

Եվ երբ «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Գեւորգյանցը ասում է, որ ֆիլմերի հեղինակները աշխատում են պատմության համար, դա նույնն է թե՝ ոչ մեկի համար: Վավերագրական կինոն եւ կինոլեզվի, եւ թեմաների ընտրությունը կատարելիս` անպայման պետք է արձագանքի հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Վավերագրական կինոն վերացական չէ, այն փաստին գումարում է այսօրվա դիտարկումը: Ս.Հասմիկյանը նկատում է, որ երբ խոսքը գնում է մեր ժամանակի մասին, ռեժիսորները գերադասում են հեղինակային կարծիք արտահայտելուց զերծ մնալ: Եվ միեւնույն ժամանակ չեն ներկայացնում փաստի ամբողջականությունը: Ամեն դեպքում այդ զրույցը շարունակության կարիք ունի: Եվ մենք այն կշարունակենք` ներկայացնելով տարբեր տեսանկյուններ: Ռ.Գեւորգյանցի հորդորի համաձայն` կլինենք օբյեկտիվ: Այնպիսին, ինչպիսին մեր վավերագրությունն է: