Երեկ ՀՀ ԱԺ-ն փակ-գաղտնի քվեարկությամբ ՀՌԱՀ անդամների 4 թափուր տեղերի համար ընտրեց «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանին, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արմեն Մկրտչյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանին եւ Հարկային ծառայության պետի նախկին տեղակալ Արամ Մելքոնյանին: Մեր թերթի նախորդ համարում արդեն տեղեկացրել էինք, որ թեեւ քվեարկությունը փակ-գաղտնի պետք է տեղի ունենար, բայցեւ, ըստ ԱԺ կուլիսային խոսակցությունների, ՀՀ նախագահական նստավայրում նախօրոք որոշվել եւ կոալիցիայի պատգամավորներին հրահանգվել էր, որպեսզի ընտրվեն հենց այս չորս թեկնածուները: Հիշեցնենք, որ նրանցից բացի, կային եւս երեք թեկնածուներ` «Ստերեո ստուդիայի» հիմնադիր Կարեն Վարդանյանը, լրագրող Գոհար Արշակյանը եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Գեւորգ Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ Կ.Առաքելյանին, ՀՌԱՀ անդամ դառնալուց բացի, իշխանությունները այլ աշխատանք էլ են խոստացել: ՀՌԱՀ անդամությունն այլ աշխատանքի հետ համատեղելը չի արգելվում: