ՀՀ Ոստիկանությունը Ամանորի նախաշեմին քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն եւ ուշադիր, քանի որ հենց այս ժամանակահատվածում են ավելանում գողության դեպքերը: «Բնակարաններն ու օժանդակ կառույցներն ապահովեք անվտանգության համակարգերով: Ուշադիր եղեք շրջակայքում կասկածելի անձանց հայտնվելու պարագայում եւ անհրաժեշտության դեպքում մի հապաղեք դիմել Ոստիկանություն: Փորձը ցույց է տալիս, որ հատկապես նախաամանորյա ժամանակահատվածում ակտիվանում են գողության, մասնավորապես` անասնագողության դեպքերը»,- ասված է ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը գյուղական համայնքների ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս ձեռնարկել բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները, համայնքների ղեկավարներին` համապատասխան փաստաթղթերով պարտադիր վավերացնել վաճառքի հանվող մսամթերքի օրինականությունը, վաճառակետերի պատասխանատուներին` կասկածելի ծագումով մթերք ստանալու դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին: